Փաստաբան Գյուլումյանին կասկածում են վկային ցուցմունք տալուն հարկադրելու մե՞ջ
11.07.2013 11:32Քրեական գործ է հարուցվել փաստաբան Լեւոն Գյուլումյանի կողմից վկային ցուցմունք տալուն հարկադրելու դեպքի առթիվ։ «Փաստինֆո»-ի ունեցած տեղեկությունների համաձայն, գործը քննում է ոստիկանության Արմավիրի քննչական բաժինը։
Փաստաբանն իրականացնում է թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեջ մեղադրվող Վաչագան Զաքարյանի շահերի պաշտպանությունը։ Վերջինս մասնավորապես մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով՝ խոշոր չափերով թմրամիջոցի ձեռք բերելու, պահելու եւ իրացնելու համար։
Իրավապահները պարզել են, որ նա 96 հազար դրամով մարիխուանա է իրացրել Գյումրի քաղաքի բնակիչ Հովհաննիսյանին, ում նույնպես մեղադրանք է առաջադրվել, բայց արդեն 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով՝ առանց իրացնելու նպատակի խոշոր չափերով թմրամիջոցի ձեռք բերելու համար։
Այս գործի շրջանակներում հարուցվել է մեկ այլ գործ արդեն փաստաբանի նկատմամբ՝ Հովհաննիսյանի կնոջը սուտ ցուցմունք տալուն հարկադրելու համար։
Խնդիրն այն է, որ 2013թ. մարտի 29-ին ոստիկանության Արմավիրի մարզի քննչական բաժնում մեղադրյալ Ա.Հովհաննիսյանի կնոջից' Կ.Աբրահամյանից ստացվել է դիմում-հայտարարություն, որով նա տեղեկացրել է, որ ամուսնու հետ տեսակցության ժամանակ վերջինս իրեն հայտնել է, թե 2013թ. փետրվարի 25-ին իր մոտից հայտնաբերված թմրամիջոցը ձեռք է բերել ոչ թե Վ.Զաքարյանից, այլ' ոմն Վլեից:
Իրավապահները կարծում են, որ Լ.Գյուլումյանը քրեական գործով կեղծ ապացույցներ ստեղծելու դիտավորությամբ, քրեական գործով վկա Կ.Աբրահամյանին հարկադրել է սուտ ցուցմունք տալ:
Աղբյուրը՝ http://www.pastinfo.am/hy/node/18471
Բեռնել
Վերադառնալ