ՀՀ Փաստաբանների Պալատ

ՀՀ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶՊԵՏԻՆ

24.01.2014 07:36

ՀՀ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶՊԵՏԻՆ


ՀՀ փաստաբանների պալատի պատվիրակությունը պալատի նախագահ Արա Զոհրաբյանի գլխավորությամբ հունվարի 23-ին, հանդիպել է Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանին:

Պատվիրակության կազմում են եղել ՓՊ նախագահի տեղակալ Մելանյա Առուստամյանը, ՓՊ խորհրդի անդամ Գևորգ Գյոզալյանը, ՓՊ նախագահի խորհրդական Իրինա Փիլոյանը և մամուլի խոսնակ Հայկ Հակոբյանը։

 Հանդիպման ընթացքում ՓՊ նախագահ Արա Զոհրաբյանը մարզպետին տեղեկացրել է, որ Արարատի մարզում գործում է ընդհանուր 19 փաստաբան, այդ թվում՝ Արտաշատ քաղաքում 9 փաստաբան, Արարատ քաղաքում 3 փաստաբան, Վեդի քաղաքում 4 փաստաբան և Մասիս քաղաքում 3 փաստաբան։ Արտաշատ քաղաքում 4 փաստաբան, իսկ Մասիսում՝ 2 փաստաբան աշխատասենյակ չունեն։ ՓՊ նախագահն առաջարկել է օժանդակել նշված փաստաբաններին աշխատասենյակով, ինչի դիմաց փաստաբանները ամսական առնվազն մեկ օր անվճար իրավաբանական խորհրդատվությամբ կապահովեն համայնքի բնակիչներին։

Մարզպետ Արամայիս Գրիգորյանը՝ ողջունելով փաստաբանների այդ առաջարկը, պատրաստակամություն է հայտնել տրամադրել տարածք և հանձնարարել է մարզպետարանի աշխատակազմի ղեկավարին հնարավորինս սեղմ ժամկետներում համապատասխան լուծում գտնել:

Փաստաբանների պալատի նախագահը շնորհակալություն է հայտնել մարզպետին ընդունելության համար և տեղեկացրել, որ տարածքի տրամադրման դեպքում Պալատը անհրաժեշտ համակարգչային տեխնիկա կտրամադրի այդ տարածքում գործունեության իրականացնող փաստաբաններին:

Արա Զոհրաբյանը մարզպետին հայտնել է, որ ապագայում ՀՀ փաստաբանների պալատը նախատեսում է նաև հեռավար ուսուցում կազմակերպել մարզերի փաստաբանների հետ: Այդ տարածքը 
կհեշտացնի ծրագիրը իրականացնելու համար:

Մարզպետը և Փաստաբանների պալատի նախագահը քննարկել են նաև ավագ դպրոցներում սեմինարներ կազմակերպելու հարցը՝ փաստաբանի մասնագիտության նկատմամբ վստահությունը բարձրացնելու ուղղությամբ։



Առաջարկվող նորություններ


Բեռնել

Վերադառնալ