ՀՀ Փաստաբանների Պալատ

Փաստաբանին սպառնալու դեպքով քրեական գործ է հարուցվել

07.05.2013 16:15

Փաստաբանին սպառնալու դեպքով քրեական գործ է հարուցվել

 

Ոստիկանության Շիրակի մարզի քննչական բաժնում քրեական գործ է հարուցվել դատական նիստի ժամանակ ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի անդամ, փաստաբան Լուսինե Սահակյանի հասցեին հնչած սպառանալիքների փաստով: Ինչպես «Փաստինֆո»-ի թղթակցին հայտնեց Լ.Սահակյանը, քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 347-րդ հոդվածի հատկանիշներով՝ Նախնական քննություն վարելու կամ արդարադատություն իրականացնելու հետ կապված սպառնալիքը կամ բռնի գործողությունները:

Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր փեսացու Կարեն Եսայանի սպանության գործով ապրիլի 5-ի դատական նիստի ժամանակ փաստաբանի հասցեին հնչել էին սպառնալիքներ ու վիրավորական արտահայտություններ, ինչը դատարանի կողմից անարձագանք էր մնացել:

Հիշյալ սպանության մեջ մեղադրվող Հարություն Սարգսյանի պաշտպան Լ.Սահակյանը «Փաստինֆո»-ի թղթակցին հայտնել էր, որ դատարանում նախկին քաղաքապետի կողմնակիցների կողմից իր պաշտպանյալի հարազատների ու ընկերների հասցեին սպառնալիքներ անընդհատ են հնչում, սակայն իր հասցեին դրանք հնչել են առաջին անգամ: Փաստաբանի կարծիքով՝ սպառնացող անձինք նպատակ ունեին դատարան հրավիրված վկայի՝ մտավոր հիվանդությամբ տառապող երեխայի վրա ճնշում գործադրել ու դատարանում գոռգոռոցներով ու սպառնալիքներով վախեցնել նրան: Երեխան մեղադրող կողմի համար առանցքային վկա է, ըստ գործի նյութերի, նա տեսել է, թե ինչպես է Հ.Սարգսյանը նստում Կարեն Եսայանի մեքենան:

ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Ռուբեն Սահակյանը դիմում էր ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին՝ խնդրելով փաստաբանի հասցեին սպառնալիքների փաստով քրեական գործ հարուցել: Գլխավոր դատախազությունը դիմումն ուղարկել էր ոստիկանության Շիրակի մարզի քննչական բաժին՝ հանձնարարելով փաստի առթիվ նյութեր նախապատրաստել։

 

Աղբյուրը՝  http://www.pastinfo.am/node/13684



Բեռնել

Վերադառնալ