ՀՀ Փաստաբանների Պալատ

Իրավաբանական օգնության հասանելիութունն ու մատչելիությունը

26.08.2013 08:49

Իրավաբանական օգնության հասանելիության ու մատչելիության ապահովումը կարևոր է ցանկացած հասարակության համար: Նշված խնդիրների լուծմանն է ուղղված անվճար իրավաբանական օգնության ինստիտուտի ստեղծումը, որը լուծում է նաև սոցիալական խնդիր:


Անվճար իրավաբանական օգնությունը արևմտա-եվրոպական գրեթե բոլոր երկրներում տրամադրվում է պետական միջոցների հաշվին:


Նույն սկզբունքային մոտեցումն է որդեգրել Հայաստանի Հանրապետությունը իր սահմանադրությամբ, որի 20-րդ հոդվածը սահմանում է. ՛՛Յուրաքանչյուր ոք ունի իրավաբանական օգնություն ստանալու իրավունք: Օրենքով նախատեսված դեպքերում իրավաբանական օգնությունը ցույց է տրվում պետական միջոցների հաշվին...՛՛։


Նշված արևմտա-եվրոպական երկրներում, որոշ տարբերություններով հանդերձ, պետական միջոցների հաշվին տրամադրվող օգնության կազմակերպումը, կազմակերպական ձևերը, օգնության կարիքի հաշվարկման սկզբունքը, կարգը և եղանակները ունեն նկատելի ընդհանրություններ:


Անվճար իրավաբանական օգնության տրամադրումն առավել արդյունավետ է իրականացվում այն երկրներում, որոնցում այն կիրառվում է համապատասխան կառույցի, մարմնի /բյուրո, գրասենյակ, պատուհան/ ձևավորման միջոցով օր. Մեծ Բրիտանիայում /Անգլիա, Ուէլս, Շոտլանդիա/, Նիդեռլանդներում, Կանադայում, Շվեդիայում, Ֆինլանդիայում, Ֆրանսիայում և այլն:


Հայաստանի Հանրապետությունում թերևս նման կառույց է Փաստաբանների պալատի կազմում գործող Հանրային Պաշտպանի Գրասենյակը:
Եթե Արևմտա-եվրոպական երկրներում անվճար իրավաբանական օգնությունը պետության միջոցների հաշվին տրամադրվում է կա´մ լրիվ կա´մ մասնակի հատուցման եղանակով, ապա Հայաստանում այն տրամադրվում է լրիվ անվճար, թեև քր. դատ. օր.-ի 165-րդ հոդվածի 3-րդ մասը նախատեսում է նաև մասնակի հատուցում, որը գործնականում չի կիրառվում:


Պետության միջոցների հաշվին իրավաբանական օգնության ինստիտուտի ստեղծումն ու ձևավորումն ունի, ըստ էության, մեկ հիմնական նպատակ, այն է' պետական սուբսիդիավորմամբ անվճար իրավաբանական օգնություն ապահովել բնակչության ոչ ունևոր կամ խիստ սահմանափակ եկամուտ ունեցող խավերին /որոնց եկամուտը չի բավարարում վճարովի իրավաբանական օգնության դիմելու համար/:


Եվրոպական բոլոր երկրներում անվճար իրավաբանական օգնության տրամադրումը պայմանավորված է անձի գույքային կարգավիճակով կամ եկամտի չափով:
Մի շարք երկրներում, ինչպես օր. Ֆրանսիան, Նիդեռլանդները և Շվեդիան ուղղակի սահմանում են անձի ամսեկան եկամտի չափը. /օր. Ֆրանսիայում՝ 886 եվրո, որից ցածր եկամուտ ունեցողները ստանում են լրիվ' 100 տոկոս անվճար իրավաբանական օգնության իրավունք, դրանից բարձր եկամուտ ունեցողները' մինչև 1328 եվրո, ստանում են համապատասխանաբար, մասնակի վճարումներով իրավաբանական օգնության իրավունք/:


Հիմնականում Ֆրանսիայի մոտեցումն է որդեգրել Գերմանիան, ընդ որում երկու երկրներում էլ սահմանված է իրավաբանական օգնության վճարից ազատող եկամտի նվազագույն և առավելագույն չափը, որով պայմանավորված դիմողը իրավաբանական օգնության վճարից ազատվում է լրիվ կամ մասնակի:
Շվեդիայում նույն կարգն է գործում, սակայն հիմքը եկամտի տարեկան հաշվարկն է: ԱՄՆ-ում 100 տոկոս անվճար իրավաբանական օգնություն տրվում է հաշվարկելով նվազագույն զամբյուղ գումարած դրա 25 տոկոսը, որից ցածր եկամուտ ունեցողները ստանում են անվճար իրավաբանական օգնության իրավունք:


Հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավար Մ. Ղազանչյանի կարծիքով, ԱՄՆ-ում կիրառվող հաշվարկի սկզբունքը' նվազագույն զամբյուղ գումարած N տոկոս, միանգամայն ընդունելի տարբերակ է նաև Հայաստանի Հանրապետության համար, քանի որ հստակ սահման որոշելու բանաձև լինելով հանդերձ՝ այն նաև ճկուն է:


Իրավասու մարմինների կարգավիճակը, գործառույթները, ինչպես նաև անվճար իրավաբանական օգնության տրամադրման կարգը, պրակտիկ կիրառման հնարավոր եղանակներ և մեխանիզմներ ձևավորելու համար անհրաժեշտ է ուսումնասիրել եվրոպական երկրների և ԱՄՆ-ի իրավական-օրենսդրական, կիրառական փորձը և ստեղծել սեփականը, ՀՀ-ում կիրառելի մոդելը, չափորոշիչների սահմանումից մինչև իրավական օգնության տրամադրման մեխանիզմ և տրամադրում:


«Անվճար իրավաբանական օգնության տրամադրումը տվյալ անձի գույքային դրության և եկամտի չափով պայմանավորելու սկզբունքը, եթե ՀՀ-ում չստանա օրենսդրական հստակ ձևակերպում, այնպիսի ձևակերպում, որը վարույթն իրականացնող մարմինների կողմից տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք չտա և չդրվի անվճար իրավաբանական օգնություն տրամադրելու պահանջի հիմքում, ապա մենք կունենանք անկառավարելի, յուրաքանչյուր գործով, յուրաքանչյուր փուլում, յուրաքանչյուր անձի անվճար իրավաբանական օգնություն տրամադրելու ոչնչով չհիմնավորված պահանջներ, և արդյունքում պետության միջոցների հաշվին անվճար իրավաբանական օգնություն կստանան բացարձակապես դրա կարիքը չունեցող մարդիկ»- կարծիք է հայտնում ՀՊԳ-ի ղեկավարը:


Պրակտիկան ցույց է տալիս, որ ՀՀ-ում վարույթն իրականացնող մարմինները առանց այլևայլության և առանց գործող օրենսդրության, մասնավորապես քր. դատ. օր-ի 10-րդ հոդվածի 5-րդ մասի, 165-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջներին անդրադառնալու, նման օգնություն տրամադրելու պահանջ են ներկայացնում անգամ այն դեպքերում, երբ տվյալ անձը կամ նրա հարազատները պատրաստ են հրավիրել կամ արդեն իսկ հրավիրել են փաստաբան:
Եթե պետությունը պատրաստ է իր միջոցների հաշվին իրավաբանական օգնության տրամադրումը դարձնել անվերահսկելի և կամ այն տրամադրել բավարար ապահովվածություն ունեցող, իսկ առանձին դեպքերում, լիովին ապահովված և բարձր եկամուտներ ունեցող անձանց, ապա հարց է առաջանում, թե ո՞րն է օրենսդրական կարգավորման առարկան, և ընդհանրապես ո՞րն է ' պետական միջոցների հաշվին տրամադրվող իրավաբանական օգնության գոյության նպատակը, ո՞ւմ է այն ուղղված և ի՞նչ սոցիալական խնդիր կարող է լուծել :


Ի դեպ, ՀՀ գործող օրենսդրությունը' մասնավորապես «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 5-րդ մասը, անվճար իրավաբանական օգնությունից օգտվելու իրավունք ունեցող անձանց օգնության տրամադրումը պայմանավորում է ոչ թե նրանց գույքային դրությամբ կամ եկամտի չափով, այլ նրանց կարգավիճակի և ֆիզիկական վիճակի չափանիշերով:


«Եթե մեր նպատակը օրենսդրությամբ հստակ չափորոշիչներ սահմանելը և իրապես անվճար իրավաբանական օգնության կարիք ունեցող անձանց անվճար իրավաբանական օգնությամբ ապահովելն է, ապա պետք է հստակ սահմանել այն չափորոշիչները, որոնցով պետք է ղեկավարվեն պետության միջոցների հաշվին օգնություն տրամադրող կառույցները, մարմինները»,-նշում է Մ. Ղազանչյանը:


ՀՊ գրասենյակի ղեկավարի կարծիքով, եթե գործող քրեական դատավարության օրենսգրքում կատարվեն համապատասխան շտկումներ, առանձին դեպքերում փոփոխություններ և լրացումներ, ապա անվճար իրավաբանական օգնությունը կախվածության մեջ չի լինի այն ակնկալող անձի կամ կառույցի քմահաճույքից. /օր. գործող օրենսդրության շրջանակներում բավարար միջոցներ ունեցող անձը կարող է առանց որևէ հիմքի պահանջել անվճար իրավաբանական օգնություն, և որևէ սահմանափակում «չտեսնող» վարույթն իրականացնող մարմինը կբավարարի այն, հանրային պաշտպան նշանակելու պահանջ ներկայացնելով, հետևաբար, վարույթն իրականցնող մարմինները նախքան պետության միջոցների հաշվին օգնություն տրամադրելու պահանջ ներկայացնելը, պետք է անվերապահորեն ղեկավարվեն գործող օրենսդրության՝ անվճար իրավաբանական օգնությունը անձի գույքային դրության, եկամտի հետ, կամ այլ պայմաններ առաջադրող պահանջների դրույթներով:


Այնինչ, անվճար իրավաբանական օգնության տրամադրումը թողնված է վարույթն իրականացնող մարմնի կամքին, իսկ 70-րդ հոդվածի 4-րդ մասը բարեհաճում է վարույթն իրականացնող մարմնին իրավունք շնորհել, որն արտահայտվում է հետևյալ ձևակերպմամբ «...իրավունք ունի մեղադրյալին առաջարկել, որ իրենք հրավիրեն այլ պաշտպան», թեև ՀՊԳ-ի ղեկավարի կարծիքով, վարույթն իրականացնող մարմինը պարտավոր է առաջին հերթին կասկածյալին, մեղադրյալին բացատրել պաշտպան ունենալու և պաշտպան հրավիրելու նրա անկապտելի իրավունքի մասին /և ոչ մի կերպ այլ պաշտպան հրավիրելու/ և առաջարկելով հանդերձ, ապահովել ռեալ հնարավորություն, որպեսզի կասկածյալը, մեղադրյալը, նրանց հարազատները բոլոր դեպքերում և առաջին հերթին իրենց ընտրությամբ պաշտպան հրավիրելու հնարավորություն ունենան:


Ըստ Մ. Ղազանչյանի՝ եթե ՀՀ-ում քրեական գործերով որպես կանոն անվճար իրավաբանական օգնությունը տրամադրվում է վարույթն իրականացնող մարմինների պահանջով, ապա քաղաքացիական և վարչական գործերով նպատակահարմար և ուղղակի անհրաժեշտ է, որ այն տրամադրվի անմիջականորեն օգնություն տրամադրող մարմնի, կառույցի կամ կոնկրետ հանրային պաշտպանի կողմից, քանի որ յուրաքանչյուր կոնկրետ գործով առնվազն անհրաժեշտ է մի շարք եվրոպական երկրներում ընդունված թեսթավորման եղանակով պարզել հետևյալ իրավական հարցերը.
1. Տվյալ խնդիրը իրավական է թե ոչ,
2. Ստեղծված վիճակը ունի արդյոք իրավական լուծում,
3. Դիմողի ակնկալիքը,
4. Կան արդյոք բավարար իրավական /նաև օրինական/ հիմքեր /ապացույցներ/ ակնկալվող արդյունքին հասնելու համար,
5. Նպատակահարմարության առումով համարժեք են արդյոք աշխատանքը, պետական միջոցների ծախսը - արդյունքին,
6. Իրավական օգնության որ եղանակն է ակնկալվող արդյունքին հասնելու համար առավել մատչելի և արդյունավետ,
7. Դիմողի վարքագիծը իր իրավունքների պաշտպանության առումով մինչև դիմելը և այլն:

Ակնհայտ է, որ առանց նշված հարցերը պարզելու, իսկ կոնկրետ գործերով նմանատիպ այլ հարցեր պարզելու, որևէ արդյունավետ իրավաբանական օգնություն տրամադրել այդպիսի օգնություն հայցողներին հնարավոր չէ:


«Չի կարելի միջոցներ և ջանքեր վատնել անհիմն, անհեռանկար, երբեմն անհեթեթ պահանջներ ներկայացնելով պետական և դատական մարմիններին, ասում է գրասենյակի ղեկավարը և հավելում,- միաժամանակ դա անվերահսկելի կդարձնի քաղաքացիական և վարչական գործերով օգնության նպատակային տրամադրումը: Բոլոր դեպքերում օգնությունը պետք է նախաձեռնվի այն տրամադրող կառույցի միջոցով, անգամ արդեն իսկ ընթացքի մեջ գտնվող գործերով իրավաբանական օգնությունը պետք է տրամադրվի, եթե այն ունի հեռանկար, իրավական բավարար հիմքեր, արդարության կամ թերևս արդարադատության առումներով արդարացված է ակնկալվող արդյունքին հասնելու համար»:

Կարինե Ղումաշյան


ՀՀ փաստաբանների պալատ



Բեռնել

Վերադառնալ