ԳԵՐՄԱՆԻԱՅԻՑ ՀՐԱՎԻՐՎԱԾ ՓԱՍՏԱԲԱՆԸ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻՆ
14.12.2017 17:57Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատը Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի (IRZ) հետ համատեղ 2017 թվականի դեկտեմբերի 12-ին և 13-ին փաստաբանների համար կազմակերպել էր վերապատրաստման դասընթաց՝ Փաստաբանների վարքագծի կանոնների (փաստաբանների մասնագիտական իրավունքի) վերաբերյալ:
Վերապատրաստման դասընթացը վարել է փաստաբան, Գերմանիայի Թուրինգիա քաղաքի փաստաբանների պալատի նախագահ՝ Յան Հելգե Քեսթելը:
Վերապատրաստման ընթացքում պարոն Քեսթելը ներկայացրել է Գերմանիայի արդարադատության համակարգը, ինչպես նաև Գերմանիայի փաստաբանության հիմունքները:
Պարոն Քեսթելը հայ փաստաբաններին ներկայացրել է նաև փաստաբանների և վստահորդների, փաստաբանների և դատարանների փոխհարաբերությունների վերաբերյալ Գերմանիայում գործող կարգավորումները, ինչպես նաև խոսել է Գերմանիայում փաստաբանների հոնորարների ձևավորման և վճարման հետ կապված հարցերից և փաստաբանի առօրյա աշխատանքում կիրառվող տեղեկատվական տեխնոլոգիաներից և համակարգչային ծրագրերից:
IRZ-ի հետ համատեղ իրականացվող դասընթացի կապակցությամբ ՀՀ փաստաբանների պալատում հյուրընկալվել էին նաև IRZ-ի ծրագրերի մենեջեր՝ Ամալիա Վուքերթը, ով ժամանել էր Գերմանիայից և Հայաստանում IRZ-ի ծրագրերի համակարգող Նելլի Թումասյանը:
Դասընթացն ինտերակտիվ քննարկման է վերածվել, քանի որ հայ փաստաբանները մի շարք հարցեր են ուղղել փորձագետին:
2017 թվականի դեկտեմբերի 13-ին, վերապատրաստման դասընթացի ավարտին, ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը շնորհակալություն է հայտնել պարոն Քեսթլերին և տինին Վուքերթին և նրանց նվիրել է ՀՀ փաստաբանների պալատի կրծքանշաններ և ՀՀ փաստաբանների պալատի տարբերանշանով հուշանվեր ժամացույցներ:
Նշենք, որ 2014 թվականից սկսած ՀՀ փաստաբանների պալատի և Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի միջև սերտ համագործակցություն է ձևավորվել և յուրաքանչյուր տարի երկու կառույցները համատեղ ծրագրեր են իրականացնում: 2014 թվականին հիմնադրամի հրավերով 5 փաստաբան, այդ թվում՝ խորհրդի անդամներ հնարավորություն են ունեցել փորձի փոխանակման այցով հյուրընկալվել Գերմանիայում, իսկ 2015 թվականին հիմնադրամի հետ համագործակցության արդյունքում փաստաբանների պալատ էին այցելել Գերմանիայի փաստաբանների դաշնային պալատի գործադիր տնօրեն Վերոնիկա Հորերը, ով ներկայումս զբաղեցնում է նույն պալատի նախագահի պաշտոնը և Համբուրգի փաստաբանների պալատի նախագահ, Գերմանիայի փաստաբանների դաշնային պալատի փոխնախագահ՝ Օթման Քուրին: 2016 թվականի աշնանը հիմնադրամի հետ համատեղ իրականացվել է Հայաստանի մարզերում բնակվող փաստաբանների վերապատրաստման ծրագիրը: Հիմնադրամի կողմից հրավիրված փորձագետը Շիրակի, Լոռու, Տավուշի և Գեղարքունիքի մարզերի փաստաբանների համար վերապատրաստման դասընթաց է վարել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային պրակտիկայի հետ կապված:
ՀՀ փաստաբանները պալատը և IRZ-ը ծրագրում են շարունակել համագործակցությունը և համատեղ միջոցառումներ իրականացնել նաև հետագայում:
Առաջարկվող նորություններ
Բեռնել
Վերադառնալ