ՀՀ Փաստաբանների Պալատ

ԱՆՑ Է ԿԱՑՎԵԼ «ՄԻԵԴ ՎԵՐՋԻՆ ՎՃԻՌՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԹԵՄԱՅՈՎ ՕՆԼԱՅՆ ԿՈՆՖԵՐԱՆՍ

16.12.2016 15:22

ԱՆՑ Է ԿԱՑՎԵԼ «ՄԻԵԴ ՎԵՐՋԻՆ ՎՃԻՌՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԹԵՄԱՅՈՎ  ՕՆԼԱՅՆ ԿՈՆՖԵՐԱՆՍ

ՀՀ փաստաբանների պալատում դեկտեմբերի 15-ին Եվրոպայի խորհրդի հետ համագործակցության շրջանակներում անց է կացվել «ՄԻԵԴ վերջին վճիռները Հայաստանի Հանրապետության վերաբերյալ» թեմայով օնլայն կոնֆերանս: Ստրասբուրգից վիդեո-կոնֆերանսը վարել են Եվրոպայի խորհրդի փորձագետներ Արևիկ Ստեփանյանը և Վիկտորիա Չերնիչուկը:

 Կոնֆերանսի առաջին մասում ներկայացվել է ՄԻԵԴ-ում Հայաստանին առնչվող գործերի վիճակագրությունն ու ընթացքը: Քննարկվել են դատական պրակտիկայի հետագա զարգացման հարցում Հայաստանի դեմ կայացված վճիռների նշանակությունը: Ինտերակտիվ հարցուպատասխանի միջոցով մտքեր են փոխանակվել բարոյական վնասի հատուցմանն առնչվող ՄԻԵԴ պրակտիկայի հաճախ հանդիպող օրինակների, ինչպես նաև՝ արդարացի փոխհատուցման վերաբերյալ: Փաստաբաններին հետաքրքրել է ՄԻԵԴ դիմելու ժամկետների հաշվարկին առնչվող առանձնահատկությունները՝ որոշակիության սկզբունքի խախտման պարագայում:

Վիդեոկոնֆերանսի երկրորդ մասում հիմնականում անդրադարձ է եղել արդար դատաքննությանն առնչվող խնդիրներին, մասնավորապես՝ ազգային դատարանների կողմից առավել հաճախ հանդիպող խախտումներին և այդ ուղղությամբ ՄԻԵԴ պրակտիկայի զարգացումներին: Կոնֆերանսի մասնակիցները հարցեր են ուղղել նաև վկայի բացակայությունը հարգելի դիտարկելու, դատավճիռը միայն բացակայող վկայի ցուցմունքներով հիմնավորելու և հավասարակշռող փաստերի համաչափությունը դիտարկելու ՄԻԵԴ մոտեցումների մասին: Քննարկվել են նաև վկայի հարցաքննության և առերես հարցաքննության ընթացքում առաջացող խախտումներին առնչվող մի շարք հարցեր:



Բեռնել

Վերադառնալ