ՈԼՈՐՏԻ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԸ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ ՆԱԽԱԳԻԾԸ
13.09.2016 14:37Հայաստանի Հանրապետության հանրային պաշտպանի գրասենյակը ԵԱՀԿ-ի և ABA-ի (Ամերիկյան փաստաբանների ընկերակցություն) հետ համատեղ կազմակերպել էր Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի նախագծին առնչվող գործնական երկօրյա քննարկումներ:
Նախաձեռնությունն ընդգրկել էր իրավական ոլորտի ներկայացուցիչների՝ դատավորներ, քննիչներ, հանրային պաշտպաններ: Քննարկման նպատակը դատավարության բոլոր կողմերին մեկտեղելն, ինչպես նաև պրակտիկ խնդիրների միջոցով օրենսգրքի նախագծով առաջարկվող փոփոխություններին ծանոթանալն էր:
Քննարկումները վարել է ի.գ.թ., ԵՊՀ Քրեական իրավունքի ամբիոնի դոցենտ, Քրեական նոր օրենսգրքի նախագծի մշակման աշխատանքային խմբի անդամ, փաստաբան Աննա Մարգարյանը:
Մասնագետներն անդրադարձել են անձի կյանքի և առողջության դեմ ուղղված հանցագործությունների քրեաիրավական որակումներին՝ քննարկելով սպանության ծանրացնող հանգամանքներին առնչվող մի շարք հարցեր:
Մտքեր են փոխանակվել ինքնասպանության հասցնելու, առողջությանը ծանր վնաս պատճառելու և անզգուշությամբ մահ պատճառելու օրենսդրական ձևակերպումների շուրջ:
Երկօրյա քննարկումների օրակարգում ընդգրկվել են նաև սեփականության դեմ ուղղված հանցագործությունների քրեաիրավական որակումների մասին գործնական բնույթի աշխատանքային խնդիրները:
Բեռնել
Վերադառնալ