ՀՀ Փաստաբանների Պալատ

Քրեական գործ հարուցելու ինստիտուտը կվերանա

13.05.2013 08:05

Քրեական գործ հարուցելու ինստիտուտը կվերանա

Նախատեսվող այս նորամուծությունն այնքան էլ միանշանակ չի ընդունվել։ Այժմ քննարկման փուլում է գտնվում ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագիծը: Մասնագետների հետ զրույցները նախագծի դրական կողմերից, փաստաբանների, դատական և իրավապահ մարմինների աշխատանքներին նպաստող նորամուծություններից բացի, առավել հասկանալի են դարձնում նաև այն բացթողումները, հակասությունները, որոնք առաջիկայում կարող են խնդիրներ հարուցել, եթե նախագիծն ընդունվի իր ներկայիս շարադրանքով: Նոր օրենսգրքի նախագծի վերաբերյալ է մեր հարցազրույցը փաստաբան Ժորա Խաչատրյանի հետ:

 

- Ի՞նչ է սպասվում Քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագիծն իր ներկայիս շարադրանքով ընդունելու պարագայում, դրակա՞ն են Ձեր ակնկալությունները, թե, որպես փաստաբան, մտահոգություններ ունեք:

- Իրոք, փորձ է արվում կատարելագործել այժմ գործող Քրեական դատավարության օրենսգիրքն այն առումով, որ առավել պաշտպանված լինեն մեղադրյալների իրավունքները: Փորձ է արվում լուծել նաև մի շարք այլ կարևոր հարցեր: Այնուամենայնիվ, այդ նախագիծը չի բավարարում այսօրվա պահանջները: Կան մի շարք նորարարություններ կամ նորամուծություններ, որոնք ոչ թե բարելավում, այլ ինչ-որ տեղ ստեղծում են և անորոշություն, և անթույլատրելի հակասություններ: Ինչ-որ տեղ էլ հաշվի չի առնվում այդ նորարարությունների, որոշ նոր դրույթների իրականացման հնարավորությունը:

- Կարո՞ղ եք որոշակի օրինակներ ներկայացնել:

- Օրինակ, առաջարկվում է քրեական գործ հարուցելու մասին որոշումն ասպարեզից հանել, այսինքն' նախատեսվում է որոշում չկայացնել: Դատախազը հանցագործության մասին հաղորդում ստանալու դեպքում կամ մերժելու է քրեական վարույթ սկսելու մասին արձանագրության կազմումը, կամ կազմելու է այդ արձանագրությունը և ուղարկելու է քննիչին: Անհասկանալի է, թե ինչ տրամաբանությամբ է առաջարկվում այս փոփոխությունը: Քրեական գործ հարուցելու մասին որոշումը, նույնիսկ եթե տեխնիկական կողմը քննարկենք, այն սկիզբն է, որից հետո թույլատրվում է իրականացնել դատավարական գործողություններ: Ինչո՞ւ որոշումը դարձվի արձանագրություն, արձանագրության մեջ ի՞նչ է նշվելու... Նշվելու է, որ այսինչ անձը հաղորդում տվեց, որ տեղի է ունեցել այսինչ կամ այնինչ բա՞նը... Քրեական դատավարությունում ‹‹արձանագրություն›› հասկացությունը մենք ունենք, արձանագրություն կազմվում է այս կամ այն քրեադատավարական գործողության վերաբերյալ, և մասնակիցներ էլ են ներգրավվում, որպեսզի այն լինի օբյեկտիվ, մասնակիցների անուններն էլ նշվում են արձանագրության մեջ: Միակողմանի արձանագրությունը կարծես թե ընդունելի չէ, միակողմանի կարելի է կազմել տեղեկանք, դատախազը կամ քննիչը դա կարող է անել միայնակ, առանց այլ մասնակիցների: Եթե դատախազը կամ քննիչը որոշում է կայացնում, ինքնին հասկանալի է, որ նա այդ որոշման մեջ քրեական գործ հարուցելու կամ հարուցումը մերժելու պատճառաբանությունը, հիմնավորումը պարտավոր է ներկայացնել ու ներկայացնում է, մինչդեռ արձանագրության մեջ նշվելու է միայն փաստը' առանց որևէ պատճառաբանության, հիմնավորման:

Այժմ գործող օրենսգրքի շրջանակներում ընդունվում է ոչ միայն որոշում քրեական գործ հարուցելու մասին, այլև որոշում քրեական գործը վարույթ ընդունելու մասին, պատկերացրեք' դատախազը հարուցեց, ուղարկեց քննիչին, քննիչը որոշում կայացրեց քրեական գործը վարույթ ընդունելու մասին, այսինքն' երևում է գործի շարժը: Երբ խոսում ենք խնդրի տեխնիկական կողմի մասին, արդեն հասկանալի է դառնում' նա երբ հարուցեց, նա երբ ընդունեց վարույթ, ժամկետների հարց է, չէ՞, առաջանում, ժամկետներ են հաշվարկվում, մինչդեռ նոր օրենսգրքի նախագծում վարույթ ընդունելու որոշման մասին էլ խոսք չկա: Տրամաբանություն չկա ու հիմնավորված չէ, թե ինչու ենք ուզում առաջիկայում համապատասխան որոշումներ չկայացնել, այլ ընդամենն արձանագրությամբ բավարարվել:

Նոր օրենսգրքի նախագծով վերացվում է նաև նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումը, ‹‹նյութեր›› հասկացությունն ընդհանրապես վերանում է' այն դեպքում, երբ այսօրվա քրեադատավարական օրենսգիրքը նախատեսում է հանցագործության մասին հաղորդումը ստուգելու գործընթաց: Եթե ես հաղորդում եմ տվել հանցագործության մասին, հաղորդումն ընդունողն իրավունք ունի նյութեր նախապատրաստել, այսինքն' ստուգել քրեական հետապնդում սկսելու, քրեական գործ հարուցելու հիմքեր առկա՞ են, թե ոչ: Սա, կարծում եմ, ճիշտ և անհրաժեշտ է այն առումով, որ եթե ցանկացած հաղորդում միանգամից դարձվի քրեական գործ և դատավարական գործողություններով ստուգվի, չափից դուրս ծանրաբեռնված կլինի նախաքննական մարմինը:

- Նոր օրենսգրքի նախագծի ընդունման պարագայում հանցագործության մասին հաղորդումը չի՞ ստուգվելու...

- Հաղորդում ստանալու դեպքում քրեական գործը միանգամից համարվելու է սկսված: Ասեմ նաև, որ նախագծով ‹‹հետաքննություն›› հասկացությունն էլ է վերանում է այսօրվա դատավարական իմաստով: Հետաքննական մարմինն այլևս քրեական գործ հարուցելու իրավասություն չի ունենալու, իրականացնելու է միմիայն օպերատիվ միջոցառումներ:

Մենք խնդիր ունենք նաև նոր քրեական դատավարական օրենսգրքով որոշակիացնելու իրավիճակը' կապված ‹‹կասկածյալ›› հասկացության հետ, սակայն այդ խնդիրը նույնպես կարգավորված չէ: Եթե անձի նկատմամբ քրեական գործ է հարուցվելու, ապա նրան պետք է տրվի կարգավիճակ և անմիջապես էլ լուծվի կասկածյալի նրա իրավունքների ապահովման խնդիրը:

- Նախագծով նախատեսվում է նաև, որ անձին մեղադրանք առաջադրելու որոշումը պետք է կայացնի դատախազը, ի՞նչ կարծիք ունեք այս նորամուծության կապակցությամբ

- Մի կողմից սա դրական է այն առումով, որ դատախազը գործնականում հարկադրված կլինի գործի նյութերն ամբողջովին ուսումնասիրել, գտնել այն հիմքերը, որոնք թույլ են տալիս մեղադրանք առաջադրել կամ հրաժարվել մեղադրանքի առաջադրումից: Այսօրվա դրությամբ դատախազը, ըստ էության, որևէ պատասխանատվություն չի կրում, քննիչն ինչ ներկայացնում է, նա էլ, որպես կանոն, ստորագրում է: Մինչդեռ, եթե մեղադրանքի որոշումն ինքն է կայացնելու, հարկադրված է լինելու ուսումնասիրել գործի ամբողջ նյութերը: Դա մի կողմից, ինչպես արդեն նշեցի, լավ է, սակայն տեխնիկական առումով այն գրեթե անհնարին է դառնում, քանի որ լուրջ դժվարություններ է առաջացնելու քննիչների աշխատանքում: Երբ անձին ձերբակալելուց հետո 72 ժամվա ընթացքում նրան պետք է մեղադրանք առաջադրվի, ներկայացվի դատարան, լուծվի խափանման միջոցի հարցը, և սա պայմանավորվելու է դատախազի հնարավորություններով, հասկանալի է դառնում, որ հնարավոր չի լինելու ժամկետների մեջ տեղավորվել: Քննիչը կարող է, եթե ինքն է այդ հարցերը լուծողը, տեղավորվել այդ 72 ժամում, բայց եթե մեղադրանք առաջադրելու որոշումը կայացնելու է դատախազը, քննիչը շտապելու է դատախազի մոտ, նրանից վերցնելու է մեղադրանք առաջադրելու որոշումը, տանելու, ներկայացնելու է մեղադրյալին, նրան հարցաքննելու է և նոր միայն ներկայացնելու դատարան, չի հասցնելու այդ 72 ժամվա ընթացքում, քննիչի համար մեծ ծանրաբեռնվածություն է ստեղծվելու: Խնդիրն այն է, որ եթե ստեղծվում են բարդություններ, տեխնիկական հնարավորությունները հաշվի չեն առնվում, տեղ է թողնվում, որպեսզի խախտումներ կատարեն քննիչը, դատախազը, մյուսը, բնականաբար, հետին թվով գործողություններ կատարելու խնդիր է առաջանում, կեղծիքներ կատարելու հարց է առաջանում, ինչը խախտում է նույն մեղադրյալի իրավունքը: Բոլոր դեպքերում, եթե մեղադրանք առաջադրելու որոշում կայացնելու գործառույթը տրվի դատախազին, միևնույն է, դատախազը քննիչին, կարծում եմ, դարձյալ ասելու է' կազմի իմ անունից, բեր, ես կստորագրեմ, դու կտանես: Էլի այդպես է լինելու, հետևաբար ես այս նորամուծության իմաստը չեմ տեսնում:

Այլ բան է, եթե դատախազի պատասխանատվությունը բարձրացվի' քրեական գործի հետ կապված, բայց պետք է հաշվի առնվի նաև առկա խնդիրը: Այսօր գործող օրենսդրությամբ դատախազը մինչև մեղադրական եզրակացության հաստատումն ունենում է 5-օրյա ժամկետ, որի ընթացքում պետք է ծանոթանա գործի նյութերին և իր իրավասության շրջանակներում լուծի մեղադրանքը հաստատելու կամ չհաստատելու հարցը: Եթե քննիչը ներկայացնում է 15 հատորից, 30 հատորից բաղկացած քրեական գործ, և նա ընդամենը 5-օրյա ժամկետ ունի մեղադրանքը հաստատելու, բնական է, չի հասցնում ծանոթանալ, չի կարող հասցնել:

Բացի այդ, մեկ այլ խնդիր էլ կա. պաշտպանության կողմը քննիչին միջնորդություն է ներկայացրել գործի նյութերին ծանոթանալուց հետո, և միջնորդությունը քննիչի կողմից մերժվել է: Դատախազին քննիչի այդ որոշումը բողոքարկելու համար պաշտպանն ունի ընդամենը 2-օրյա ժամկետ, իսկ դատախազը, եթե մեղադրանքը հաստատելու համար նրան 5-օրյա ժամկետ է տրված, կարող է ստանալու պահին կարող է ստորագրել և գործն ուղարկել դատարան: Այսինքն' դատախազին իմ բողոքն ուղարկելու պահին, նա գործն արդեն կարող է ուղարկած լինել դատարան, այսինքն' չի կարող այն հետ բերել, լուծման ենթակա խնդիրը լուծել և այլն:

Եվս մեկ խնդիր. ինչպես հայտնի է, քրեական գործին ծանոթացումը նախատեսված է գործի ավարտից հետո: Արդեն երկրորդ տարին է, պայքարում ենք, որ վարույթը կասեցված (օրինակ, երբ անձը փախուստի մեջ է գտնվում) քրեական գործի նյութերին իրավունք ունենան ծանոթանալ նաև տուժողը, քաղհայցվորը, սակայն այդ խնդիրն օրենսդրորեն չի լուծվում: Այժմ անհեթեթ իրավիճակ է. տուժողը կասեցված քրեական գործին իրավունք չունի ծանոթանալ, բայց իրավունք ունի կասեցման որոշումը բողոքարկել: Այսինքն' բողոքարկել առանց գործին ծանոթանալու, հնարավորություն չունենալով պարզել, թե մինչև կասեցումն արդյոք լիարժե՞ք են կատարվել քննչական գործողությունները, թե ոչ: Առանց դա պարզելու, հնարավորություն չունի բողոքարկելու, իրավունք ունի, բայց հնարավորություն չի տրվում:

Գործող օրենսդրությամբ նախատեսված է, որ փորձաքննության եզրակացությանն իրավունք ունեն ծանոթանալու մեղադրյալը, պաշտպանը և այլք: Քննիչը կանչում, ասում է' դե ծանոթացի: Ասում ես' դե տուր ինձ դրա պատճեն, ու ստանում մերժում, որ օրենքով չի նախատեսված: Այսինքն սկսվում է տառակերությունը: Մեղադրյալը, պաշտպանը այդ եզրակացությունը բողոքարկելու, վիճարկելու իրավունքն ունեն, սակայն ինչպե՞ս են լիարժեք իրականացնելու իրենց այդ իրավունքը, եթե չեն կարողանում ստանալ փորձագետի եզրակացության պատճենը:

Այսպիսի բազմաթիվ այլ հարցեր էլ կան, որոնք հասունացել են և կարող էին լուծվել Քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագծով, սակայն, ցավոք, չեն լուծվել, ընդհակառակը' նոր խնդիրներ են ասպարեզ բերվում:

- Իսկ որո՞նք են Քրեական դատավարության նոր օրենսգրքի դրական կողմերը:

- Հանրային գանգատի գործերով, երբ մեղադրողը հրաժարվում է մեղադրանքից, տուժողի իրավունքն այսօր զրոյի է հավասարված: Նրան իրավունք է տրված դատական ակտը վերաքննության կարգով բողոքարկելու, սակայն բողոքարկումը դառնում է անիմաստ: Թեև բողոքարկելու իրավունքը տրված է, սակայն այն ձևական է, որովհետև դատավորը, եթե դատախազը հրաժարվել է մեղադրանքից, պարտավոր է կարճել քրեական գործի վարույթը: Ի՞նչ իմաստով է տուժողը բողոքարկելու, հասկանալի չէ: Պետք է ասի, թե դատարանը սխա՞լ վարվեց... Բայց դատարանին իրավունք չի տրված չհամաձայնել մեղադրողի հետ, ի՞նչ անի դատարանը: Ստացվում է, որ տուժողը մեղադրողի գործողությունը պետք է բողոքարկի վերաքննիչ դատարան, ինչը դառնում է անիմաստ: Նոր քրեական օրենսգրքի նախագծով նախատեսվում է, որ եթե մեղադրողը հրաժարվում է մեղադրանքից, տուժողն իրավունք ունի շարունակել մեղադրանքի պաշտպանությունը' հանդես գալով որպես մեղադրող:

Բացի այդ, մասնավոր գանգատի գործերով ևս նոր օրենսգրքի նախագծում մոտեցումը ճիշտ է, քանի որ հնարավորություն է տրվում անմիջապես դիմել դատարան, և ոչ թե' հետաքննության, նախաքննության մարմնին: Այսինքն' համարվում է, որ մասնավոր գանգատի գործը տվյալ անձինն է, նրա շահի հետ է կապված, նա էլ դիմում է դատարան, այնտեղ հանդես գալիս և որպես տուժող, և մեղադրող: Նախագծով ընդարձակվում է նաև մասնավոր գանգատի գործերի շարքը, ինչին նույնպես համաձայն եմ:

Հարցազրույցը՝ Արթուր Հովհաննիսյանի

 

Աղբյուրը՝ http://www.pastinfo.am



Բեռնել

Վերադառնալ