ՀՀ Փաստաբանների Պալատ

Դատախազը «զլացել» է բողոքարկել վճիռը

30.08.2013 13:50

Երևան քաղաքի հանրային պաշտպանների վարույթներում գտնվող գործերի ուսումնասիրությունից պարզվել է հետևալը.

Թիվ ԵՇԴ -0039/01/13/ քրեական գործով Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը /դատավոր Ն. Բաղդասարյան/ 03.07.12թ. դռնբաց դատական նիստում, դատական քննության արագացված կարգի կիրառմամբ, ղեկավարվելով ՀՀ քրեական օրենսգրքի 67.1 հոդվածի 2-րդ մասով /առանձնապես վտանգավոր ռեցիդիվ/, ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդ. 1-ին մասով մեղադրվող ամբաստանյալ Կարեն Ալավերդյանին դատապարտել է ազատազրկման 1 տարի 6 ամիս /18 ամիս/ ժամկետով:

Ամբաստանյալի պաշտպան Լ. Ավետիսյանը, գտնում է, որ դատավոր Բաղդասարյանի կողմից ճիշտ չի հաշվարկվել ամբաստանյալ Կ. Ալավերդյանի պատժաչափը:

ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 1-ին մասի սանկցիան նախատեսում է տուգանք նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ կալանք առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկում առավելագույնը երկու տարի ժամկետով:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի «Արագացված կարգով դատական քննություն անցկացնելու և դատավճիռ կայացնելու կարգը» սահմանող 375.3 հոդվածի 6-րդ մասը սահմանում է, որ «Դատարանը արագացված կարգով դատական քննության արդյունքում, մեղադրական դատավճիռ կայացնելիս, նշանակում է պատիժ, որը չի կարող գերազանցել կատարված հանցագործության համար նախատեսված առավել խիստ պատժի երկու երրորդը»:
ՀՀ քրեական օրենսգրքի 178 հ. 1-ին մասով առավելագույն խիստ պատիժը 2 տարի ազատազրկումն է, որի երկու երրորդը կազմում է 16 ամիս, այսինքն արագացված կարգ կիրառելու պայմաններում դատարանը չի կարող վերը նշված հոդվածով մեղադրվող ամբաստանյալին դատապարտել 16 ամսից /մեկ տարի չորս ամիս/ ավել ազատազրկման:

ՀՀ քրեական օրենսգրքի 67.1 հոդվածի 2-րդ մասի 3-րդ պարբերությունը սահմանում է, որ «Հանցագործությունների, առանձնապես վտանգավոր ռեցիդիվի համար նշանակված պատիժը չի կարող պակաս լինել սույն օրենսգրքի Հատուկ մասի համապատասխան հոդվածի սանկցիայով նախատեսված առավելագույն պատժի երեք քառորդից», այսինքն՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդ. 1-ին մասով մեղադրվող ամբաստանյալ Կ.Ալավերդյանի պատժաչափը չի կարող պակաս լինել 18 ամսից:

Առաջացել է հակասություն:

Միևնույն հանցագործությունը կատարելու համար առաջին դեպքում պատժաչափը չի կարող գերազանցել 16 ամիսը, իսկ երկրորդ դեպքում չի կարող պակաս լինել 18 ամսից: Տվյալ դեպքում Կ.Ալավերդյանը դատապարտվել է 18 ամսվա ազատազրկման:
ՀՊԳ պաշտպան Լ.Ավետիսյանը 01.08.13թ. վերը նշված հիմքով ներկայացրել է վերաքննիչ բողոք, խնդրելով բեկանել դատավճիռը և Կ.Ալավերդյանի նկատմամբ նշանակել օրենքով սահմանված պատիժ:

Մինչև բողոքի քննարկումը դատարանը ստացել է պաշտպանյալ Կ.Ալավերդյանի 20.08.13թ. ամսաթվով թվագրված Մ-4644/13 դիմումը, որտեղ վերջինս խնդրել է բողոքը չքննել և ետ վերադարձնել:

Քանի որ տվյալ դատական ակտի դեմ այլ վերաքննիչ բողոքներ Վերաքննիչ դատարանում չեն ստացվել, 20.08.13թ. վերաքննիչ վարույթը կարճվել է և ԵՇԴ/0039/01/13/ գործով դատավճիռը մտել է ուժի մեջ:

Անհրաժեշտ է ընդգծել, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդ. 1-ին մասի 11-րդ կետով «Դատախազը լիազորված է բողոքարկել դատարանի դատավճիռները,...», իսկ ՀՀ Դատախազության մասին օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներին համապատասխան « Գործին մասնակցող դատախազը պարտավոր է բողոքարկել օրինական ուժի մեջ չմտած այն դատական ակտը, որն իր կարծիքով հիմնավոր չէ կամ ապօրինի է»:
ՀՊ Լ. Ավետիսյանի վերաքննիչ բողոքում հիմնավորվել է, որ Կ.Ալավերդյանի գործով ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավճիռը պատժաչափի իմաստով ապօրինի է: Ինչ-ինչ պատճառներից ելնելով, որոնց վերաբերկալ կարելի է միայն ենթադրություններ անել, մեղադրյալ Կ.Ալավերդյանը հրաժարվել է հ/պ Լ.Ավետիսյանի բողոքից:

«Հարց է առաջանում, ինչո՞ւ վարույթին մասնակցող դատախազը կամ նրա վերադասը չեն կատարել օրենքով իրենց վրա դրված պարտականությունները և չեն բողոքարկել պատժաչափի մասով Կ.Ալավերդյանի բացահայտ ապօրինի դատավճիռը»-,ասում է հանրային պաշտպան Լ. Ավետիսյանը:
Պալատի փաստաբաններին խնդում ենք իրենց կարծիքը հայտնել սույն հոդվածում արծարծվող հարցի վերաբերյալ:

Կարինե Ղումաշյան
ՀՀ Փաստաբանների պալատ



Բեռնել

Վերադառնալ