ՀՀ Փաստաբանների Պալատ

ԻՐԱՎԱՍՈՒ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՐՁԱԳԱՆՔԵԼ ԵՆ ԶՈՐԱՀԱՎԱՔԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՀԱՐՑՈՎ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏԻ ՀԱՐՑՄԱՆԸ

08.10.2020 16:50

Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատը 2020թ. հոկտեմբերի 1-ին պաշտոնական պարզաբանում ստանալու նպատակով ՀՀ պաշտպանության և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարներին ներկայացրել է դիմում, որով բարձրացվել է այն հարցը թե արդյո՞ք Հայաստանի Հանրապետությունում ռազմական դրություն հայտարարելու մասին ՀՀ կառավարության 27.09.2020թ. թիվ 1586-Ն որոշման Հավելվածի 1-ին կետով հայտարարված ընդհանուր զորահավաքի շրջանակներում հավաքագրված և ռազմական գործողություններին մասնակցելու համար Հայաստանի կամ Արցախի Հանրապետության սահմաններ ուղարկված աշխատող տղամարդկանց աշխատավարձը ռազմական գործողությունների ամբողջ ժամանակահատվածի համար վճարելու է Հայաստանի Հանրապետությունը, թե՞ ոչ:

Դիմումով ՀՀ փաստաբանների պալատը ներկայացրել էր իր մեկնաբանություններն առաջադրվող հարցի վերաբերյալ:

ՀՀ փաստաբանների պալատի հարցմանն իր պատասխան ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ նախատեսվում է ՀՀ ազգային ժողովին ներկայացնել ՀՀ աշխատանքային օրենսգրքում (124-րդ հոդվածում) փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագիծ, որի համաձայն զորահավաքային զորակոչի կանչված քաղաքացու աշխատատեղը պահպանվում է նրա զորահավաքային զինվորական ծառայության ամբողջ ժամանակահատվածում, իսկ վարձատրությունն իրականացվում է օրենքով կամ կողմերի համաձայնությամբ կամ կոլեկտիվ պայմանագրով սահմանված կարգով:

ՀՀ պաշտպանության նախարարությունը միաժամանակ հայտնել է, որ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 61-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ զորահավաքային զորակոչի միջոցով ծառայություն անցնող զինծառայողների վրա տարածվում և նրանց հաշվարկվում է պայմանագրային զինծառայողների համար սահմանված դրամական ապահովությունը:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը նույնպես տեղեկացրել է ՀՀ աշխատանքային օրենսգրքի համապատասխան փոփոխությունների նախագծի մասին և հայտնել, որ մինչ փոփոխությունները գործում է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 60-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված նորմի՝ ՀՀ փաստաբանների պալատի դիմումով ներկայացրած անալոգիան, այն է՝ ծանուցագրեր ստացած և ռազմական գործողություններին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության և Արցախի սահման մեկնած աշխատող տղամարդիկ՝ պահեստազորայիններն օգտվում են պետական կամ հասարակական պարտականությունների կատարման համար սահմանված արձակուրդից, իսկ այս արձակուրդի ընթացքում ստանում են իրենց աշխատավարձի չափով վարձատրություն Հայաստանի Հանրապետությունից:

Բեռնել ՀՀ փաստաբանների պալատի 01.10.2020թ. դիմումը.

Բեռնել ՀՀ պաշտպանության նախարարության գրությունը.

Բեռնել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության գրությունը.



Առաջարկվող նորություններ


Բեռնել

Վերադառնալ