Փաստաբանների պալատը դարձել է ժողովրդավարության հետաքրքիր բջիջ. Մարուքյանը հայտնել է նախընտրած թեկնածուի անունը
12.09.2013 17:36Փաստաբանների պալատի նախագահի ընտրությունների նախընտրական քարոզարշավը, որը երկու օրից կավարտվի, այնքան էլ հարթ չանցավ: Քարոզարշավի ընթացքում որոշ թեկնածուներ դժգոհեցին Փաստաբանների պալատի նախագահից, հայտարարեցին, որ իրենք միայնակ են, և Պալատը չի կանգնում իրենց թիկունքին:
Նշենք, որ սեպտեմբերի 14-ին կայանալիք ՓՊ նախագահի ընտրություններում առաջադրվել են երեք թեկնածուներ՝ Արա Զոհրաբյանը, որին առաջադրել է ՓՊ գործող նախագահ Ռուբեն Սահակյանը, Տիգրան Աթանեսյանը և Կրոմվել Գրիգորյանը:
Փաստաբանների պալատի նախկին անդամ, ներկայումս ԱԺ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ներկայացնում է քարոզարշավի վերաբերյալ իր գնահատականները ու մատնանշում իր նախընտրած թեկնածուին:
-Պարոն Մարուքյան, փաստաբանները շուտով Պալատի նախագահ են ընտրելու: Դուք, որպես Պալատի նախկին անդամ, հետևո՞ւմ եք նախագահի ընտրությունների քարոզարշավին, ինչպե՞ս եք գնահատում այն: Նորմա՞լ է անցնում:
-Փաստաբանների պալատի նկատմամբ անտարբեր չեմ կարող անցնել, և ճիշտ նկատեցիք, որ որպես Պալատի անդամ (իմ արտոնագիրը կասեցվել է և հետագայում կարող եմ շարունակել իմ փաստաբանական գործունեությունը), անտարբեր չեմ Պալատում տեղի ունեցող իրադարձությունների նկատմամբ ու շահագրգռված եմ փաստաբանական համայնքի զարգացման հարցում: Հետևում եմ ու շատ հետաքրքիր է քարոզարշավն ինձ համար, քանի որ այդպիսի մրցակցային ընտրություն առաջին անգամն է, թեկնածուները մարզային այցելություններ են կատարում, ծրագրեր ներկայացնում: Ես դա շատ եմ ողջունում: Իրապես, մենք այս տարիների ընթացքում հասել ենք նրան, որ Պալատը դարձել է ժողովրդավարության հետաքրքիր բջիջ, որից կարող են մեր մյուս ինստիտուտները օրինակ վերցնել:
-Պալատի նախագահի ընտրությունների քարոզարշավում, փաստորեն, ի հայտ եկան մի շարք խնդիրներ, որոնք հրապարակային չէին: Մասնավորապես հայտարարվեց, որ Պալատը միայնակ է թողնում փաստաբաններին, կան ֆինանսական չարաշահումներ Պալատում: Դուք ի՞նչ կարծիքի եք, իսկապե՞ս նման խնդիրներ եղել են Պալատի ներսում:
-Քննադատությունների մեջ կան և ռեալ բաներ, որ կիսում եմ. էնպես չէ, որ Պալատում խնդիրներ չկան կամ չեն եղել: Քննադատության մեջ բաներ կան, որոնց հետ ես ինքս էլ համաձայն չեմ: Լավ կլիներ, որ քարոզարշավը լիներ կոռեկտության սահմաններում, թեկուզ հարձակողական ոճի մեջ, բայց որևէ մեկը որևէ մեկին չվիրավորի: Երեք թեկնածուներն իմ գործընկերներն են, երեքին էլ շատ հարգում եմ, բայց չէի ցանկանա, որ մեկը մյուսին վիրավորեր, վիրավորեր Պալատի գործող նախագահին:
-Նախընտրական քարոզարշավի ժամանակ թեկնածուներից մեկը հայտարարեց, որ Արա Զոհրաբյանի առաջադրմամբ «ժառանգ» օպերացիա է իրականացվում: Դուք համաձա՞յն եք այդ տեսակետին:
-Ես չեմ կիսում այդ կարծիքը: Ինչո՞ւ որովհետև Արա Զոհրաբյանին լավ ճանաչում եմ, և նա որպես մարդ, որպես անհատականություն անհատ է ու չի կարող հանդես գալ որևէ մեկի շարունակություն: Ինքն ունի իր ոճը և մոտեցումները Պալատի զարգացման հարցում: Այն հանգամանքը, որ այս տարիների ընթացքում ինքը եղել է Պալատի նախագահի տեղակալը դա դեռ չի նշանակում, որ ժառանգ օպերացիա է իրականացվում: Այդպես չի կարելի ներկայացնել, որովհետև Արա Զոհրաբյանի ներդրումը Պալատի զարգացման գործում ակնհայտ է եղել նաև այս տարիների ընթացքում՝ թե որպես Պալատի խորհրդի անդամ, թե որպես նախագահի տեղակալ: Այդ մարդը բազմաթիվ խնդիրներ աշահախնդիր լուծել է Պալատի գործունեությունը համակարգելու առումով: Հիմա դա չգնահատել և ուղղակի ասել՝ ոչ մի բան չի արել, չեմ կարծում, որ դա ճիշտ մոտեցում է:
-Ինչո՞ւ հենց այս փուլում ի հայտ եկան այդ խնդիրները: Մինչ այդ ոչ մեկ այդ մասին չէր խոսում:
-Տարաձայնություններ միշտ էլ եղել են: Այն, որ քննադատությունները հիմա ավելի սուր են ներկայացվում, նորմալ է, քանի որ նախընտրական քարոզարշավ է, իսկ այդ ժամանակ թեկնածուն աշխատում է ինչ-որ սեգմենտ իր կողմը քաշել: Թե ինչ կլինի, ընտրությունների արդյունքները ցույց կտան: Պետք չէ զարմանալ:
-Պարոն Մարուքյան, նախընտրած թեկնածու ունե՞ք:
-Ես եթե քվեարկելու իրավունք ունենայի, իմ ձայնը կտայի Արա Զոհրաբյանին, որովհետև տեսել եմ անցած ճանապարհը, իր ունեցած ներդրումը և հիմա էլ եթե ընտրվի, մեծ հույսեր եմ կապում, հավատացած եմ՝ ավելին է անելու: Ես կիսում եմ այն բոլոր ծրագրերը, որոնք ներկայացրել է: Բայց ամեն դեպքում, ով էլ որ ընտրվի, ինձ համար մի բան ակնհայտ է՝ ես անմասն չեմ մնա Պալատի զարգացման գործին: Որպես օրենսդիրի ներկայացուցիչ, իմ ներդրումն ունենալու եմ Պալատի զարգացման, փաստաբանական համայնքի կայացման գործում: Թե Արա Զոհրաբյանը կընտրվի, թե Տիգրան Աթանեսյանը, թե Կրոմվել Գրիգորյանը բոլորն էլ իմ գործընկերներն են:
Աղբյուրը՝ http://www.panorama.am/am/interviews/2013/09/12/elections-interview/#.UjFQsPKIqqs.facebook
Բեռնել
Վերադառնալ