Տիգրան Աթանեսյան. Փաստաբանների պալատի ֆինանսական գործունեությունը շատ մութ է
03.09.2013 12:39Հատված Փաստաբանների պալատի նախագահի թեկնածու Տիգրան Աթանեսյանի հարցազրույցից:
- Ռուբեն Սահակյանի «ժառանգորդ օպերացիան» ինչո՞վ է սպառնում Պալատին, որ ուզում եք կանխել։
- Փաստաբանների պալատն այն միավորումը չէ, որտեղ գործող նախագահը կարող է որոշել կամ կանխորոշել, թե ով պետք է լինի հաջորդ նախագահը։ Դա տոտալիտար սեկտայի նման մի բան է դառնում։ Եթե փաստաբանն ազատ չէ, ինքնուրույն որոշումներ չի կարող կայացնել։ Պալատը պետք է նպաստի, որ փաստաբանները լինեն ազատ։ Սա թելադրանք է։
Դեմ էի առհասարակ, որ գործող նախագահն առաջադրի ինչ-որ մեկի թեկնածությունը։ Եթե այս օպերացիան իրականացավ, մենք վերածվելու ենք մի տխուր պետական հիմնարկի։ Ես բացառում եմ որեւէ զարգացում։ Նման կերպով դառնալ նախագա՞հ, այդ նախագահը ինչ քայլ ձեռնարկի, իր կողքին են լինելու յուրայինները, իր շրջապատը, իսկ հիմնական փաստաբանները, ինչպես հիմա է, աշխատելու են խուսափել Պալատից։ Սա փաստաբանական ինստիտուտի կայացմանը լրջագույն հարված է լինելու։
- Ենթադրենք, հիմա Ռուբեն Սահակյա՛նը չի Փաստաբանների պալատի նախագահը, այլ դուք եք, դրանից ի՞նչ է փոխվում։
- Շատ բան կփոխվի։ Նախ, Պալատը չունի տարեկան գործունեության ծրագիր, նման ծրագիր չի ներկայացվում փաստաբանների քննարկմանը, ոչ մեկի առաջարկը չի լսվում, 21-րդ դարում մենք ունենք մի վեբ– կայք, որտեղ չկա ոչ ինտերակտիվ կառավարման ձեւ, ոչ ֆորում, որտեղ փաստաբանները կարծիքներ կփոխանակեն։ Այսինքն, նման տեխնոլոգիաների կիրառմամբ բոլոր փաստաբաններին պետք է տալ հնարավորություն՝ տեղեկանալ ինչ է կատարվում, ինչ է ծրագրվում, երբ են լինելու խորհրդի նիստերը, փաստաբանը պետք է կարողանա կարծիք հայտնել որոշման նախագծերի վերաբերյալ։ Ինչո՞ւ պետք է միշտ նույն մարդիկ գումարներ ստանան եւ մասնակցեն քաղաքից դուրս կազմակերպվող սեմինարներին։ Պետք է սկսնակ փաստաբաններին ինքնադրսեւորվելու հնարավորություն տալ, ինչը չի արվում։
Պալատի ֆինանսական գործունեությունը շատ մութ է, անհասկանալի, միջազգային համագործակցությունը զրո է, ոչինչ չեն արել։ Պալատի խորհրդի գործունեության մեջ հստակություն ու թափանցիկություն պետք է մտցնել, ծրագրեր մշակել, աշխատանքներում ներգրավել փորձառու իրավաբանների։ Կա գիտավերլուծական կենտրոն, չգիտես ինչ են անում, լուրջ էքսպերտների կարիք կա այնտեղ։ Շատ են ուղղություններն ու անելիքները։
Լուսինե ԲԱՐՍԵՂՅԱՆ
Աղբյուրը՝ http://www.aravot.am/2013/09/03/282643/
Բեռնել
Վերադառնալ