ՀՀ Փաստաբանների Պալատ

Դատավորը պատժվել է փաստաբանի բարձրաձայնած խախտումների արդյունքում

05.05.2013 16:39

ՀՀ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Յուրիկ Իսկոյանը կարգապահական պատասխանատվության է ենթարկվել փաստաբանի բարձրաձայնած խախտումների արդյունքում:

 

Ինչպես արդեն հաղորդել է «Փաստինֆո» գործակալությունը, Արդարադատության խորհուրդն այսօր քննարկելով ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Հրայր Թովմասյանի միջնորդությունն այսօր դատավոր Յուրիկ Իսկոյանին հայտարարվել է նկատողություն' զուգորդված վեց ամիս ժամկետով աշխատավարձի քսանհինգ տոկոսից զրկելով:

 

Ավելի վաղ «Փաստինֆո»-ն երեք ծավալուն հրապարակումներով է հանդես եկել, որոնցում փաստաբան Երեմ Սարգսյանը բարձրաձայնել է հիշյալ դատավորի կողմից թույլ տրված խախտումների մասին:

Մի կարգապահական տույժի պատմությունից

Այսպես, մեղադրողի համապատասխան որոշման հիման վրա դատարանը Արմեն Գասպարյանին ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով (խուլիգանություն, որ կատարվել է զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ) առաջադրված մեղադրանքը փոփոխել և վերաորակել էր ՀՀ քրեական օրենսգրքի 121-րդ հոդվածի 2-րդ մասով (անզգուշությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը), ապա նաև նշված մեղադրանքով քրեական գործի վարույթը կարճել՝ տուժողների բողոքների բացակայության և ամբաստանյալի հետ հաշտվելու հիմքով:

Սակայն դատարանի որոշումն օրինական ուժի մեջ մտնելուց շուրջ 3 ամիս անց մեղադրանքից հրաժարված դատախազ Ֆ.Բաղդասարյանը փոխարինվել է մեկ այլ դատախազով՝ Վ.Լազարյանով, ով 2012թ. սեպտեմբերի 20-ին գրավոր միջնորդություն է ներկայացրել դատավոր Յուրիկ Իսկոյանին' խնդրելով վերացնել կարճելու վերաբերյալ որոշումը և քրեական գործը կրկին քննության առնել ըստ նախնական մեղադրանքի՝ ՀՀ քրեական օրենգրքի 258-րդ հոդվածի 4-րդ և 235-րդ հոդվածի 1-ին մասերով' պատճառաբանելով, որ մարզի դատախազը վերացրել է Ֆ.Բաղդասարյանի' մեղադրանքը փոփոխելու մասին որոշումը: Իսկ դատավոր Յուրիկ Իսկոյանը բավարարել էր դատախազի միջնորդությունը և պաշտպան Երեմ Սարգսյանի գնահատմամբ, «աննախադեպ ապօրինի որոշում» կայացրել իր իսկ կողմից 19.07.2012թ. կայացրած և օրինական ուժի մեջ մտած գործն ըստ էության լուծող դատական ակտը վերացնելու և դատաքննությունը ՀՀ քրեական օրենգրքի 258-րդ հոդվածի 4-րդ և 235-րդ հոդվածի 1-ին մասերով շարունակելու մասին:

Իսկ արդեն 2012թ. հոկտեմբերի 5-ին կայացրած դատավճռով էլ դատարանը Արմեն Գասպարյանին մեղավոր էր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով և դատապարտել 5 տարի ժամկետով ազատազրկման: Գործը ներկայումս գտնվում է Վերաքննիչ քրեական դատարանում:

Պաշտպան Սարգսյանը «Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում նկատել էր, որ ոչ միջազգային որևէ պայմանագրով, ոչ ՀՀ Սահմանադրությամբ, ոչ ՀՀ դատական օրենսգրքով, ոչ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով և ոչ էլ որևէ այլ օրենքով ընդհանուր իրավասության առաջին ատյանի որևէ դատարանի իրավասություն տրված չէ վերանայելու, առավել ևս վերացնելու իր իսկ կողմից կայացրած' օրինական ուժի մեջ մտած գործն ըստ էության լուծող դատական ակտը /տվյալ դեպքում' քրեական գործով վարույթի մասը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումը/: Ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կողմից կայացված' օրինական ուժի մեջ չմտած և մտած գործն ըստ էության լուծող դատական ակտերը վերանայելու, առավել ևս բեկանելու լիազորությամբ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածով օժտված է միայն ՀՀ քրեական վերաքննիչ դատարանը: Ուստի, ըստ պաշտպանի, Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը յուրացրել է վերադաս դատարանի' ՀՀ քրեական վերաքննիչ դատարանի լիազորությունները: «Ըստ էության նախագահող դատավոր Յու.Իսկոյանի կողմից ստեղծվել է օրենքով արգելված արտակարգ դատարան, «գլխիվայր շուռ է տրվել» արդարադատության հիմնաքարերը հանդիսացող' դատարանի որոշումների, դատական ակտերի բողոքարկման և վերադասության կարգով վերանայման ինստիտուտները»,- նշել էր պաշտպանը:

Երեմ Սարգսյանն այսօր մեր հետ զրույցում հաստատեց, որ կարգապահական տույժն առնչվում է վերոհիշյալ գործին, խախտումների վերաբերյալ ինքը հաղորդումներ էր ներկայացվել ՀՀ արդարադատության խորհուրդ և ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Հրայր Թովմասյանին՝ կարգապահական վարույթ հարուցելու խնդրանքով, ինչն ի վերջո արվել էր:

Հեղինակ:
Սոնա Մաշուրյան

 

Աղբյուրը՝ http://www.pastinfo.am/hy/node/13336



Բեռնել

Վերադառնալ