ՀՀ Փաստաբանների Պալատ

Առաջին հերթին կվերացնեմ «յուրայիններ և օտարներ» հասկացությունը. փաստաբան Կրոմվել Գրիգորյան

03.09.2013 07:32

Փաստաբանների պալատի նախագահի պաշտոնում իր թեկնածությունն առաջադրած փաստաբան Կրոմվել Գրիգորյանի առաջին քայլն ընտրվելու դեպքում կլինի նախորդ 8 տարիներին Պալատում ներդրված որոշ արատավոր երևույթներից ձերբազատումը: «Դա յուրայինների և օտարների գաղափարախոսությունն է, որ ներդրվել է ներկայիս նախագահի կողմից»,- պարզաբանեց Կրոմվել Գրիգորյանը:

Ըստ թեկնածուի, նրանք, ովքեր ենթարկվում են Պալատի նախագահի կամայականություններին՝ համարվում են յուրայիններ և օգտվում են ամեն տեսակի արտոնությունից՝ ընդհուպ մինչև զանազան շրջագայությունների մասնակցելը: Իսկ այն փաստաբաններն, ովքեր չեն ենթարկվում Պալատի նախագահի կամայական որոշումներին, այդպես էլ մնում են օտարների շարքում:

Անձամբ Կրոմվել Գրիգորյանն, արդեն 8 տարի է, տարբեր հարցերի շուրջ տարաձայնություններ ունի Պալատի նախագահի հետ: «Իր կամայականություններով նա բավականին խոչընդոտների առաջ է կանգնեցրել ինձ՝ անհիմն կարգապահական տույժեր նշանակելով»,- հայտարարեց Կրոմվել Գրիգորյանը:

Փաստաբանների պալատի նախագահ Ռուբեն Սահակյանի ոչ բարեհաճ վերաբերմունքն իր նկատմամբ Կրոմվել Գրիգորյանը բացատրում է դեռևս 2004թ-ի Պալատի նախագահի ընտրությունների ժամանակ նրա դեմ քվեարկելու հանգամանքով:

«Այն ժամանակ, ես շատ ակտիվ պաշտպանել եմ Ենոք Ազարյանի թեկնածությունն, ով այդ ժամանակ ընտրվեց, սակայն դատական կարգով այդ հաղթանակը անվավեր ճանաչվեց: Ինչ-ինչ լծակների հաշվին ներկայիս նախագահը դարձավ Պալատի անօրինական նախագահ ու սկսվեց որսը, ինչպես նաև բաժանումը օտարների և յուրայինների՝ պայքար նրանց դեմ, ովքեր որ իրեն են դեմ եղել ընտրությունների ժամանակ»,- բացատրեց Պալատի նախագահի թեկնածուն:

Ընտրվելու դեպքում Կրոմվել Գրիգորյանը վերջ կդնի այդ անհասկանալի բաժանմանը, որ գոյություն ունի 1 400 անդամ ունեցող փաստաբանական մեծ ընտանիքում: Նա ցավում է, որ «օտարներ-յուրայիններ» գաղափարախոսությունը գոյություն ունի նաև հանրային պաշտպանների գրասենյակներում:

«Հանրային պաշտպան կարող է դառնալ միայն «յուրային» համարվող մարդը: Դուք հասկանու՞մ եք ինչ է նշանակում սկսնակ փաստաբան: Մարդ, ով դեռ չունի հաճախորդներ, անուն և իր կարիերայի սկզբում կարիք ունի օգնության: Նրանք, ովքեր նախագահի բարեհաճությամբ դառնում են հանրային պաշտպաններ, մի կողմից ապահովված են ամսական կայուն աշխատավարձով, մյուս կողմից նրանց սկսում են ճանաչել պոտենցիալ հաճախորդները: Այդ գրասենյակում տեղավորվելն էլ փաստորեն «յուրայինների» մենաշնորհն է»,- նկատեց Կրոմվել Գրիգորյանը:

Նախագահի թեկնածուն ընտրվելու դեպքում վերականգնելու է Պալատի հեղինակությունը: Փաստաբանների պալատն այսօր, ըստ Կրոմվել Գրիգորյանի, հավուր պատշաճի չի ընդունվում Վճռաբեկ դատարանի, Դատախազության և Ոստիկանության կողմից:

«Ես նորմալ չեմ համարում այն հուշագիրը, որ ստորագրվել է պալատի նախագահի և ոստիկանապետի միջև,- ասաց Կրոմվել Գրիգորյանը,- այդ հուշագրով ստացվում է, որ Ոստիկանությունը օրենքով սահմանված իր պարտականություններն է կատարում, բայց դրա կապակցությամբ չգիտես ինչու հուշագիր է ստորագրվում»:

Կրոմվել Գրիգորյանը համոզված է, որ փաստաբանների շրջանում աջակցություն է վայելում, որը մեծացնում է ընտրություններում հաղթելու իր շանսերը:

«Բավականին աղմկահարույց գործերի եմ մասնակցել: Սկզբունքային եմ ու երբևէ պաշտպանյալիս դեմ որևէ գործողություն իմ կողմից չի իրականցվել: Բազմաթիվ անգամ վարույթն իրականացնող մարմինն առաջարկել է համագործակցել, սակայն մշտապես մերժվել է: Նրանք ասել են, համագործակցիր մեզ հետ և դու խնդիրներ չես ունենա, բայց ես չեմ համաձայնվել, այլապես այսօր ես փաստաբան չէի աշխատի»,- ասաց նա։

Հիշեցնենք, որ Սեպտեմբերի 14-ին կայանալիք Փաստաբանների պալատի նախագահի ընտրությունների նախընտրական քարոզարշավն արդեն մեկնարկել է: Ընտրապայքարին մասնակցում են 4 փաստաբաններ' Արա Զոհրաբյանը, Կրոմվել Գրիգորյանը, Աշոտ Թադևոսյանը և Տիգրան Աթանեսյանը:

 

Աղբյուրը՝  http://www.tert.am/am/news/2013/08/28/kromvel-griroryan-lawyer/



Բեռնել

Վերադառնալ