ՀՀ Փաստաբանների Պալատ

«Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարման ընթացքը Հայաստանում» թեմայով համաժողով

10.06.2011 07:52

ՀՀ փաստաբանների պալատը ԵԱՀԿ երևանյան գրասենյակի հետ համատեղ իրականացված «Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարման մոնիթորինգը Հայաստանում» ծրագրի շրջանակներում 2011թ. մայիսի 27-ին անցկացրեց համաժողով, որը նվիրված էր ՄԻԵԴ վճիռների կատարման ընթացքի թեմային: Համաժողովի կազմակերպման հարցում ԵԱՀԿ երևանյան գրասենյակը և ՀՀ փաստաբանների պալատը համագործակցել են Եվրոպայի խորհրդի և ՀՀ սահմանադրական դատարանի հետ:

Ծրագրի նպատակն էր ուսումնասիրել Հայաստանի կողմից ՄԻԵԴ վճիռների կատարման վիճակն ու ընթացքը, ստուգել ներպետական ատյանների ակտերի վերանայման ընթացակարգերի համապատասխանությունը Եվրոպական Կոնվենցիային, հայտնաբերել Եվրոպական դատարանի դատական ակտերի կատարման օրենսդրական ու կազմակերպական խոչընդոտները և մշակել դրանց վերացման կամ շտկման կապակցությամբ անհրաժեշտ առաջարկությունները: Ծրագրի շրջանակում իրականացված ուսումնասիրություններն ընդգրկում են ՄԻԵԴ կողմից Հայաստանի վերաբերյալ կայացված առաջին վճռից մինչև 2010թ. դեկտեմբեր ամիսն ընկած ժամանակահատվածը (25 վճիռ):

Ինչպես նշեց հեղինակային խմբի անդամ, փորձագետ Արտակ Զեյնալյանը. «Փորձ է արվել մեկ շապիկի մեջ ներառել Հայաստանի մասնակցությամբ ՄԻԵԴ կողմից կայացված բոլոր վճիռների հիմքում ընկած փաստերի համառոտ շարադրանքը, Եվրոպական դատարանի որոշումը, նկարագրել, թե Նախարարների կոմիտեում տվյալ գործով վճռի կատարման վերահսկողության վարույթը որ փուլում է գտնվում, և ինչ ընթացակարգային որոշումներ է կայացրել Նախարարների կոմիտեն մինչև այժմ: Յուրաքանչյուր գործով շարադրել ենք մեր վերլուծությունը` համեմատելով վճռի կատարման համար ձեռնարկված միջոցների համապատասխանությունը հանձնարարականների պահանջներին, ներկայացրել ենք վիճակի բարելավմանն ուղղված առաջարկություններ: Միևնույն ժամանակ, գրքում հավելվածների ձևով ամփոփել ենք Նախարարների կոմիտեի 8 փաստաթղթեր, որոնք վերաբերում են ՄԻԵԴ վճիռների կատարմանը»:

Նշված համաժողովին մասնացել են գործադիր, օրենսդիր և դատական իշխանությունների ներկայացուցիչները, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավոր Ա.Գյուլումյանը, միջազգային փորձագետներ, ՀՀ փաստաբանների պալատի անդամներ, ինչպես նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ:

ՆԵՐԲԵՌՆԵԼ ՄԻԵԴ վճիռների կատարման վերաբերյալ հետազոտությունը: Շուտով ՀՀ փաստաբանների պալատի կայք էջում կտեղադրվի որոշակի խմբագրական ուղղումներով հետազոտության նոր տարբերակը:



Բեռնել

Վերադառնալ