Նիկոլայ Բաղդասարյան. Մենք կունենանք որակապես նոր փաստաբանական ինստիտուտ
10.09.2013 11:48Փաստաբանական դպրոցի կողմից իրականացվող ու իրականացվելիք ծրագրերի մասին է «Փաստինֆո»-ի թղթակցի հարցազրույցը Փաստաբանական դպրոցի տնօրեն Նիկոլայ Բաղդասարյանի հետ:
Ինչպե՞ս կգնահատեիք ՀՀ փաստաբանական դպրոցի անցած մեկ տարին
ՀՀ փաստաբանական դպրոցն արդեն մեկ տարեկան է: Այս ընթացքում մենք լուրջ դժվարությունների ենք հանդիպել, ցավոք դրանցից ոմանք կրել են սուբյեկտիվ բնույթ, կային մարդիկ, ովքեր իրենց անձնական շահերից ելնելով կամ զուտ չար նախանձի հետևանքով խոչընդոտել են ՀՀ փաստաբանական դպրոցի կայացմանը, այնուամենայնիվ ՀՀ փաստաբանական դպրոցը հաղթահարել է բոլոր դժվարություններն ու հաստատուն քայլերով գնում է դեպի կայացում, և մենք արդեն կարող ենք արձանագրել լուրջ արդյունքներ: ՀՀ փաստաբանական դպրոցը ներկայումս ունի 120 ունկնդիր և 62 շրջանավարտ: Շուտով վերջիններս հանձնելու են որակավորման քննությունները և դրական գնահատական ստացողները ստանալու են փաստաբանական գործունեությամբ զբաղվելու արտոնագրեր:
Ինչպե՞ս կգնահատեիք Փաստաբանական դպրոցի ընդունելության քննությունները
ՀՀ փաստաբանական դպրոցն անցկացրել է երեք ընդունելության քննություններ' թեստավորման եղանակով: Մենք մեծ ուշադրություն ենք դարձնում ընդունելության քննության թեստերին, որպեսզի թեստերը կազմված լինեն ՀՀ փաստաբանական դպրոցի կողմից ընդունված կարգերին և մեթոդաբանությանը համապատասխան: ՀՀ փաստաբանական դպրոցը՝ ՀՀ փաստաբանների պալատի կողմից տրամադրած 2.400 թեստերից 1.000-ից ավելի թեստ մեկ տարվա ընթացքում վերանայել է: Մինչև հաջորդ ՀՀ փաստաբանական դպրոցի ընդունելության քննությունները մենք կվերանայենք բոլոր 2.400 թեստերը, որոնց վերանայման համար արդեն իսկ ձևավորվել է աշխատանքային խումբ, որտեղ ներգրավվել են և՛ դասախոսներ, և՛ ունկնդիրներ: Արդյունքում, 2014 թվականի գարնանային հոսքի ընդունելության քննությունների ժամանակ մենք կունենանք որակապես նոր թեստեր, որոնք կհամապատասխանեն և՛ եվրոպական չափանիշներին, և՛ փաստաբանների կարիքներին:
ՀՀ փաստաբանական դպրոցը բարձրացրել է նաև ընդունելության քննությունների թափանցիկության մակարդակը:Ներկայումս յուրաքանչյուրը կարող է մեր ինտերնետային կայքի միջոցով հետևել ՀՀ փաստաբանական դպրոցում անցկացվող ընդունելության քննություններին, ինչը հնարավորություն է ընձեռնում ընդունելության քննությունների ժամանակ բացառել ցանկացած միջամտություն:
ՀՀ փաստաբանական դպրոցում ընդունելությունն անցկացվում է հատուկ տվյալ քննության համար մշակված համակարգչային ծրագրով, որը հնարավորություն է տալիս ապահովել այն, որ հավակնորդն ընդունելության քննությունները սկսելուց առաջ միայն իմանա իր կողմից լուծվելիք թեստերը և ընդունելության քննությունները ավարտելուց հետո անմիջապես իրազեկվի ինչպես իր, այնպես էլ մնացած հավակնորդների գնահատականներին: Նման համակարգի շնորհիվ մենք հարյուր տոկոսով բացառում ենք ՀՀ փաստաբանական դպրոցում ընդունելության քննությունների ընթացքում կոռուպցիոն ռիսկերը:
ՀՀ փաստաբանական դպրոցը հաջորդ ընդունելության քննությունների մասին կհայտարարի արդեն հոկտեմբեր ամսին, իսկ փաստաթղթերի ընդունումը կսկսվի նոյեբեր ամսին, հետևաբար այն իրավաբանները, ովքեր ցանկանում են ընդունվել ՀՀ փաստաբանական դպրոց, կարող են արդեն նոյեմբերին ներկայացնել դիմումներ:
Ինչպե՞ս է անցկացվում ուսուցումը ՀՀ փաստաբանական դպրոցում
ՀՀ փաստաբանական դպրոցում ուսման տևողությունը մեկ տարի է, բացառությամբ այն իրավաբանների, ովքեր ունեն հինգ և ավելի տարվա մասնագիտական ստաժ:Ուսուցումը իրականացվում է ՀՀ փաստաբանական դպրոցի խորհրդի կողմից հաստատված ուսումնական ծրագրերի հիման վրա, որոնք կազմվել են ֆրանսիական փաստաբանական դպրոցների փորձին համապատասխան:
Ի՞նչ ապագա է սպասում ՀՀ փաստաբանական դպրոցի շրջանավարտներին
ՀՀ փաստաբանական դպրոցը ստեղծել է Կարիերայի կենտրոն, ՀՀ փաստաբանական դպրոցի շրջանավարտների և փաստաբանական գրասենյակների կամ այլ կազմակերպությունների միջև կապ ստեղծելու համար: ՀՀ փաստաբանական դպրոցի Կարիերայի կենտրոնի միջոցով փաստաբանական գրասենյակները և այլ տնտեսվարող ընկերությունները հնարավորություն կունենան ընտրելու իրենց համար անհրաժեշտ աշխատողներ, իսկ ունկնդիրները հարցազրույց անցնեն վերջիններիս կողմից հայտարարված թափուր տեղերի համար: Թեև գործընթացը նոր ենք սկսել, բայց արդեն ստացել ենք առաջարկություններ և՛ փաստաբանական գրասենյակներից, և՛ տնտեսվարող սուբյեկտներից, և′ մեր ունկնդիրներից:
Հայաստանում կա՞ որակյալ իրավաբանների կադրային խնդիր
Այո, մենք այսօր ունենք այդ խնդիրը: ՀՀ Սահմանադրության համաձայն, պետությունը պարտավորություն ունի ապահովելու որակյալ իրավաբանական օգնություն, ինչի համար էլ ստեղծվել է ՀՀ փաստաբանական դպրոցը:
Ըստ պաշտոնական տվյալների, 3.018.854 բնակիչ ունեցող Հայաստանում աշխատում են 1.367 փաստաբան, ինչը նշանակում է, որ Հայաստանում բնակվող 2.208 անձին «բաժին է ընկնում» մեկ փաստաբան: Համեմատության համար նշեմ, որ ԱՄՆ-ում մեկ փաստաբանին «բաժին է ընկնում» 300, Իտալիայում՝ 400, Մեծ Բրիտանիայում՝ 500, ՌԴ-ում միայն Մոսկվա քաղաքում 1.385, իսկ Ուկրաինայում՝ 1450 բնակիչ: Կարծում եմ, որ ներկայացված թվերից երևում է, որ մենք նաև փաստաբանների թվի ավելացման խնդիր ունենք:
Հայաստանում որակյալ իրավաբանական օգնություն մատուցելու խնդիրը լուծվել է նաև «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքում վերջերս կատարված փոփոխություններով, որի արդյունքում քաղաքացիական գործերով դատարաններում ներկայացուցչություն կարող են իրականացնել միայն փաստաբանները: Մոտ օրերս նման փոփոխություն է կատարվելու նաև վարչական դատավարության օրենսգրքում:
Փաստաբանական դպրոցը կազմակերպում է նաև փաստաբանների վերապատրաստման գործընթա՞ցը
Այո, մենք լուրջ ձեռքբերումներ ունենք նաև այս հարցում: Հպարտությամբ կարող եմ նշել, որ վերապատրաստման արժեքն ամենացածրը Հայաստանում է' մեկ ժամ վերապատրաստումն արժե' 1.000 ՀՀ դրամ, որից ՀՀ փաստաբանական դպրոցը վճարում է նաև ԱԱՀ:
ՀՀ փաստաբանական դպրոցում կանոնավոր կերպով վերապատրաստման դասընթացներ են անցկացվում դեոնթոլոգիայից (փաստաբանի վարքագծի կանոններ), եվրոպական իրավունքից, քրեական, քաղաքացիկան և վարչական գործերով փաստաբանական հմտություններից, ՀՀ սահմանադրական դատարան դիմելու ընթացակարգերից, փաստաբանական գրասենյակի կառավարումից և այլ առարկաներից:
ՀՀ փաստաբանական դպրոցի կողմից անցկացված ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ բոլոր զարգացած եվրոպական երկրներում փաստաբանների վերապատրաստումը պարտադիր է: Յուրաքանչյուր փաստաբան տարեկան պետք է վերապատրաստվի 24 ժամ: Ոչ բոլոր փաստաբանների կողմից է ողջունվել այս նորությունը, ոմանք դժգոհություն են հայտնել, թե ինչու են «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի համաձայն, վերապատրաստման ժամերը դարձել պարտադիր: Չնայած այդ դժգոհություններին, ՀՀ փաստաբանական դպրոցում 2012-2013 ուսումնական տարում 24 ժամով վերապատրաստվել են 950 փաստաբան, մնացած փաստաբաններն իրենց ժամաքանակը պետք է լրացնեն այս տարի: Այսօրվա դրությամբ 2012-2013 ուսումնական տարում արդեն իսկ 433 փաստաբան անցել է իրեն անհրաժեշտ 48 ժամ վերապատրաստումը:
Ովքե՞ր են վերապատրաստում փաստաբաններին
ՀՀ փաստաբանական դպրոցում առաջին տարում դասավանդող դասախոսները հիմնականում ընտրվել էին Եվրոպայի խորհրդի փորձագետների կողմից, իսկ ներկայումս դասախոսների ընտրության հարցը լուծվում է մրցութային կարգով: Մեզ մոտ մեծամասամբ դասավանդում են փաստաբաններ, սակայն կան և′ դատախազներ, և′ քննիչներ, և′ նոտարներ, և′ դատավորներ, ինչպես նաև լրագրողներ, փորձագետներ, տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետներ:
ՀՀ փաստաբանական դպրոցում վերապատրաստման դասընթացները ևս անցկացվում են ՀՀ փաստաբանական դպրոցի խորհրդի կողմից հաստատված ուսումնական ծրագրերի հիման վրա, որոնք կազմում են ՀՀ փաստաբանական դպրոցի դասախոսները: Այդ գործընթացը կրկնվում է յուրաքանչյուր եռամսյակը մեկ անգամ, այսինքն, յուրաքանչյուր եռամսյակը մեկ դասախոսները մշակում են նոր ուսումնական ծրագրեր, որոնք ներկայացվում են խորհրդի հաստատմանը, և նոր միայն դասավանդվում փաստաբաններին:
Հեռավոր մարզերում աշխատող փաստաբանների վերապատրաստումն անցկացվում է հենց իրենց մարզկենտրոններում: Իսկ այն փաստաբանները, ովքեր բնակվում են հեռավոր մարզերում և ինչ-ինչ պատճառներով՝ աշխատանքային զբաղվածություն կամ հիվանդություն, հնարավորություն չեն ունենում անցնել վերապատրաստման դասընթացները, մոտ ապագայում Համաշխարհային բանկի ֆինասավորման արդյունքում հնարավորություն կունենան վերապատրաստվել հեռավար կարգով: Այս պահին արդեն վերանորոգվում է հեռավար ուսուցման համար նախատեսված համապատասխան տարածքը, որը գտնվելու է ՀՀ փաստաբանական դպրոցի շենքում: Ի դեպ նշեմ, որ մենք երկու ամիս հետո տեղափոխվելու ենք նոր շենք, որը գտնվելու է Զաքիան 5 հասցեում (նախկին Մռավյանի անվան դպրոցի տեղում): Շենքը հիմնովին վերանորոգվել է և հագեցված է ինչպես նոր կահույքով, այնպես էլ ժամանակակից տեխնիկական միջոցներով:
Ի՞նչ նոր ծրագրեր ունի ՀՀ փաստաբանական դպրոցը
Առաջիկայում ՀՀ փաստաբանական դպրոցը զբաղվելու է ուսումնական ծրագրերի վերանայմամբ, գործնական ուսուցման փուլում ունկնդիրների պարտադիր փորձաշրջանի կազմակերպմամբ և նպատակ ունի կազմակերպել նաև համայքների իրավաբանների վերապատրաստումը:
Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ ՀՀ փաստաբանական դպրոցի ունկնդիրներն իրենց պարտադիր փորձաշրջանն անցկացնելու են մարզերում' անվճար իրավաբանական օգնություն տրամադրելով անապահով խավին: Ցավոք ծրագիրը մի քիչ հետաձգվեց և ՀՀ փաստաբանական դպրոցի առաջին հոսքի ունկնդիրները հնարավորություն չունեցան մասնակցելու այդ ծրագրին, սակայն մենք իրենց համար այլ ծրագիր ենք նախատեսել: Ի դեպ այդ ծրագրի շրջանակներում, որպես փաստաբան-ղեկավար ընդգրկվելու են ՀՀ փաստաբանների պալատի անդամները:
ՀՀ փաստաբանական դպրոցը մտադիր է նաև կազմակերպել համայնքների իրավաբանների վերապատրաստումը, որի համար արդեն իսկ դիմել ենք միջազգային կազմակերպություններին ֆինանսավորում ստանալու համար: Ծրագրով նախատեսված է վերապատրաստել 43 համայնքների իրավաբաններին:
Հարցազրույցը՝ Սոնա Մաշուրյանի
Աղբյուրը՝ http://www.pastinfo.am/hy/node/22437
Բեռնել
Վերադառնալ