ՀՀ Փաստաբանների Պալատ

Փաստաբանների պալատի նախագահի թեկնածու Արա Զոհրաբյանը որևէ մրցակցի չի թերագնահատում

05.09.2013 11:06

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Փաստաբանների պալատի նախագահի թեկնածու, ՓՊ գործող նախագահ Ռուբեն Սահակյանի կողմից առաջադրված Արա Զոհրաբյանը:

- Պարոն Զոհրաբյան, քարոզարշավի մեկնարկից արդեն տասն օր է անցել, ինչպե՞ս եք գնահատում դրա ընթացքը:

- Ընդհանուր առմամբ' դրական եմ գնահատում քարոզարշավը։ Մենք օրեր առաջ մեր ընտրական թիմով հանդիպում ունեցանք փաստաբանների հետ, կրկին ծրագրավորում ենք այցելություն մարզեր, ինչպես նաև հանդիպումներ Երևանի փաստաբանների հետ: Մյուս թեկնածուների կողմից հնչող քննադատություններին նորմալ եմ վերաբերվում: Իհարկե, որոշակի անձնավորման միտում կա, սակայն «մրցակցային ընտրություններ» ասելով՝ պետք է երևի թե ընկալել նաև դա, որովհետև, ի վերջո, պետք է, որ մրցակիցը հնարավորություն ունենա նաև քննադատել մյուս թեկնածուներին, որ ընտրողի մոտ տպավորություն թողնի:

- Հանդիպումների արդյունքում ի՞նչ նոր խնդիրներ բացահայտվեցին, որոնք հրատապ լուծման կարիք ունեն։

- Նախընտրական ծրագիրը, որը կազմվել և ներկայացվել է իմ կողմից, խնդիրների և միջոցառումների տեսակետից ունի մի քանի տարվա պատմություն, ինքս էլ որոշակի խնդիրներ եմ մուտքագրել: Փաստաբանների հետ զրույցում մի խնդիր էլ արձանագրվեց, որն, իրոք, լուրջ խնդիր է' կապված անդամավճարների չափի հետ: Կարծում եմ՝ այն մարզերում ինչ-որ առումով պետք է տարբերակվի Երևանից: Բոլորս էլ լավ գիտենք, որ Երևանը տնտեսական զարգացման տեսակետից ավելի կենտրոնացված է, հնարավորությունների առումով էլ ամեն ինչ կա, իսկ մարզային փաստաբաններից ևս պահանջել ամսական հինգ հազար դրամ, արդարացի չէ: Նրանց ծանրաբեռնվածությունը, Երևանի փաստաբանների համեմատ, շատ չէ, այս տեսակետից երևի թե կարիք կա վերանայելու անդամավճարների սահմանման մոտեցումը:

- Կարծիք կա, որ Փաստաբանների պալատի գործող նախագահի կողմից առաջադրվելը որոշակի առավելություն է տալիս: Ըստ Ձեզ' ստեղծվա՞ծ են արդյոք հավասար մրցակցային պայմաններ:

- Նախ՝ ասեմ, որ որոշակի հայտարարություններ միգուցե հասարակության համար, իրոք, տարընկալում առաջացնեին: Լսել եմ նաև հայտարարություն՝ իբր ստորագրություններ են հավաքվում հանրային պաշտպանի գրասենյակից: Պետք է հիշել մի բան. մեր լսարանը փաստաբաններ են՝ մարդիկ, ովքեր ունեն իրավագիտակցության որոշակի մակարդակ։ Այս տեսակետից ուզում եմ հասկանալ դրա իրավական հետևանքները, ընտրությունը մեզ մոտ գաղտնի է, փաստաբանը քվեախցում ինքնուրույն' գաղտնի քվեարկում է։ Նրանից ստորագրություն վերցնելն ի՞նչ նպատակի կարող է ծառայել, դա միայն նրա վարկաբեկման փորձ կարող է լինել, ես այդպես եմ ընկալում: Մենք փաստաբան ենք, մեզանից չի կարելի ստորագրություն վերցնել: Ինչևէ, ես ուշադիր հետևում եմ մրցակիցներիս ելույթներին, ամեն ինչ հաշվի եմ առնում և նորմալ վերաբերվում:

- Ծանո՞թ եք մյուս թեկնածուների նախընտրական ծրագրերին, որքանո՞վ են դրանք մրցունակ:

- Կոնկրետ որպես ծրագիր, այսպես ասած՝ բուկլետներ ներկայացվում են Տիգրան Աթանեսյանի կողմից, խնդիրներ հնչեցրել է Կրոմվել Գրիգորյանը, երկու թեկնածուների կողմից ներկայացվել են տեսակետներ, մոտեցումներ: Ասեմ, որ նրանց ներկայացրած խնդիրների մեծ մասն իմ կողմից տեսանելի են, այսինքն՝ ես տեսնում եմ նրանց բարձրաձայնած խնդիրները, դրանք ներառված են իմ ծրագրի մեջ: Խնդիրը հորինովի չի լինում, այն կա՛մ լինում է, կա՛մ՝ ոչ, մենք, խնդիր ասելով՝ նկատի ունենք արդեն գոյություն ունեցող ինչ-որ բացասական երևույթ, որը հնարավոր չի եղել շտկել:

- Ընտրվելու դեպքում պատրա՞ստ եք համագործակցել մրցակիցների հետ, անգամ' Ձեզ քննադատողների:

- Ընդհանրապես, եթե որևէ գործողության հակազդեցություն չի լինում, այն ինքնին դառնում է միակողմանի, և կարող է, իրոք, արդյունք չունենալ, թեև հաճելի չէ, երբ մրցակիցը սև PR տեխնոլոգիա է կիրառում, սակայն այն ինձ վրա նստվածք չի թողնում: Պատրաստ եմ նրանց հետ աշխատելու, համագործակցելու' անկախ ամեն ինչից, իսկ չընտրվելու դեպքում էլ դարձյալ լինելու եմ ակտիվ, շարունակելու եմ իմ գործունեությունը:

- Թեկնածուներից փաստաբան Տիգրան Աթանեսյանը կարծիք հայտնեց, որ հիմնական մրցակցությունը ձեր երկուսի միջև է: Կա՞ իսկապես մրցակցության նեղ շրջանակ:

- Մյուս երեք մրցակիցներին, իհարկե, լուրջ եմ վերաբերվում: Իմ անձնական կարծիքով' Կրոմվել Գրիգորյանն ավելի շատ ձայներ հավաքելու հնարավորություն ունի, քան Տիգրան Աթանեսյանը, քանի որ ավելի երկար տարիների վաստակ ու փորձ ունի: Դա իմ անձնական կարծիքն է, սակայն արդյունքը կորոշվի ընտրությամբ:

- Փաստաբանների մի շրջանակ Ձեզ վստահում ու համակրում է, Դուք ունեք Փաստաբանների պալատի նախագահի աջակցությունը, գուցե հաղթանակի վստահությո՞ւն կա արդեն:

- Չմոռանանք, որ գաղտնի ընտրության մասին է խոսքը, ես հակված եմ երբեք չթերագնահատելու իմ մրցակիցներին, մինչև վերջին վայրկյանն էլ այդպես եմ վերաբերվելու: Ավելի լավ է մրցակցին գերագնահատել, քան հակառակը: Դա նաև ներքին ազդակ կհանդիսանա, որ ինքդ քեզ վրա աշխատես, երբեք չթուլանաս: Ես մինչև վերջին վայրկյանը որևէ թեկնածուի չեմ թերագնահատելու: Պալատի նախագահն ինձ առաջադրել է որպես փաստաբանի, իսկ թե ինչու է առաջադրել, այդ հարցը պետք է ուղղել իրեն: Պետք է ասեմ մի բան՝ ես վստահ եմ իմ ծրագրի վրա, վստահ եմ, որ այն կարող եմ իրագործել։ Միայն դրանում եմ վստահ:

- Բոլոր թեկնածուների կողմից բարձրաձայնվում է որակյալ փաստաբանների պակասի մասին, այդ խնդրի լուծումն ինչպե՞ս եք պատկերացնում:

- Նախ ասեմ՝ իմ ծրագրում կան համապատասխան միջոցառումներ' ուղղված նաև մեր բոլորիս մասնագիտական որակի բարձրացմանը։ Օրենքով մեզ վրա նաև պարտավորություն է դրված՝ կատարելագործել մեր գիտելիքները: Կան մի շարք ծրագրեր, միջոցառումներով կփորձենք հասնել դրան, կաշխատենք վերապատրաստման ծրագրերն ըստ փաստաբանների պահանջարկի ձևավորել, որ նրանք մասնակցեն վերապատրաստման այն ծրագրին, ինչն իրենց պետք է, մասնագիտանան հենց այդ ուղղույթյամբ: Կարծում եմ' այս ընտրություններին թեկնածուներով այնպես պիտի մասնակցենք, որ արդյունքում մեր փաստաբանական համայնքի հեղինակությունը մեկ քայլ առաջ գնա, ոչ թե՝ հետ:

- Փաստաբանների պալատի նախագահի ընտրությունն այս անգամ հանրային բնույթ ստացավ, դա կօգնի՞ ընտրությունների ընթացքին, թե՞ կարող է և վնասել:

- Իհարկե, հանրային ընկալումն էլ է անհրաժեշտ: Փաստաբանների պալատը հանրային կազմակերպություն է, կարծում եմ՝ սա միայն նպաստելու է ընդհանրապես պալատի նկատմամբ հասարակության վերաբերմունքի ձևավորմանը:

- Պալատի նախագահի պաշտոնում ընտրվելու դեպքում պատրա՞ստ եք զոհաբերել Ձեր մասնագիտական աշխատանքը:

- Այո, բնականաբար, ես այլևս չեմ զբաղվելու իմ գործով, ընդ որում' իմ սիրած գործով, բայց կարծում եմ' որպեսզի զուտ պրակտիկ առումով նաև պատկերացնեմ դաշտը, կպահեմ մի քանի գործ, նաև այսպես ասած՝ «ճիշտ մարզավիճակում մնալու», իրականությունից չկտրվելու համար, որպեսզի հասկանամ՝ ինչպես է գործընթացը գնում, փաստաբանն իրեն ինչպես է զգում։ Բայց, իհարկե, այդ զոհողությունը քո գործողությունների մասն է:

 

Աղբյուրը՝  http://www.1in.am/arm/armenia_interview_211657.html



Բեռնել

Վերադառնալ