ՀՀ Փաստաբանների Պալատ

Կրոմվել Գրիգորյանը դեմ է սեւ քարոզչությանը

03.09.2013 07:41

Սեպտեմբերի 14-ին տեղի կունենա Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի հերթական ընդհանուր ժողովը, որի օրակարգում է Պալատի նախագահի ընտրությունը: Դրանք Պալատի նախագահի՝ թվով երրորդ ընտրություններն են. նախորդ երկու ընտրություններում այդ պաշտոնում ընտրվել, ապա վերընտրվել էր ՓՊ գործող նախագահ, փաստաբան Ռուբեն Սահակյանը: Առաջիկա ընտրությունների, Փաստաբանների պալատի ու փաստաբանական ինստիտուտի երեկվա, այսօրվա ու վաղվա մասին է «Փաստինֆո» գործակալության զրույցը ՓՊ նախագահի թեկնածու ինքնառաջադրված փաստաբան Կրոմվել Գրիգորյանի հետ:

- Ութ տարի է անցել Փաստաբանների պալատի նախագահի առաջին ընտրություններից ի վեր: Դուք ինչպե՞ս եք գնահատում այս տարիների ընթացքում Փաստաբանների պալատի գործունեությունը, Ձեր կարծիքով ի՞նչ բացթողումենր, ի՞նչ ձեռքբերումներ են եղել, ի՞նչ խնդիրներ կան, որոնք անհրաժեշտ է լուծել:

- Պալատի, ի դեմս ՓՊ նախագահի աշխատանքը ես ավելի շատ կգնահատեմ բացասական: Նախ՝ Պալատը ծառայել է զուտ պրն. Սահակյանի համար որպես փաստաբանական գրասենյակ, նրա շնորհիվ ութ տարվա ընթացքում Փաստաբանական պալատը բաժանվել է երկու խմբի՝ յուրայինների և օտարների: Յուրայիններն օգտվում են արտոնություններից՝ մասնավորապես, գնում են գործողումների, մասնակցում միջոցառումների: Միշտ դրանցից օգտվում են այն անձինք, ովքեր գտնվում են Սահակյան Ռուբիկի շրջապատում, ովքեր հլու-հնազանդ ենթարկվել են նրան: Փաստաբանների պալատի Խորհրդի ընտրությունները՝ շնորհիվ Սահակյան Ռուբիկի, տեղի էին ունենում ցանկալի անձանցից կազմված, նախօրոք մշակված ցուցակներով: Ի զարմանս ինձ, ութ տարվա ընթացքում նա չի կարողացել նորմալ, կուռ Խորհրդի կազմ ունենալ, որովհետև նաև անհամաձայնություններ, տարաձայնություններ կան ցանկացած ժամանակ ընտրված Խորհրդի անդամների միջև: Բացի այդ Փաստաբանների պալատի հեղինակությունն այն մակարդակի վրա չի գտնվում, որը ես, նաև մյուս փաստաբանները կցանկանային տեսնել, դատական համակարգի, դատախազության, ոստիկանության, ԱԱԾ-ի կողմից հարգանք չկա Պալատի նկատմամբ ու դա ամբողջությամբ շնորհիվ ներկայիս նախագահի գործունեության:

Ես ցանկանում եմ, Պալատի նախագահ ընտրվելու դեպքում, վեր դասել փաստաբանի հեղինակությունը բոլոր հարաբերություններից՝ դատախազության, ոստիկանության, ԱԱԾ-ի, թե որևէ մեկ այլ ծառայության հետ, որպեսզի փաստաբանը հարգվի բոլորի կողմից: Սկզբունքային փաստաբանները, ովքեր գործարքի մեջ չեն մտնում նախաքննության մարմնի հետ՝ ի վնաս իրենց պաշտպանյալի, դառնում են թիրախ վարույթ իրականացնող մարմնի համար, նրանք դիմում են Փաստաբանների պալատին և փաստաբանների նկատմամբ հարուցվում է կարգապահական վարույթ, և այն փաստաբանը, որը չի կարողանում իր շահերը հստակ ներկայացնել Խորհրդում, ենթարկվում է տույժի:

- Ի՞նչ կասեիք Փաստաբանների Պալատի դեմ Ձեր դատական հայցերի մասին:

- Մի խիստ նկատողության հետ կապված առաջին ատյանի դատարանում գործը ես շահեցի, վերաքննիչ դատարանում գործի քննության ժամանակ Փաստաբանների պալատի խորհուրդը իմ դիմումի հիման վրա վերանայեց իր որոշումը և վերացրեց այն, ինչն ես ողջունում եմ՝ ցանկալի է, որ փաստաբանի խնդիրը Պալատի հետ՝ մեր միջև առկա վեճն ինքներս լուծենք: Մյուս վեճը՝ նկատողության հետ կապված գտնվում է Վերաքննիչ դատարանում, և դեռևս ավարտված չէ: - Այս հայցերը կարելի է բնութագրել որպես «օտար» և «յուրային» հարաբերությունների արգասի՞ք:

- Միանշանակ՝ շնորհիվ Ռուբեն Սահակյանի, ով բազմաթիվ անգամ, պատեհ-անպատեհ առիթներով միշտ փորձում է խոչընդոտել իմ փաստաբանական գործունեությանը:

- Ինչպե՞ս ստացվեց, որ ինքնառաջադրվեցիք:

- Ես անցել եմ մի ճանապարհ, որ չէի ցանկանա, որ որևէ փաստաբան նման խնդիրների միջով անցներ, բազմաթիվ նյութեր, քրեական գործեր են հարուցվել իմ դեմ ժամանակին մեկ նպատակով, որպեսզի ես համագործակցեմ վարույթն իրանականցնող մարմնի հետ՝ ի շահ իրենց և ի վնաս իմ պաշտպանյալների, սակայն ես դա չեմ ընդունել: Ես իրավունք ունեմ ղեկավարելու այդ կառույցը և սատար կանգնելու սկզբունքային փաստաբաններին:

- Ընտրվելու դեպքում ի՞նչ կուզենայիք փոխել:

- Փոփոխությունները կլինեն բազմաթիվ՝ սկսած ամենակարևորից, որպեսզի «յուրային» և «օտար» հասկացողություններ չլինեն փաստաբանների միջև: Պալատի կողմից աջակցություն կստանան փաստաբանները՝ ներառյալ սկսնակ փատաբաններն, ովքեր ինչ-ինչ հանգամանքների բերումով կամ չճանաչված լինելու պատճառով չունեն հաճախորդներ: Ներկայումս փաստաբանները Պալատի հետ առնչվում են, խոսքս ոչ յուրայինների մասին է, անդամավճար մուծելու կամ տույժի ենթարկվելու պարագայում, ինչը կցանկանայի, որ բացառվի հետագա իմ աշխատանքում:

- Ինչպե՞ս եք գնահատում ընտրվելու Ձեր հնարավորությունները՝ հաշվի առնելով, որ թեկնածուներից մեկը գործող նախագահի տեղակալն է:

- Արա Զոհրաբյանը վայր է դրել ՓՊ նախագահի տեղակալի ու խորհրդի անդամի լիազորությունները, ուստի ճիշտ չէ նրան ներկայացնել որպես իշխանությամբ օժտված թեկնածու: Լավ կլիներ, որ Արա Զոհրաբյանն ինքնառաջադրվեր, ոչ թե Սահակյան Ռուբենը նրան առաջադրեր, այդ դեպքում դա նրան ավելի շատ ձայներ կբերեր: Ինչ վերաբերում է ընտրվելու իմ շանսերին՝ համոզված եմ, որ ես հաջողություն կունենամ:

- Արդեն չորրորդ օրն է, ինչ սկսվել է քարոզարշավը, ինչպե՞ս եք գնահատում դրա ընթացքը, խախտումներ արձանագրե՞լ եք:

- Դեռևս խախտումներ ես չեմ նկատել, բավարար եմ գնահատում և համոզված եմ, որ իմ մրցակից կոլեգաները իրենց ճիշտ կպահեն և չեն փորձի մյուս թեկնածուին վարկաբեկելով, վատաբանելով ձայներ հավաքել: Ես նաև համոզմունք կցանկանամ հայտնել, որպեսզի թեկնածուների միջև առողջ մրցակցության պայմանավորվածությունը պահպանվի մինչև ընտրության օրը: Փորձենք ոչ թե մեկս մյուսին պախարակելով ձայն հավաքել, այլ ընդամենը ներկայացնել մեր ծրագրերը, մեր կատարելիք աշխատանքները: Ըստ իմ ունեցած ինֆորմացիայի, թեկնածուները փորձում են այդ կերպ վարվել՝ մեկ թեկնածուի մասին հրապարակումները ես դեռ չեմ տեսել, իսկ մյուս երկուսը փորձում են այդպես վարվել:

- Քարոզարշավի համատեքստում Դուք ինչպե՞ս եք գնահատում թեկնածուներից մեկի՝ Տիգրան Աթանեսյանի որդեգրած սև ՓԻԱՌ-ի մարտավարությունը' ոչ միայն սեփական կառույցը, այլև իրավապահ մարմինները մեկ առ մեկ վատաբանելու միջոցով: - Ինձ անձամբ որպես թեկնածու դա դուր չի գալիս: Ես ավելի շատ կասեի, որ դա խոսում է թեկնածուի փորձի պակասի մասին: Թերևս այսքանն այդ հարցի հետ կապված՝ ես համոզված եմ, որ նաև մյուս փաստաբանները քվեարկության ժամանակ իրենց ձայներով դրա պատասխանը կտան:

- Ձեր գնահատմամբ, ինչպիսի՞ն է փաստաբանական ինստիտուտի կայացվածության աստիճանը:

- Ինստիտուտը կայացման փուլում է գտնվում: Մեզ անհրաժեշտ է ուժեղ ղեկավար, որպեսզի իրականում այդ ինստիտուտը կայանա, այնպիսի ղեկավար, որը չի համագործակցի Վճռաբեկ դատարանի նախագահի հետ, չի համագործակցի դատախազության հետ, չի համագործակցի մյուս կազմակերպությունների հետ, որոնց փաստաբաններն իրենց աշխատանքի բերումով առնչվում են ամեն օր, ամեն ժամ:

- «Փաստաբանության մասին» օրենքն, ըստ Ձեզ, նպաստո՞ւմ է փաստաբանական կառույցի զարգացմանը, թե՞ փոփոխություններ անելու կարիք կա:

- Փոփոխություններ անհրաժեշտ են, նաև այդ ուղղությամբ պետք է բավականին աշխատանքներ տարվեն:

Հարցազրույցը' Սոնա Մաշուրյանի

Աղբյուրը՝ http://www.pastinfo.am/hy/node/21558#sthash.bLoovrn4.0mtIhc58.dpuf



Բեռնել

Վերադառնալ