ՀՀ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏԸ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՐԺԱՆԱՑԵԼ Է ՄՐՑԱՆԱԿԻ
09.12.2014 18:27ՀՀ փաստաբանների պալատը այսօր՝ դեկտեմբերի 9-ին, հակակոռուպցիոն միջազգային օրվա կապակցությամբ արժանացել է ՙՏարվա քաղաքացիական հասարակության կազմակերպություն՚ մրցանակի, որը սահմանվել է Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի և քաղաքացիական հասարակության ինստիտուտների հակակոռուպցիոն կոալիցիայի կողմից: Միջոցառման կազմակերպիչները՝ Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան, Ինֆորմացիայի ազատության կենտրոնը, մրցանակը սահմանել են փաստաբանների իրավունքների պաշտպանության հարցում սկզբունքային դիրքորոշում և գործելակերպ ցուցաբերելու համար:
Մրցանակը ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանին է հանձնել Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի ղեկավար Կարեն Զադոյանը:
Շնորհակալություն հայտնելով կազմակերպիչներին Պալատի աշխատանքը գնահատելու համար՝ Պալատի նախագահ Արա Զոհրաբյանը հայտնել է, որ,-ՙՓաստաբանների պալատը, իրոք, հակակոռուպցիոն մարտավարություն է իրականացնում, մենք ոչ միայն փաստաբանների հետ աշխատանքներում ենք այդ կոչերն անում, այլ նաև փաստաբանների դպրոցում ունկնդիրների սովորելու ընթացքում ենք փորձում դա ներդնել նրանց գիտակցության մեջ»:
Մրցանակները սահմանված էին 3 անվանակարգերում' տարվա քաղաքացի, լրագրող և քաղաքացիական հասարակության կազմակերպություն: Խախտված իրավունքների պաշտպանության հարցում սկզբունքային դիրքորոշում և գործելակերպ ցուցաբերելու համար տարվա քաղաքացի մրցանակին է արժանացել Հրաչյա Ավետիսյանը, տարվա լրագրող անվանակարգում մրցանակը հանձնվել է ՙԱրմնյուզ՚ հեռուստաընկերության ՙռևիզոր՚ նախագծի թիմին:
Միջոցառման ընթացքում ներկայացվել են հակակոռուպցիոն տեսաֆիլմեր, որոնք առնչվել են մրցանակակիրների հակակոռուպցիոն գործունեությանը:
Նշենք, որ ծրագիրը ֆինանսավորվել է Եվրոպական միության կողմից:
Բեռնել
Վերադառնալ