ՀՀ Փաստաբանների Պալատ

ՀՀ Փաստաբանների պալատի փաստաբանների հայտարարությունը

07.07.2011 06:30

Երկու օր անց` 2011թ. հունիսի 1-ին ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահ Ա.Մկրտումյանը համապատասխան գրությամբ դիմել է Արդարադատության խորհրդի կարգապահական հանձնաժողովին, ինչն էլ առիթ է հանդիսացել դատավոր Սամվել Մնացականյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու: 2011թ. հունիսի 24–ին ՀՀ Արդարադատության խորհուրդը կայացրել է թիվ ԱԽ-13-Ո-17 որոշումը` դիմել Հայաստանի Հանրապետության Նախագահին Երևան քաղաքի Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սամվել Մնացականյանի լիազորությունները դադարեցնելու միջնորդությամբ: Ըստ Արդարադատության խորհրդի որոշման, դատավոր Ս.Մնացականյանը առանց պատճառաբանության անձի նկատմամբ կիրառել է կալանավորման այլընտրանքային խափանման միջոց գրավ և նրան ազատ արձակել: Խստորեն դատապարտելով ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահի և ՀՀ Արդարադատության խորհրդի այս քայլերը, ցանկանում ենք փաստել, որ նմանատիպ քայլերն են, որ վերջնականապես ոչնչացնում են Հայաստանում անկախ դատական համակարգ ստեղծելու վերջին հույսերը: ՀՀ Վճռաբեկ դատարանը կոչված է Հայաստանի Հանրապետությունում օրենքների միատեսակ կիրառությունն ապահովելուն, որի ճանապարհին Վճռաբեկ դատարանը պետք է կայացնի նախադեպային որոշումներ ու ապահովի այդ որոշումների իրականացումը: Հիշյալ գործառույթն իրականացնելու փոխարեն, սակայն, ՀՀ Վճռաբեկ դատարանն իրականում նպաստում է ստորադաս դատարանների կողմից իր իսկ կողմից ընդունված նախադեպային որոշումներին հակասող որոշումների ու դատավճիռների կայացմանը: Ավելին, այդ ապօրինի դատական ակտերը ստորադաս դատարանները կայացնում են ՀՀ Վճռաբեկ դատարանի «աչալուրջ» հսկողության ներքո: Վճռաբեկ դատարանի լիազորություններից դուրս գտնվող այդ հսկողության վառ ապացույցներից է ՀՀ Արդարադատության խորդրդի հիշատակված որոշումը: Կայացված որոշմամբ «չպատճառաբանված» համարելով դատավորի կողմից անձի նկատմամբ գրավի կիրառումը թույլատրելի ճանաչելու մասին որոշումը և դրա հետևանքով դատավորի լիազորությունները դադարեցնելու միջնորդությամբ ՀՀ Նախագահին դիմելով, ՀՀ Արդարադատության խորհուրդն ու մասնավորապես խորհրդի նախագահ Ա.Մկրտումյանը չեն նկատում, սակայն, ամեն օր ՀՀ դատարանների կողմից անձանց կալանավորելու մասին տասնյակներով կայացվող որոշումները, որոնք օրենքով սահմանված որևէ պատճառաբանություն չեն պարունակում: Իր կողմից կայացված նախադեպային որոշումներով ևս ՀՀ Վճռաբեկ դատարանը փաստել է, որ առկա են ստորադաս դատարանների կողմից անձանց նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու բազմաթիվ չպատճառաբանված որոշումներ: Նման պայմաններում, սակայն, չպատճառաբանված որոշում կայացրած որևէ դատավորի լիազորություններ դադարեցնելու միջնորդությամբ ՀՀ Արդարադատության խորհուրդը ՀՀ Նախագահին չի դիմել: Հատկանշական է նաև այն, որ ՀՀ Արդարադատության խորհրդի հիշյալ որոշման մեջ տեղ է գտել գրավի կիրառումն ընդհանրապես բացառող հետևյալ ձևակերպումը. «Մինչդեռ Դատարանն իր` 30.05.2011 թվականի որոշմամբ կալանավորումն այլընտրանքային խափանման միջոց գրավով փոխարինելիս որևէ ձևով չի պատճառաμանել նման եզրահանգման գալը: Դատարանը չի մատնանշել որևէ փաստական հանգամանք, որը հնարավորություն կտար հանգել հետևության այն մասին, որ 30.04.2011 թվականի որոշմամբ արձանագրված և կալանքը որպես խափանման միջոց կիրառելու հիմք հանդիսացած հանգամանքները վերացել են»: Խնդիրն այն է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի համաձայն` գրավը կալանավորման այլընտրանքային խափանման միջոց է և կարող է կիրառվել միայն այն պարագայում, երբ անձի նկատմամբ արդեն իսկ կիրառվել է կալանավորումը որպես խափանման միջոց, ուստի առկա են կալանավորումը կիրառելու համար անհրաժեշտ հիմքերը: Եթե նման հիմքեր չկան կամ դրանք վերացել են, անձի նկատմամբ չեն կարող կիրառվել ոչ կալանավորումը, ոչ գրավը: Արդարադատության խորհրդի և դրա նախագահի նման գործելաոճը հանգեցնելու է մեղադրյալների նկատմամբ համատարած կերպով կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու արատավոր պրակտիկայի էլ ավելի ամրապնդմանը: Կայացված որոշումը նաև նախազգուշացում է ՀՀ բոլոր դատավորներին, թե ինչ է սպասվում իրենց, եթե նրանք փորձ կատարեն ղեկավարվել բացառապես օրենքով կամ փորձեն հավատալ սահմանադրական այն սկզբունքին, որ դատարանն անկախ է և ենթակա` միայն օրենքին:



Բեռնել

Վերադառնալ