ԱՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆԸ ՆԱՄԱԿՈՎ ԴԻՄԵԼ Է ԲԱԿՈ ՍԱՀԱԿՅԱՆԻՆ
29.03.2014 11:15Մարտի 28-ին հայկական էլեկտրոնային լրատվամիջոցներից մեկը հրապարակել էր մի խումբ փաստաբանների' «Առարկություններ' փաստաբանների հավատարմագրման դեմ» վերտառությամբ դիմումը:
Նմանատիպ դիմում 2013թ. դեկտեմբերին ստացել էր նաև ՀՀ փաստաբանների պալատը, ինչի կապակցությամբ 2014 թվականի հունվարին ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը նամակով դիմել է ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանին, պատճենը' ԼՂՀ արդարադատության նախարար Արարատ Դանիելյանին, ԼՂՀ փաստաբանների պալատի նախագահ Ալեքսանդր Գալստյանին և հավատարմագրման դեմ առարկություն ունեցող փաստաբաններին:
Նամակում Արա Զոհրաբյանը անդրադարձել է այն տեսակետներին, որոնք առաջ էին քաշել առարկող փաստաբանները: Պալատի նախագահը մասնավորապես գրել է.
«ՀՀ քաղաքացիներ Արմեն Մելքոնյանը, Արթուր Գևորգյանը, Աշոտ Սարյանը, Արմեն Եսոյանը, Նվեր Ղահրամանյանը և Քրիստինե Առաքելյանը (այսուհետ՝ Դիմողներ) դիմել են Ձեզ՝ խնդրելով պարզաբանումներ պահանջել ՀՀ փաստաբանների պալատի նախագահից ու խորհրդի անդամներից և վերացնել խորհրդի որոշման խտրականությունը, այն է՝ ԼՂՀ փաստաբանական գործունեության առնվազն տասնութ ամսվա ստաժ ունենալու, ինչպես նաև առնվազն հինգ տարի ԼՂՀ-ում մշտապես բնակություն ունենալու հանգամանքները։ Նույնաբովանդակ դիմումներ հասցեագրվել էին նաև Հայաստանի Հանրապետության Նախագահին և ՀՀ արդարադատության նախարարին:
Դիմողներին անհանգստացրել է ՀՀ փաստաբանների պալատի (այսուհետ՝ Պալատ) խորհրդի 15.11.2013թ. թիվ 30/3-Լ որոշմամբ հաստատված «Այլ պետության փաստաբանին հավատարմագիր տալու և հավատարմագրի գործողությունը դադարեցնելու կարգը» (այսուհետ՝ Կարգ)։
Դիմողներն անհեթեթ են որակել Պալատի խորհրդի նշված որոշումը, քանի որ «հայերի երկրորդ Հանրապետությունը ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի նախագահն ու անդամները դասել են որպես այլ պետություն»։
Դիմողները գտնում են, որ ԼՂՀ փաստաբանների պալատի կողմից անցկացված 2013թ. որակավորման քննությունները հանձնած ԼՂՀ փաստաբանների պալատի կողմից արտոնագիր ստացած փաստաբանները պրակտիկորեն զրկվել են Պալատի կողմից տրվող հավատարմագրից։
Տեղեկացնում ենք Ձեզ, որ Դիմողների փաստարկները հիմնավոր չեն, հետևյալ պատճառաբանությամբ.
Ղեկավարվելով «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 17.1 հոդվածի 2-րդ մասով՝ Պալատի խորհուրդը հաստատել է այլ պետության փաստաբանին հավատարմագիր տալու և հավատարմագրի գործողությունը դադարեցնելու կարգը։
Պալատի խորհուրդն իրավացիորեն Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը համարել է պետություն, քանի որ ԼՂՀ-ն ունի միջազգային փաստաթղթերով, այդ թվում՝ Մոնտեվիդեոյի կոնվենիցայով նախատեսված պետությանը բնորոշ բոլոր վավերապայմանները։ Ավելին՝ վերը նշված կոնվենցիայի 3-րդ հոդվածի համաձայն. «Պետության քաղաքական գոյությունը կախված չէ այլ պետությունների կողմից նրա ճանաչված լինելուց»: Հետևաբար, Պալատի խորհրդին այս պայմաններում հետաքրքիր չէ ԼՂՀ-ի՝ միջազգային իրավունքի սուբյեկտ հանդիսանալու կամ չհանդիսանալու, այլ պետությունների կողմից որպես պետություն ճանաչված լինելու կամ չլինելու հանգամանքը։
Կարգով այլ պետության փաստաբաններին հավատարմագրելու համար նախատեսվել են համապատասխան վճարներ։ Միևնույն ժամանակ, Կարգի 19-րդ կետով ԼՂՀ փաստաբանների համար Պալատի խորհուրդը սահմանել է արտոնություն և նրանց ազատել է հավատարմագրման համար որևէ վճարից, որոշ բացառություններով։
Դիմողները ՀՀ քաղաքացիներ հանդիսանալով, շրջանցելով ՀՀ փաստաբանական դպրոցում պարտադիր սովորելու պայմանը, իրենց բնակության վայրը փոխելու միջոցով ԼՂՀ փաստաբանների պալատի կողմից կազմակերպվող քննությունները հանձնել են և ստացել ԼՂՀ փաստաբանի արտոնագրեր (հատկանշական է, որ նոր փաստաբանների կազմում կան փաստաբանական դպրոցից հեռացված և ընդունելության քննությունները չհանձնած անձինք)։
Պալատի խորհրդի կողմից սահմանած ԼՂՀ փաստաբաններին վերաբերող բացառությունները վերաբերում են ՀՀ-ից արհեստական կարգով ԼՂՀ քաղաքացի դարձած անձանց, որոնց հիմնական նպատակն է Հայաստանի Հանրապետության տարածքում փաստաբանական գործունեություն իրականացնելը, առանց դրա համար նախատեսված լրացուցիչ ուսուցումն անցնելու։
Այդ պատճառով է, որ Կարգի 19-րդ կետում նշվել է՝ ԼՂՀ փաստաբանը ազատվում է այլ պետության փաստաբանի հավատարմագրման վճարից, եթե ունի՝
• սույն կարգի հաստատման օրվա դրությամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում փաստաբանական գործունեության առնվազն տասնութ ամսվա ստաժ, կամ
• առնվազն հինգ տարի մշտապես բնակվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում։
Ինչպես տեսնում ենք, ԼՂՀ-ում առնվազն 5 տարի մշտապես բնակված ԼՂՀ փաստաբանը անկախ որևէ ստաժից անվճար կարող է հավատարմագրվել»:
Բեռնել
Վերադառնալ