Արա Զոհրաբյանը՝ ՓՊ ձեռքբերումների եւ խնդիրների մասին
29.08.2013 10:40Սեպտեմբերի 14-ին տեղի կունենան Փաստաբանների պալատի (ՓՊ) նախագահի ընտրությունները։ Կպայքարեն փաստաբաններ Տիգրան Աթանեսյանը, Կրոմվել Գրիգորյանը, Աշոտ Թադևոսյանը և Արա Զոհրաբյանը: Վերջինս հրաժարվել է ՓՊ նախագահի տեղակալի պաշտոնից եւ դադարեցրել Պալատի խորհրդի անդամի լիազորությունները, որպեսզի հավասար պայմաններում գտնվի մրցակիցների հետ:
Արա Զոհրաբյանը մեկնարկած քարոզարշավի շրջանակներում այսօր ասուլիս էր հրավիրել՝ ներկայացնելու իր նախընտրական ծրագիրը: Վերջինս նախ անդրադարձավ Պալատի ձեռքբերումներին. 2005-ին 3 փաստաբանական միություններ միաձուլվեցին մեկ կառույցի՝ ՓՊ-ի ներքո, ինչի շնորհիվ փաստաբանները կարողացան հանդես գալ իբրև հավաքական ուժ:
«Սա շատ կարևոր բարեփոխում էր, ինչը կնպաստի նաեւ արդարադատության համակարգի կայացմանը»,- ասաց Զոհրաբյանը՝ միաժամանակ առանձնացնելով մարզամշակութային կենտրոնի հիմնումը, որի առաքելությունն է ավելի սերտացնել փաստաբանների հարաբերությունները, ստեղծել փոխադարձ հարգանքի եւ վստահության մթնոլորտ: Այս համատեքստում կազմակերպվում են զանազան միջոցառումներ՝ սպորտային, ինտելեկտուալ խաղեր, արշավներ և այլն:
Արա Զոհրաբյանը իբրեւ ձեռքբերում նշեց նաեւ ՓՊ-ի գիտագործական կենտրոնի հիմնադրման մասին, որը համապատասխան եզրակացություններ է տալիս օրենքների նախագծերի վերաբերյալ, ինչպես նաեւ Սահմանադրական արդարադատության հարցերով տալիս է եզրակացություններ. «Ավելին՝ Սահմանադրական դատարանի (ՍԴ) հետ համագործակցության արդյունքում ցանկացած գործով ՍԴ-ն կարծիք է ուղարկում ՓՊ, որը տալիս է կարծիք, ինչը միջազգային պրակտիկայում անվանվում է «երրորդ կողմի կարծիք»: Սա փոքրիկ օժանդակություն է արդարադատության հարցերով»:
Բացի այդ, ըստ բանախոսի, ՓՊ-ում որակավորման քննությունները դրվել են թափանցիկ եւ օբյեկտիվ հիմքերի վրա. սուբյեկտիվ գործոնն ընդհանրապես բացառված է: Հիմնադրվել է փաստաբանական դպրոց, որը կրթում է նոր փաստաբաններ եւ վերապատրաստում գործողներին: Փաստաբանների վերապատրաստումն օրենքով դարձվել է պարտադիր: Իսկ Կառավարությունը փաստաբանների պալատին, Հանրային պաշտպանի գրասենյակին եւ Փաստաբանական դպրոցին տրամադրել է նոր շենք:
Խոսելով խնդիրների մասին՝ Զոհրաբյանն ընդգծեց Հանրային պաշտպանի գրասենյակի փաստաբանների ծանրաբեռնվածության մասին, որոնք ծառայություններ են մատուցում անվճար եւ ֆինանսավորվում են պետական բյուջեից: Արդյունքում, Զոհրաբյանի ներկայացմամբ, այսօր գործող 56 հանրային պաշտպանները պարտադրված վերցնում են ավելի շատ գործեր, քան կարող են իրականացնել, ինչը կարող է ազդել նրանց գործունեության որակի վրա:
«Եթե մեկ անձը կարող է 3 գործով զբաղվել արդյունավետ, ապա 10 գործով չի կարող արդյունավետ աշխատել»,- ասում է Արա Զոհրաբյանը: Վերջինս նաեւ առաջարկում է հանրային պաշտպաններին ընտրել ռոտացիոն կարգով՝ որոշակի տեղ հատկացնելով երիտասարդ փաստաբանների համար: Սա որոշակիորեն կլուծի սկսնակ փաստաբանների աշխատատեղերի ապահովման հարցը, մյուս կողմից «թարմություն կմտցնի» ՀՊ գրասենյակում:
ՓՊ նախագահի թեկնածու Զոհրաբյանն առանձնացնում է նաեւ մարզերում Պալատի ներկայացուցչական գրասենյակների կամ համակարգողների բացակայության խնդիրը, փաստաբանների նվաճումների լուսաբանման ցածր մակարդակը, արդարադատության իրականացման ժամանակ փաստաբանների առջև ծագող խոչընդոտները, երբ պետությունը ձգտում է վերահսկել վերջիններիս մասնագիտական պրակտիկան:
«Հատկանշական է նաեւ հարկային ռեժիմը. փաստաբանական գործունեությունը նույնացված է առևտրային սուբյեկտների գործունեության հետ,- նշում է Արա Զոհրաբյանը,- Պատկերացրեք՝ փաստաբանը հարկային մարմնի ակտը վիճարկում է եւ հասնում հաջողության: Հարկայինը ստուգում է սկսում փաստաբանի մոտ եւ ինչ-որ առումով սկսում է ճնշումներ գործադրել: Այդպիսի դեպք, ցավոք, ունենք: Մենք ցանկանում ենք, որպեսզի փաստաբանական գործունեությունը հարկման տեսակետից որոշակի այլ ռեժիմով անցնի, որ փաստաբանը, օրինակ, հաշվապահական ծանր փաստաթղթավորման բեռը չկրի»:
Աղբյուրը՝ http://hetq.am/arm/news/28914/ara-zohrabyany-pp-dzerqberumneri-ev-khndirneri-masin.html
Բեռնել
Վերադառնալ