ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ՀՀ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏԻ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ (IRZ)՝ ՄԱՐԶԵՐՈՒՄ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՀԱՄԱՏԵՂ ԾՐԱԳԻՐԸ
13.09.2016 17:512016 թվականի սեպտեմբերին Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամը (IRZ) և Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատը մեկնարկել են համատեղ ծրագիր, որի շրջանակներում նախատեսվում է շարունակական վերապատրաստման դասընթացներ անցկացնել մարզերի փաստաբանների համար:
Նշված նախաձեռնության շրջանակներում առաջին վերապատրաստման դասընթացները «Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիա» թեմայով Շիրակի, Լոռու, Տավուշի և Գեղարքունիքի մարզի փաստաբանների համար անցկացվեցին 2016 թվականի սեպտեմբերի 10-ին, 12-ին և 13-ին՝ Գյումրի և Դիլիջան քաղաքներում:
Վերապատրաստման դասընթացները վարել են Մյունխենից հրավիրված փորձագետ՝ փաստաբան, դոկտոր Թոմաս Նափերթը և տեղացի փորձագետ՝ փաստաբան Տիգրան Սաֆարյանը:
Դասընթացներին դոկտոր Նափերթը ներկայացրել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի մասին ընդհանուր տեղեկությունները' կառուցվածքային և կազմակերպական առանձնահատկությունները և դատարանում գործերի քննության առանձնահատկությունները:
Թոմաս Նափերթը փաստաբաններին ներկայացրել է նաև Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 5-րդ, 6-րդ և 6 (3) հոդվածների վերաբերյալ ՄԻԵԴ նախադեպային պրակտիկան, ինչպես նաև փաստաբանների հետ քննարկել է նշված նորմերի վերաբերյալ իրավիճակային խնդիրներ:
Փաստաբան Տիգրան Սաֆարյանը խոսել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ընդդեմ Հայաստանի քննվող գործերի մասին՝ ներկայացնելով դրանց քննության վերաբերյալ վիճակագրական տվյալները, ինչպես նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչության գործունեության առանձնահատկությունները:
Վերապատրաստման երեք դասընթացներին մասնակցել են Շիրակի, Լոռու, Տավուշի և Գեղարքունիքի մարզերի ութսուներկու փաստաբան:
Նշենք նաև, որ ՀՀ փաստաբանների պալատի և Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի (IRZ) ակտիվ համագործակցությունը սկսել է 2014 թվականից: Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամը (IRZ) ստեղծվել է 1992 թվականին Գերմանիայի արդարադատության նախարարության նախաձեռնությամբ՝ որպես եվրոպական և հետխորհրդային պետություններին իրավական հարցերով փորձագիտական խորհրդատվություն տրամադրող կառույց: Ներկայումս Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամը (IRZ) հայաստանյան ծրագրի շրջանակներում աջակցություն է տրամադրում երկու ուղղություններով՝ օրենսդրության զարգացման և կատարելագործման, ինչպես նաև իրավական ոլորտի տարբեր շահառուների (դատավորներ, փաստաբաններ, նոտարներ, ԲՈՒՀ-երի իրավաբանական ֆակուլտետների դասախոսական կազմ և ուսանողներ, ինչպես նաև այլ ոլորտներում գործունեություն իրականացնող երիտասարդ իրավաբաններ) համար գերմանացի փորձագետների միջոցով որակավորման բարձրացման դասընթացներ կազմակերպելու ուղղություններով:
Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամը (IRZ) 22.08.2016 թվականին ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի կողմից մեկ տարի ժամկետով հավատարմագրվել է նաև որպես փաստաբանների վերապատրաստում իրականացնող կազմակերպություն:
Առաջարկվող նորություններ
Բեռնել
Վերադառնալ