Փաստաբանական պալատն այսօր նման է լճացած «բյուրոկրատական» օղակի. Կրոմվել Գրիգորյան
03.09.2013 07:24«Այսօր այլևս չեն գործում փաստաբանությունը իշխանության վերահսկողության տակ պահելու ավանդական մեթոդները: Ցավոք, ներկայում այլ վտանգ կա' կենսունակ են պալատի նախագահի մինչեւ հաջորդ ընտրություն վերահսկելի նախագահ ունենալու հնարավորությունները: Եթե այս մտավախությունս իրականություն դառնա, ապա կարող ենք «խաչ քաշել» անկախ փաստաբանության գաղափարի վրա, քանի որ հետևանքներն աղետալի կլինեն հասարակության ու պետության համա»,- ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ հարցազրույցում ասաց ՀՀ փաստաբանների պալատի նախագահի թեկնածու Կրոմվել Գրիգորյանը:
Նա գործընկերներին հորդորեց ընտրություն կատարել իրավաբանին հարիր բարձր պատասխանատվությամբ:
«Փաստաբանության ոլորտում չլուծված բազմաթիվ խնդիրներ կան, հուսով եմ, որ այս ընտրությունները նոր հեռանկարներ կբացեեն ոլորտի զարգացման համար, անկախ հանգամանքից, թե ով կընտրվի պալատի նախագահ», -ասաց թեկնածուն:
Սեպտեմբերի 14-ին նախանշված ընտրությունները Կ. Գրիգորյանի համոզմամբ, փոփոխություններ ու զարգացումներ կբերեն փաստաբանական ընտանիքին: Նրա խոսքով, պալատի ղեկավարության որդեգրած «քաղաքական» ներկա կուրսը վաղուց է սպառել իրեն եւ պետության այս կարեւորագույն ինստիտուտը նմանվել է լճացած «բյուրոկրատական» օղակի, որն իր առջեւ ծառացած խնդիրները կիսատ-պռատ ու չհամակարգված է լուծում: Նրա խոսքով, փաստաբանական ընտանիքը չնայած մասնագիտական լուրջ ներուժին, գրեթե չի մասնակցում պետության ներսում ընթացող իրավական գործընթացներին: Կ.Գրիգորյանի համոզմամբ, հարկ է ակտիվություն ցուցաբերել մարդու իրավունքների պաշտպանության համար կարևորագույն նշանակություն ունեցող օրինագծերի, քաղաքացիների շահերին առնչվող դատական վեճերի նկատմամբ:
Պալատի նախագահ ընտրվելու դեպքում, թեկնածուն փաստաբանության մասին օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու առաջարկ կներկայացնի: Կ.Գրիգորյանը անհրաժեշտ է համարում փաստաբանների կարգապահական պատասխանատվության պրակտիկայի վերանայումը, որակավորման քննությունների խստացումը, փաստաբանների իրավական իրազեկվածության բարձրացումը:
Փաստաբանների եւ պալատի միջեւ կապ հաստատելու լավագույն միջոցներից մեկն էլ, նրա կարծիքով, կարող է լինել մասնագիտական ամսագրի հրատարակումը:
Աղբյուրը՝ http://shamshyan.com/arm/2013-08-27-kromvel-grigoryan.html
Բեռնել
Վերադառնալ