Պալատի նախագահի ներգործությունը կարող է ստվերել արդար ընտրությունների ընթացքը
11.09.2013 18:29ՀՀ Փաստաբանների պալատում սեպտեմբերի 14-ին սպասվում է նախագահի ընտրություններ, այս թեմայով մեր զրուցակիցն է փաստաբան Մուշեղ Շուշանյանը:
Ինչպես եք գնահատում ՀՀ փաստաբանների պալատի նախագահի ընտրությունների նախընտրական գործընթացը, հրապարակային քարոզարշավ ի հայտ բերեց նաև պալատի ներսում խնդիրների առկայությունը:
Նախ, կցանկանայի նշել, որ բոլոր երեք թեկնածուները արժանի փաստաբաններ են և իրենց վաստակն են ունեցել փաստաբանության զարգացման գործում:
Դրական եմ գնահատում բանավեճի առկայությունը, թեկնածուներից երկուսի միջև գոնե բանավեճ ծավալվեց, որոշակիորեն սուր գնահատականներով և փոխադարձ մեղադրանքներով նույնիսկ, ինչը նորմալ եմ համարում:
Մտահոգիչ է, որ Պալատի գործող նախագահը հանդես է գալիս իր հաջորդի թեկնածությունն առաջադրելու նախաձեռնությամբ: Թեկուզև նկատի ունենալով գործող նախագահի դիրքորոշման հնարավոր ներգործությունը շատ փաստաբանների կողմնորոշման վրա, նման քայլը անթույլատերելի եմ համարում, և դա որոշակիորեն ստվերում է ընտրությունների գործընթացի արդարացիությունը, քանի որ այն թեկնածուն, ում առաջադրման օգտին հանդես է եկել Պալատի գործող նախագահը, մյուս թեկնածուների համեմատ կարող է հայտնվել առավել նպաստավոր վիճակում: Այս համատեքստում Տիգրան Աթանեսյանի հայտարարությունը, որ իրականացվում է «Ժառանգորդ» օպերացիա, իմ կարծիքով, ունի որոշակի լուրջ հիմքեր:
Ինչպե՞ս եք գնահատում թեկնածուների նախընտրական ծրագրերը: Դրանք արտացոլում են իրականությունը և իրագործելի են, արդյո՞ք:
Տեղյակ չեմ, Կրոմվել Գրիգորյանը նախըտրական ծրագիր ներկայացրել է, թե ոչ, համենայն դեպս, ինձ այդ մասին ոչինչ հայտնի չէ: Իսկ Տիգրան Աթանեսյանի և Արա Զոհրաբյանի նախընտրական ծրագրերը շատ դրական եմ գնահատում, սակայն, որպես ընտրող, իմ մոտ հարց է առաջանում. ինչն է խանգարել պարոն Զոհրաբյանին այդ ծագրի դրույթների թեկուզ մի մասը փորձել իրականացնել մինչ այժմ: Չէ որ պարոն Զոհրաբյանը վերջին ութ տարիներին եղել է Խորհրդի անդամ, որից 6 տարին՝ Պալատի նախագահի տեղակալ:
Եթե եղել են խանգարող պատճառներ, ապա պարոն Զոհրաբյանը թող այդ մասին հստակ արտահայտվի, նշելով՝ ինչը կամ ովքեր են իրեն խանգարել իր ծրագրի դրույթները նախկինում կյանքի կոչելու համար: Հակառակ դեպքում՝ գեղեցիկ ձևակերված նախընտրական ծրագիրը կարելի է ընկալել պոպուլիստական դրսևորում: Ասվածը վերաբերում է բոլոր թեկնածուներին. ես, որպես շարքային փաստաբան, պետք է համոզվեմ, որ նախընտրական ծրագրերը կյանքի են կոչվելու, որ փաստաբանը իր գործունեության մեջ պետական մարմինների կամայականություններից պաշտպանված է լինելու իր Նախագահի կողմից, և նախընտրական ծրագրի թեզերը լոկ գեղեցիկ խոսքեր չեն՝ նպատակահարությունից ելնելով տվյալ պահին ասվելու համար:
Անչափ կարևորում եմ ֆինանսական թափանցիկության ապահովումը Պալատի գործունեության մեջ: Վստահաբար պնդել, որ նախորդ 8 տարիների ընթացքում տեղ են գտել ֆինանսական չարաշահումների դեպքեր՝ չեմ կարող՝ բավարար չափով համապատասխան տեղեկատվության չտիրապատելու պատճառով, սակայն Տ. Աթանեսյանի հայտարարությունները այդ մասին, անշուշտ, պետք է ուսումնասիրվեն:
Թեկնածուների կողմից շոշափվել է նաև Ձեր նկատմամբ քրեական գործի քննության ընթացքում Ձեզ ցուցաբերված իրավական օգնության հարցը և նույնիսկ մեղադրանքներ են հնչել միմյանց հասցեին Ձեր պաշտպանությանը մասնակից չլինելու վերաբերյալ:
Նկատի ունենալով, որ թեկնածուների կամ նրանց կողմնակիցների կողմից շոշափվել է իմ նկատմամբ իրականացված քրեական հետապնդման ժամանակ ինձ ցուցաբերված օգնության հարցը և այս կապակցությամբ հնչել են տարբեր կարծիքներ, պարտական եմ համարում հստակություն մտցնել այս հարցում:
Թեկնածու Ա. Զոհրաբյանի կողմնակիցներից մեկը, ինչպես տեղեկացա, այս կապակցությամբ արտահայտվել էր, հանդիմանելով Տ. Աթանեսյանին, մոտավորապես, թե «որտեղ էիր, երբ փաստաբան Մ. Շուշանյանի նկատմամբ քրեական հետապնդում էր իրականացվում»: Հատուկ շեշտում եմ այս հարցով բոլոր չիրազեկված անձանց համար, որ Տ. Աթանեսյանը եղել է իմ պաշտպանը իմ նկատմամբ քրեական հետապնդում սկսելու առաջին իսկ պահից: Նրա հետ մեկտեղ՝ իմ հարգարժան գործընկերներ Արա Զաքարյանը և Արթուր Գրիգորյանը: Այս երեքը եղել են այն փաստաբանները, որոնք ոչ միայն ցուցաբերել են իրավական օգնություն, այլև, նախ և առաջ՝ բարոյական մեծ աջակցություն:
Իմ պաշտպանները հետագայում՝ դատավարության որոշակի փուլերում, հանդիսացել են նաև հարգարժան պարոն Հայկ Ալումյանը, փոքր ավելի ուշ՝ Արա Զոհրաբյանը և Մանե Կարապետյանը: Երախտապարտ եմ բոլոր նրանց, ինչպես նաև իմ այն գործընկերներին, ովքեր թեպետ չեն հանդիսացել իմ պաշտպանները, բայց աջակցել են, պատրաստակամություն են հայտնել ստանձնել իմ պաշտպանությունը:
Սակայն անկեղծ չէի լինի, եթե տարբեր մարդկանց կողմից ինձ ցուցաբերված օգնությունը դնեի կշեռքի նույն նժարի վրա: Տ. Աթանեսյանը այն փաստաբանն էր, ով հանդես եկավ փաստաբանների շրջանում համապատասխան ստորագրահավաքի նախաձեռնությամբ, որ եթե իմ մասնագիտական գործունեությամբ պայմանավորված քրեական հետապնդումը շարունակվի, փաստաբանները կհրաժարվեն քննիչներին, դատախազներին, դատավորներին իրավական օգնություն ցույց տալուց: Տ. Աթանեսյանի ակտիվ ջանքերի շնորհիվ էր, որ Մարդու իրավունքների պաշտպանը դիմեց ՀՀ սահմանադրական դատարան, որի որոշման արդյունքում էլ դադարեցվեցին իմ և իմ գործընկերներ՝ Արա Զաքարյանի, Արթուր Գրիգորյանի և Դիանա Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդումները նույն մեղադրանքով:
Մինչդեռ, դրան զուգահեռ, ես հետաքրքաշարժ առաջարկներ էի ստանում իմ և գործընկերներիս խնդրի լուծմամբ, անկասկած, անկեղծ շահագրգռված պարոն Ա. Զոհրաբյանի կողմից, որի իմաստը կայանում էր նրանում, որ վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահի հետ բանակցության արդյունքում մեզ առաջարկվում էր մի տարբերակ, որ քրեական հետապնդումը կդադարեցվի՝ պայմանով, որ Պալատի խորհուրդը մեզ կարգապահական պատասխանատվության կենթարկի, արձանագրելով, որ մեր գործողություններում տեղ է գտել խախտում:
Տեղեկանալով բանակցությունների փաստի, առաջարկի էության մասին, և բնավ չկասկածելով առանց մեզ տեղյակ պահելու բանակցության մեջ մտած մեր գործընկերոջ ազնիվ մղումներին՝ ես և իմ մյուս երեք բախտակից գործընկերները, այնուամենայնիվ, անմիջապես մերժեցինք այն, թեկուզ միայն այն պատճառով, որ մեզանից որևէ մեկը չէր լիազորել ստվերային բանակցությունների մեջ մտնել մեր նկատմամբ քրեական հետապնդումները վերահսկող և դատարանների անկախությունը ճնշող պաշտոնյայի հետ:
Այս մասին երևի թե չէի խոսի, եթե չլինեին որոշ փաստաբանների կողմից, փաստերից տեղյակ չլինելով, սակայն ամեն գնով «հակառակորդ» թեկնածուին սևացնելու հաստատակամությամբ, անպատասխանատու պնդումներ անելը:
Փաստորեն, Պալատում առկա են միմյանց դեմ գործող խմբավորումներ:
Պալատը «յուրայինների» և «ոչ յուրայինների» բաժանելու մասին: Ցանկանում եմ հատուկ ընդգծել, որ Պալատը, նախ և առաջ, յուրաքանչյուր փաստաբանին պաշտպանելու համար է, առաջին հերթին, իրավապահ և դատական համակարգի ոտնձգություններից: Այս իմաստով որևէ մեկը իրավունք չունի Պալատը բաժանել մասերի և դարձնել առանձին խմբավորման շահերի սպասարկու: Եթե թեկնածուներից ոմանք կամ բոլորը միասին Նախագահի պատասխանատվությունը ցանկանում են ստանձնել այդ նպատակով, ես խորհուրդ կտայի նրանց հրաժարվել այդ մտադրությունից: Որովհետև դա բոլոր փաստաբաններին պատկանող իշխանությունը յուրացնելու փորձ կլինի, ոչ ավել, ոչ պակաս: Հաջորդ Նախագահը պետք է քաջ գիտակցի, որ ինքը ստանձնում է բոլոր փաստաբաններին՝ անկախ «յուրային» և «օտար» հանդիսանալու հանգամանքից, աջակցելու և պաշտպանելու պատասխանատվություն:
Աղբյուրը՝ http://jfhr.am/?ln=1&id_=13&page_id=22
Բեռնել
Վերադառնալ