ՀԱՍՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ՓԱՍՏԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ 150 ԱՄՅԱԿԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻՆ
04.10.2016 16:35Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը և Փաստաբանական դպրոցի տնօրեն Սիմոն Բաբայանը Մոսկվայում մասնակցել են Ռուսաստանի Դաշնության փաստաբանության ինստիտուտի ձևավորման 150 ամյակին նվիրված միջոցառումներին:
Հոբելյանական միջոցառումների շրջանակում սեպտեմբերի 30-ին 9 երկրի՝ Ռուսաստան, Բելառուս, Վրաստան, Ղազախստան, Ղրղզստան, Լատվիա, Լիտվա, Ուզբեկստան, Հայաստան փաստաբանական համայնքների ներկայացուցիչները պայմանավորվել են համագործակցության հնարավոր ուղղությունների շուրջ, ինչպես նաև քննարկել են քրեական գործերով դատավարություններին մասնակցող փաստաբանների գործունեության ստանդարտացման հնարավորությունը:
Կլոր սեղան-քննարկմանը Ռուսաստանի Դաշնության փաստաբանների պալատի նախագահ Յուրի Պիլիպենկոն կարևորել է արտերկրյա գործընկերների փորձը՝ նշելով, որ հատկապես հետխորհրդային երկրների փաստաբանների համար առավել առաջնահերթ է խորացնել ոլորտային համագործակցությունը, քանի որ միևնույն անցյալով պայմանավորված հաճախ են բախվում նույնաբնույթ խնդիրների: Այս իմաստով միասնական լուծումներ գտնելն առավել արդյունավետ և փոխշահավետ գործընթաց է համարել:
Նա տեղեկացրել է ներկաներին, որ Ռուսաստանի փաստաբանական համայնքի համար արդիական խնդիր է քրեական դատավարությանը փաստաբանի մասնակցության կանոնակարգումը՝ նշելով, որ Դաշնությունում գործող փաստաբանների 70 տոկոսը քրեական գործերով են մասնագիտացած: Միաժամանակ վերջինս տեղեկացրել է, որ ռուսաստանյան որոշ փաստաբաններ առաջարկել են նշված կանոնակարգումն իրականացնել քրեական գործերով հանդես եկող փաստաբանի գործունեությունը ստանդարտացնելու միջոցով և մասնակիցների դատին է հանձնվել ստանդարտի նախագիծը: Ըստ առաջարկվող ստանդարտի, քրեական գործով փաստաբանը պարտավոր է իրականացնել որոշակի ծավալով գործողություններ։
Մասնագիտական քննարկումների արդյունքում հնչել են տարբեր տեսակետներ:
Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի ներկայացուցիչները բացասական դիրքորոշում են հայտնել փաստաբանական գործունեության ստանդարտացման վերաբերյալ՝ նշելով, որ յուրաքանչյուր քրեական գործ յուրօրինակ է և ստանդարտացման դեպքում կարող է սահմանափակվել պաշտպանյալի իրավունքների պաշտպանությանն ուղղված փաստաբանի ազատ գործելու հնարավորությունը. հետևաբար ստանդարտներով առաջնորդվելը ռիսկային և միևնույն ժամանակ բավական զգայուն հարց է, կարող է չնախատեսված հետևանքներ ունենալ:
Ղազախստանի փաստաբանների պալատի պատվիրակությունը նույնպես բացասական կարծիք է ներկայացրել ստանդարտացման վերաբերյալ։
Քննարկումների շրջանակներում Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի պատվիրակությունը ներկայացրել է հանրային պաշտպանության ոլորտում ՀՀ փաստաբանների պալատի փորձը, հանրային պաշտպանի գրասենյակի գործառույթների առանձնահատկությունները և արդյունավետությունը:
Մյուս երկրների փաստաբանական համայնքների ներկայացուցիչները ըստ էության դժգոհել են անվճար իրավաբանական օգնություն տրամադրելու իրենց երկրների մոդելներից՝ հետաքրքրությունը ցուցաբերելով հանրային պաշտպանի գրասենյակի ինստիտուտին։
Հանդիպման ավարտին մասնակիցները եկել են նախնական համաձայնության ԱՊՀ և Բալթյան երկրների համատեղ երկրորդ հանդիպումն անցկացնել 2017-ի գարնանը՝ Վրաստանում: Երկրորդ միջազգային մասնագիտական հավաքի օրակարգում են լինելու փաստաբանի գործունեության, հաճախորդի պաշտպանության միջազգային մոտեցումների և ոլորտին առնչվող այլ թեմաներ:
Բեռնել
Վերադառնալ