ՀՀ Փաստաբանների Պալատ

Փաստաբանը պաշտպանելով իր վստահորդի շահերը, չպետք է ընդունի նրա քաղաքական հայացքները. Արա Զոհրաբյան

29.08.2013 09:11

Փաստաբանների պալատը կայացման շատ դժվարին ուղի է անցել, և այսօրվա խնդիրները չենք կարող համեմատել սրանից օրինակ 10 տարի առաջվա խնդիրների հետ։ Այդ մասին այսօր «Փաստինֆո»-ին տված հարցազրույցում հայտարարել է Փաստաբանների պալատի նախագահի թեկնածու Արա Զոհրաբյանը:

Հիշեցնենք' սեպեմբերի 14-ին կայանալիք Փաստաբանների պալատի նախագահի ընտրություններում առաջադրվել է 4 թեկնածու' Կրոմվել Գրիգորյանը, Տիգրան Աթանեսյանը, Արա Զոհրաբյանը և Աշոտ Թադևոսյանը:

Փաստաբանների պալատում գոյություն ունեցող խնդիրների վերաբերյալ հարցին ի պատասխան, Զոհրաբյանն ասել է, որ անհրաժեշտ է փորձել համատեղ ճիշտ ախտորոշել խնդիրները և լուծել դրանք։

«Կարծում եմ՝ ամենակարևոր ձեռքբերումն այն է, որ փաստաբանական համայնքն այսօր դարձել է կայուն, ձևավորված ուժ, որի մասնագիտական կարծիքի հետ դատաիրավապահ մարմինները հաշվի են նստում։ Չեմ խուսափի այդ որակումն օգտագործելուց՝ փաստաբանները յուրօրինակ մանրադիտակի դեր են կատարում և պետք է կատարեն։ Թե քաղաքացիաիրավական և թե քրեաիրավական հարաբերություններում ներկայացնելով պաշտպանյալների, վստահորդների շահերը՝ փաստաբաններիս խնդիրն է թույլ չտալ կամայականություններ, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների խախտումներ և օրենքով նախատեսված բոլոր միջոցներով պաշտպանել և ինչու չէ նաև պարտադրել պետական մարմիններին՝ զերծ մնալ խախտումներից։

Այս առումով, բնականաբար, պետք է լիներ նաև դիմադրություն։ Անկեղծ ասած ոչ ոք չէր էլ կարծում, որ տարիներ շարունակ մի աշխատաոճ որդեգրած իրավապահ մարմիններն ու դատավորները շատ հեշտությամբ կհրաժարվեն նախկին մեթոդներից ու բարքերից և շատ կարևոր է, որ փաստաբանները կարողանան ներկայանալ որպես հավաքական ուժ։ Պայմանականորեն ասած արտաքին մարտահրավերներին ավելի հեշտ կդիմակայենք, եթե լինենք առավել միասնական և պալատի ներսում ապահովենք առողջ, մրցակցային միջավայր։ Ուստև կարևորում են ներքին թափանցիկության ապահովումն ու փաստաբանների ակտիվ ներգրավումը պալատի գործունեության մեջ։ Պետք է նաև մենք՝ ինքներս մեր մեջ համարձակություն դրսևորենք և խոսենք մեր խնդիրների, բացթողումների մասին, որովհետև նույն այդ հանրությունը, որը շփվում է դատաիրավապահ մարմինների հետ, գործ է ունենում նաև փաստաբանների հետ և իրենց տեսանելի են նաև փաստաբանական համայնքում առկա խնդիրները։ Եվ ես կարևորում եմ անկաշկանդ քննարկումները և պետք է կոշտ արձագանքենք, թե փաստաբանների նկատմամբ գրանցվող ճնշումներին և թե առանձին փաստաբանների կողմից ոչ պատշաճ մասնագիտական վարքագծի դրսևորումներին», -ասել է Զոհրաբյանը:

Նշենք, որ Արա Զոհրաբյանը մի քանի գործերով գործարար և ընդդիմադիր հայացքներ ունեցող Խաչատուր Սուքիասյանի շահերն է ներկայացրել և այդ կապակցությամբ նրա ընդդիմադիր հայացքների մասին հարցին ի պատասխան, Պալատի նախագահի թեկնածուն ասել է, որ ինքը կուսակցական պատկանելություն չունի:

«Հաճախորդների ընտրության հարցում առաջնորդվում եմ ոչ թե նրանց քաղաքական հայացքների, այլ իրավունքի պաշտպանության տեսանկյունից: Իրավաբանական օգնության տրամադրման համար էական նշանակություն ունի իրավունքի խախտման հանգամանքը, և եթե իրոք այդպիսին առկա է, կամ մենք ենք կարծում, որ դա այդպես է, ուրեմն էական չէ, թե ով է խախտել այդ իրավունքը: Իմ կարծիքով, փաստաբանը պաշտպանելով իր վստահորդի շահերը, չպետք է ընդունի նրա քաղաքական հայացքները, քանի որ հենց այդ պահից փաստաբանը կանցնի մասնագիտական սահմանը: Ինչ վերաբերում է համակարգիչս առգրավելու քննիչի փորձին, այո նման բացասական դեպք արձանագրվեց, բայց ի պատիվ մեր փաստաբանական համայնքի պետք է նշեմ, որ փաստաբանների հետ միասին մենք պայքարեցինք այդ արատավոր երևույթի դեմ և հաղթանակած դուրս եկանք: Դա նախադեպային էր և մենք փաստաբաններս պնդում էինք, որ չի կարելի փաստաբանական գաղտնիք պարունակող համակարգիչը առգրավել: 2012թ. հունվարից արդեն Փաստաբանության մասին օրենքով է արգելվել փաստաբանի բնակարանից կամ գրասենյակից առգրավել տեղեկատվական բնույթի փաստաթղթեր կամ կրիչներ (այդ թվում' համակարգիչ): Սա արդեն փաստաբանների պալատի լոբինգի արդյունքն էր», -հայտարարել է Զոհրաբյանը:

Աղբյուրը՝  http://www.panorama.am/am/popular/2013/08/24/ara-zohrabyan/



Բեռնել

Վերադառնալ