Փաստաբանների պալատում գումարնե՞ր են փոշիանում
06.09.2013 13:53ՀՀ փաստաբանների պալատի նախագահի թեկնածու Տիգրան Աթանեսյանը խոստանում է ընտրվելու դեպքում փաստաբանների պալատում ֆինանսական ստուգումներ անցկացնել: Նա ուսումնասիրություն է անցկացրել և հետաքննությամբ պարզել, որ պալատի եկամուտը տարեկան կազմում է 1 մլն դոլար, որից շուրջ 350 հազար դոլարը' տարեկան, օդի մեջ է մնում:
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ փաստաբանը հայտարարեց, որ պալատի նախագահի երկու ընտրությունների ժամանակ ընտրել է Ռուբեն Սահակյանին, սակայն փոշիացվող գումարների մասին կասկած անգամ չի ունեցել: Աթանեսյանը, սակայն, հստակ ապացույցներ չունի, որ պետությունից պալատին տրամադրվող գումարները վատնվել են, քանի որ ՓՊ-ն ֆինանսական շատ հաշվետվություններ փակ է պահում: «Ես չեմ պնդում, որ կա հանցագործություն, ես պարզապես ասում եմ, որ կասկածներ ունեմ»,- ասաց նա և հույս հայտնեց, որ իր կասկածները ճիշտ չեն լինի:
Նա նաև ընդգծեց, որ, անկախ ընտրությունների արդյունքներից, հետամուտ է լինելու, որպեսզի բացահայտվի պալատի ֆինանսական գործունեությունը: Անդրադառնալով քարոզարշավի ընթացքում իր հասցեին հնչած մեղադրանքներին' Աթանեսյանը ասաց, որ պատրաստ է մյուս երկու թեկնածուների հետ հեռուստաբանավեճի մեջ մտնել, իսկ այլ ձևաչափով հանդիպումների չի մասնակցի:
Փաստաբանների պալատի նախագահի ընտրությունը կայանալու է սեպտեմբերի 14-ին: Որպես նախագահի թեկնածուներ' գրանցվել են 4 փաստաբաններ' Արա Զոհրաբյանը, Կրոմվել Գրիգորյանը, Տիգրան Աթանեսյանը, Աշոտ Թադևոսյանը: Վերջինս, սակայն, հանել է իր թեկնածությունը: Փաստորեն, ընտրապայքարն ընթանալու է 3 փաստաբանների միջև:
Աղբյուրը՝ http://www.yerkir.am/am/news/54795.htm
Բեռնել
Վերադառնալ