ՀՀ Փաստաբանների Պալատ

35 ՓԱՍՏԱԲԱՆԻ ԿՏՐԱՄԱԴՐՎԻ «ՓԱՍՏԱԲԱՆ ԵԶԵԳԵԼՅԱՆ» ԹՈՇԱԿ

01.09.2016 15:56

35 ՓԱՍՏԱԲԱՆԻ ԿՏՐԱՄԱԴՐՎԻ «ՓԱՍՏԱԲԱՆ ԵԶԵԳԵԼՅԱՆ» ԹՈՇԱԿ

     Հարգելի փաստաբաններ,
     Ֆրանսիայի Հանրապետության քաղաքացի, ՀՀ փաստաբանների պալատի պատվավոր անդամ, բարերար Ռայմոն Եզեգելյանի և Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի միջև շարունակական համագործակցության շրջանակներում՝ Ռայմոն Եզեգելյանը պատրաստակամություն է հայտնել կանխավճարի կարգով վճարել ՀՀ փաստաբանների պալատի նախագահի կողմից սահմանած կարգով որոշված ևս 35 (երեսունհինգ) փաստաբանի մեկ տարվա անդամավճարները:
     Նշված նախաձեռնության կապակցությամբ ՀՀ փաստաբանների պալատի նախագահի 01.09.2016թ․ թիվ 386-Լ որոշմամբ հաստատվել է «35 փաստաբանի «Փաստաբան Եզեգելյան» թոշակ տրամադրելու մասին» կարգը, համաձայն որի` շահառուներին որոշելու նպատակով ձևավորված հանձնաժողովը՝ ըստ կարգով նշված առաջնահերթության, նախապատվություն է տալու հետևյալ փաստաբաններին՝
    1) 2016 թվականի ապրիլի 2-ից 5-ն ընկած ժամանակահատվածում քաղաքացիական խաղաղ բնակչության, ինչպես նաև ԼՂՀ պաշտպանության բանակի զինծառայողների նկատմամբ ադրբեջանական զինվորների կողմից հարձակումների և անմարդկային վերաբերմունքի (խոշտանգումների) դեպքերից հետո կամավորների պաշտպանական գործողություններին մասնակցած փաստաբաններ (5 (հինգ) փաստաբան (5-ից ավել դիմում ներկայացվելու դեպքում, փաստաբանների թիվը կարող է ավելացվել)).

    2) 2015 թվականի հունիսին էլեկտրաէներգիայի թանկացման կապակցությամբ Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայում քաղաքացիների կողմից իրականացրած նստացույցի մասնակիցներին անվճար իրավաբանական օգնություն ցույց տալու նպատակով Փաստաբանների պալատի նախաձեռնությամբ  կամավոր ներգրավված ոչ ավել, քան 15 (տասնհինգ) փաստաբան: Այս խմբում նախապատվությունը տրվում է քանակով ավել իրավաբանական օգնություն ցուցաբերած փաստաբաններին.

    3) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հիմնահարցի միջազգային-իրավական ասպեկտները հետազոտող Փաստաբանների պալատի փորձագիտական խմբում ներգրավված ոչ ավել, քան 15 (տասնհինգ) փաստաբան: Այս խմբում նախապատվությունը տրվում է առավել ակտիվություն ցուցաբերած փաստաբաններին։

     Կարգին համապատասխան որոշված ընդհանուրը 35 շահառուներին կտրվեն համապատասխան հավաստագրեր։

     Հիշեցնենք նաև, որ բարերար Ռայմոն Եզեգելյանի և Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի միջև համագործակցության շրջանակներում 2015 և 2016 թվականների ընթացքում մեկ տարվա անդամավճարների կանխավճարների հավաստագրեր են շնորհվել ընդհանուրը 160 փաստաբանի, որոնցից 80-ը՝ գործունեություն են իրականացնում Հայաստանի Հանրապետության տարբեր մարզերում, իսկ 80-ը՝ Երևան քաղաքում:




Առաջարկվող նորություններ


Բեռնել

Վերադառնալ