ՀՀ Փաստաբանների Պալատ

Նիկոլայ Բաղդասարյան. Տիգրան Աթանեսյանը խախտել է և՛ բարոյականության, և՛ փաստաբանի վարքագծի կանոնները

05.09.2013 16:28

ՀՀ փաստաբանների պալատի նախագահի թեկնածու Տիգրան Աթանեսյանը, ֆեյսբուքյան իր էջում՝ անդրադառնալով ՀՀ փաստաբանական դպրոցի ֆինանսական գործունեությանը, ներկայացրել է մի շարք թվային տվյալներ, որոնք չեն համապատասխանում իրականությանը: Այսօր իր հայտարարության մեջ այս մասին նշում է ՀՀ փաստաբանական դպրոցի տնօրեն Նիկոլայ Բաղդասարյանը՝ հավելելով, որ Տ.Աթանեսյանը միտումնավոր խեղաթյուրել է ՀՀ փաստաբանական դպրոցի գործունեության ժամանակահատվածը և գումարների մեծությունը՝ իր համար ցանկալի արդյունք ստանալու համար: ՀՀ փաստաբանական դպրոցը քննադատում է փաստաբան Տիգրան Աթանեսյանի և իր կողմնակիցների գործելաոճը՝ առաջարկելով դադարեցնել անհիմն հայտարարություններ տարածելու միջոցով հեղինակություն ձեռք բերելու փորձեր կատարելը: «Նման վարքագիծը հարիր չէ փաստաբանի կարգավիճակին, առավել ևս այն անձին, ով ցանկանում է դառնալ ՀՀ փաստաբանների պալատի նախագահ»,- նշվում Դպրոցի տնօրենի պատասխանի մեջ:

ՀՀ փաստաբանական դպրոցը, մասնավորապես, անդրադառնում է ՀՀ փաստաբանական դպրոցի ֆինանսական գործունեության վերաբերյալ Տիգրան Աթանեսյանի հայտարարությանը և ներկայացնում «հիմնավորված տեսակետ Տիգրան Աթանեսյանի հայտարարության մեջ խեղաթյուրված եղանակով ներկայացված փաստերի վերաբերյալ»:

Պատասխանելով Տիգրան Աթանեսյանի հայտարարությանն առ այն, որ «յուրաքանչյուր հավակնորդ, ըստ իմ տեղեկությունների, դպրոցին վճարում է 640.000 ՀՀ դրամ», ՀՀ փաստաբանական դպրոցը ճշտում է՝ ՀՀ փաստաբանական դպրոցում ուսման վարձը առաջին երկու հոսքերի համար կազմել է 400.000 ՀՀ դրամ, իսկ երրորդ հոսքի ունկնդիրների համար' 500.000 ՀՀ դրամ: Ուսման վարձի ավելացումը պայմանավորված է եղել այն հանգամանքով, որ ՀՀ փաստաբանական դպրոցը 2013 թվականին դարձել է ԱԱՀ վճարող: «ՀՀ փաստաբանական դպրոցում ունկնդիրների ուսման վարձը երբևէ չի եղել 640.000 ՀՀ դրամ, այսինքն՝ Տիգրան Աթանեսյանը նման տեղեկություններ ստանալ չէր կարող, հետևաբար' նա միտումնավոր հորինել է այդ թիվը իրեն նպատակահարմար թվաբանական արդյունքներ ստանալու համար»,- նշվում է Փաստաբանական դպրոցի տնօրենի հայտարարության մեջ:

Տիգրան Աթանեսյանը հայտարարել է նաև, որ «վերջին մեկ տարվա ընթացքում, ևս ըստ իմ տեղեկությունների, դպրոցում սովորել է 120 հավակնորդ, այսինքն, դպրոցը պետք է վաստակած լինի 120*640.000=76.800.000 ՀՀ դրամ: Որևէ տեղեկություն, թե ինչպես է դպրոցը ծախսում 32.640.000+76.800.000=109.440.000 ՀՀ դրամը ևս հրապարակված չէ»: ՀՀ փաստաբանական դպրոցի պատասխանում այս կապակցությամբ նշվում է, որ ՀՀ փաստաբանների պալատից 2012 թվականից մինչև 2013 թվականի մարտ ամիսը (ուսումնական տարվա համար) ստացել է 20.484.000 ՀՀ դրամ, քանի որ վերապատրատումը սկսել է իրականացնել հունիս ամսից, իսկ 2013 թվականին' 14.428.672 ՀՀ դրամ: Վերը նշված գումարներն ուղղվել են բացառապես փաստաբանների վերապատրաստումը կազմակերպելու համար:

ՀՀ փաստաբանական դպրոցն ունկնդիրներից 2012 թվականից մինչև 2013 թվականի մարտ ամիսը (ուսումնական տարվա համար) ստացել է 25.600.000 ՀՀ դրամ (64 ունկնդրից), քանի որ ուսուցումը սկսել է իրականացնել սեպտեմբեր ամսից, իսկ 2013 թվականին 24.000.000 ՀՀ դրամ (60 ունկնդրից):Վերը նշված գումարները ուղղվել են բացառապես ունկնդիրների ուսուցումը կազմակերպելու համար: «Տիգրան Աթանեսյանի կողմից ներկայացված հաշվարկները չեն համապատասխանում իրականությանը, եթե անգամ հաշվի առնենք ընդունելության քննության ժամանակ յուրաքանչյուր հավակնորդի կողմից վճարված 35.000 ՀՀ դրամը»,- նշվում է Փաստաբանական դպրոցի պատասխանում:

Ըստ Փաստաբանական դպրոցի տնօրենի, իրականությանը չի համապատասխանում նաև հաշվետվությունները չհրապարակելու մասին հայտարարությունը: Փաստաբանական դպրոցի տնօրենը պարզաբանում է, որ ՀՀ փաստաբանական դպրոցը հիմնադրամ է, իսկ «Հիմնադրամների մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի համաձայն, ՀՀ փաստաբանական դպրոցը պարտավոր է յուրաքանչյուր տարի հաշվետու տարվան հաջորդող մարտի 25-ից ոչ ուշ http://www.azdarar.am հասցեում գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակել՝ հաշվետվություն իր գործունեության մասին, որը պետք է պարունակի տեղեկություններ իրականացված ծրագրերի, ֆինանսավորման աղբյուրների, ֆինանսական տարում օգտագործված միջոցների ընդհանուր չափի և դրանցում կանոնադրական նպատակների իրականացմանն ուղղված ծախսերի չափի, հիմնադրի, հոգաբարձուների խորհրդի անդամների, կառավարչի և հիմնադրամի աշխատակազմում ընդգրկված անձանց անուններն ու ազգանունները, եթե նրանք օգտվել են հիմնադրամի միջոցներից և ծառայություններից հաշվետու տարվա ընթացքում, ինչպես նաև ֆինանսական հաշվետվությունների վերաբերյալ աուդիտն իրականացնող անձի (աուդիտորի) եզրակացությունը: Հրապարակված հաշվետվությունը կարելի է գտնել http://www.azdarar.am/announcments/org/131/00014816/:

Այսինքն, ՀՀ փաստաբանական դպրոցը, իր գործունեությունը սկսելով 2012 թվականի հունիս ամսից, դեռևս 2013 թվականի մարտ ամսին հրապարակել է հաշվետվություն իր գործունեության մասին։

Փաստաբանական դպրոցն անդրադառնում է Տիգրան Աթանեսյանի հայտարարությանն առ այն, որ «արդյունքում, միայն մոտավոր հաշվարկով, առանց այլ աղբյուրներից տրվող ֆինանսավորման, որոնց մասին, ի դեպ ևս որևէ հանրամատչելի տեղեկություն չկա, Պալատի ընդհանուր բյուջեն /ՀՊԳ-ի և դպրոցի հետ միասին/ կազմում է 260.069.600+81.600.000+76.800.000=418.469.600 ՀՀ դրամ կամ շուրջ 1.030.000 /մեկ միլիոն երեսուն հազար/ ԱՄՆ դոլար»: Ըստ Փաստաբանական դպրոցի տնօրենի, «ըստ Տիգրան Աթանեսյանի՝ ՀՀ փաստաբանների պալատի բյուջեն ներառում է նաև ՀՀ փաստաբանական դպրոցի բյուջեն, մինչդեռ իրավաբանի տարրական գիտելիքներ ունեցող անձը պետք է իմանար, որ ՀՀ փաստաբանների պալատը և ՀՀ փաստաբանական դպրոցը տարբեր իրավաբանական անձինք են և ունեն տարբեր բյուջեներ, հետևաբար ակնհայտ է, որ Տիգրան Աթանեսյանի նպատակը ոչ թե օբյեկտիվ ճշմարտությունը ներկայացնելու միջոցով քննադատություն հնչեցնելն է, այլ թվերի խեղաթյուրման միջոցով հեղինակություն ձեռք բերելը»:

Մեկնաբանելով Տիգրան Աթանեսյանի հայտարարությունը, թե «վերը բերված բոլոր թվերը կրում են մոտավոր բնույթ, քանի որ որևէ պաշտոնական տեղեկություն, բացի պետական բյուջեի հատկացումից, հանրամատչելի չէ», Փաստաբանական դպրոցի տնօրենը նշում է՝ ՀՀ փաստաբանական դպրոցում ուսման վարձի չափը յուրաքանչյուր ընդունելությունից առաջ հրապարակվել է www.pastaban.am-ում' ՀՀ փաստաբանների պալատի պաշտոնական կայքէջում: «Բացի այդ, ՀՀ փաստաբանական դպրոցում ուսուցման վարձի չափի վերաբերյալ առկա են բազմաթիվ մամուլի հրապարակումներ, հետևաբար բացառվում է, որ Տիգրան Աթանեսյանը չիմանար ՀՀ փաստաբանական դպրոցում ուսման վարձի ճշգրիտ չափը, այսինքն՝ Տիգրան Աթանեսյանը գիտակցել է, որ ակնհայտ սխալ տվյալներ է հրապարակում և նման նախադասություն գրելով՝ փորձել է ինքն իր գրածից պաշտպանվելու միջոց գտնել»,- նշում է Ն.Բաղդասարյանը՝ հավելելով, որ ՀՀ փաստաբանական դպրոցը յուրաքանչյուր ընդունելության քննության ավարտից հետո ՀՀ փաստաբանների պալատի պաշտոնական կայքէջում հրապարակում է ունկնդիրների թիվը, «հետևաբար Տիգրան Աթանեսյանը այդ հարցում ևս ապատեղեկատվություն է տարածել»:

Նիկոլայ Բաղդասարյանը հերքում է նաև Տիգրան Աթանեսյանի պնդումը, թե «և այս պայմաններում չի անցկացվում աուդիտ»՝ ՀՀ փաստաբանական դպրոցը գրանցվել է 2012 թվականի փետրվարի 9-ին, 2013թ. «Լոնդոն Բիզնես Գրուպ» ՀՁ ՍՊԸ-ի կողմից իրականացվել է անկախ աուդիտորական ստուգում, որի արդյունքում կազմվել է եզրակացություն, որը, ինչպես վերը նշվեց, հրապարակվել է www.azdarar.am ինտերնետային կայքում:

Տիգրան Աթանեսյանն, իր հրապարակումն ամփոփելով, նշել է. «Եզրակացությունները թողնում եմ ընթերցողին»: Փաստաբանական դպրոցի տնօրենն իր հերթին նշում է՝ «ներկայացվածից կարելի է եզրակացնել միայն, որ Տիգրան Աթանեսյանը խախտել է և՛ բարոյականության, և՛ փաստաբանի վարքագծի կանոնները, նախընտրական փուլում իր սեփական ծրագրերը ներկայացնելու փոխարեն փորձել է վարկաբեկել ՀՀ փաստաբանների պալատը և ՀՀ փաստաբանական դպրոցը»:

Հեղինակ:
«Փաստինֆո»

Աղբյուրը՝  http://pastinfo.am/hy/node/22185



Բեռնել

Վերադառնալ