ՀՀ Փաստաբանների Պալատ

Գագիկ Հարությունյան. ՀՀ դատական դեպարտամենտի փաստաթղթերում առկա են բազմաթիվ տարօրինակ ձևակերպումներ

08.06.2013 10:00

Գագիկ Հարությունյան. ՀՀ դատական դեպարտամենտի փաստաթղթերում առկա են բազմաթիվ տարօրինակ ձևակերպումներ

 

Նոր հանգամանքների հիմքով քրեական և քաղաքացիական գործերով դատական ակտերի վերանայման վերաբերյալ ՀՀ դատական դեպարտամենտի կողմից Սահմանադրական դատարան ուղարկված փաստաթղթերում առկա են բազմաթիվ տարօրինակ ձևակերպումներ: Այս մասին ՍԴ-ի այսօրվա նիստում հայտարարեց դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը: «Մասնավորապես, Վճռաբեկ դատարանը և, կներեք արտահայտությանս համար, այսպես կոչված այս մարմինը գտնում են, որ դատարանը նույնիսկ իրավունք ունի նոր հանգամանքի հիմքով դատական ակտը չվերանայել, այսինքն՝ դատական ակտ իրենք հասկանում են դատական ակտի եզրափակիչ մասը»,-ասաց նա:

ՍԴ նախագահը նշեց, թե իրեն թվացել է, որ սա «պարզապես թյուրիմացություն կամ ինչ-որ տեղ շփոթմունք է», սակայն երկու փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքում եզրակացրել է, որ սա «արդեն դառնում է կայուն որոշակի դիրքորոշում»: Ըստ Գ.Հարությունյանի՝ իրեն մասնավորապես զարմացրել է Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական գործերով պալատի 2012թ.-ին ընդունված որոշումը, որն առնչվում է ՍԴ-ի նախորդ որոշումներին և վերաբերում է ՍԴ-ում ներկայումս քննվող քաղգործերով վերանայված դատական ակտի եզրափակիչ մասը չփոփոխելու սահմանադրականության հարցին:

Գ.Հարությունյանի գնահատմամբ՝ Վճռաբեկ դատարանի վերոհիշյալ որոշման մեջ կան «առնվազն արտառոց դատողություններ, ռեվիզիայի է ենթարկվել ՍԴ-ի որոշումը, փորձել են իրավական դիրքորոշումներ արտահայտել, մեկնաբանելով մեր որոշումը և, ըստ էության, սողանցքներ գտնելով այդ որոշումը շրջանցելու համար»: Դատարանը նաև իրեն վերապահել է նորմի սահմանադրականությունը գնահատելու լիազորություն, արել «դատողություններ, թե դատարանը չի կիրառել այդ դրույթը, որը ՍԴ-ն ճանաչել է հակասահմանադրական, կամ գտել է, որ այդ դրույթն անձի նկատմամբ կիրառվել է այլ մեկնաբանությամբ, և Վճռաբեկ դատարանը կարող է ակտը չվերանայել և ամբողջությամբ թողնել ուժի մեջ»:

Ինչպես «Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց ՍԴ-ում դիմող կողմի ներկայացուցիչ՝ իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը, ինքը չի հիշում ևս մեկ դեպք, երբ Սահմանադրական դատարանի նախագահը «նման տեսակետ արտահայտած լինի և ծավալուն խոսքով հանդես գա, նաև նման հանձնարարականներ տված լինի երբևէ»: Ըստ իրավապաշտպանի, ակնհայտ է, որ Վճռաբեկ դատարանն չի ցանկանում ուղղակիորեն կատարել Սահմանադրական դատարանի որոշումները:

«Սահմանադրական դատարանի նախագահը վկայակոչեց մի իրավական դիրքորոշում, ըստ որի ՍԴ-ն, համաձայն ՀՀ դատական դեպարտամենտի ներկայացրած բացատրությունների, քննության առարկա պետք է դարձնի այն նորմերի սահմանադրականության հարցը, որոնք կիրառվել են Վճռաբեկ դատարանի վերադարձման որոշման մեջ: Սա հակասում է ՍԴ-ի տարիներ շարունակ կայացված որոշումներին: Մարդիկ, ովքեր զբաղվում են այս խնդրով Դատական դեպարտամենտում և Վճռաբեկ դատարանում, կոմպետենտ չեն, չեն կարդում ՍԴ-ի որոշումները կամ ուղղակի հանդուգն են և պարզապես դեմ են գնում ՍԴ-ի որոշումներին, իրավական դիրքորոշումներին, Հայաստանում ստեղծված իրավագիտությանը»,-ասաց Ա.Զեյնալյանը:

Ըստ նրա, իրավական համակարգում ՍԴ-ի որոշումները հիերարխիայով երրորդ տեղում են գտնվում՝ Սահմանադրություն, Սահմանադրական դատարանի մասին օրենք և ՍԴ-ի որոշում, որից հետո մնացած բոլոր իրավական ակտերը, և այս ուժով ՍԴ-ի որոշումները պարտադիր են կատարման համար:

Հեղինակ:
«Փաստինֆո»

Աղբյուրը՝  http://www.pastinfo.am/node/15822



Բեռնել

Վերադառնալ