ՀՀ Փաստաբանների Պալատ

Դատարանը կրկին անգամ դատեց նույն արարքի համար

04.05.2013 14:01

ՀՀ Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը(դատավոր Արմեն Խաչատրյանի նախագահությամբ) 2013թ. մարտի 27-ին թիվ ԵԱՔԴ/0091/01/11 քրեական գործով մեղադրական դատավճիռ կայացրեց, որով եղբայրներ Գուրգեն և Արսեն Միրզոյաններին մեղավոր ճանաչեց ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասով: Մեղադրանքի էությունը կայանում է նրանում, թե իբր եղբայրները խարդախությամբ տիրացել են ընդհանուր սեփականության մեջ Արսեն Միրզոյանի որդու բաժնեմասին:

Պաշտպանական կողմը դատաքննության ժամանակ ապացուցեց, որ սույն գործով մեղադրանքը անհիմն է և առարկայազուրկ, իրենից ներկայացնում է Արսեն Միրզոյանի և նրա նախկին կնոջ ամուսնալուծության և ամուսնական գույքի բաժանման վեճի շարունակություն: Քաղաքացիաիրավական հարաբերություններում կրելով մի շարք պարտություններ' կինը որոշել է արհեստականորեն քրեական երանգ հաղորդել ընտանեկան-գույքային հարաբերություններին և հանրային ռեսուրսների օգտագործմամբ' տիրանալ նախկին ամուսնու եղբոր գույքին: Գործի զուտ քաղաքացիաիրավական բնույթը և եղբայրների գործողություններում հանցակազմի բացակայությունը ակնհայտ էր, սակայն սույն հոդվածը ընթերցողին տասնհինգ էջանոց բողոքի բովանդակությամբ չհոգնեցնելու նկատառումով՝ կխոսենք միայն մեկ դատավարական խախտման մասին, որը խիստ վտանգավոր է և արատավոր ՀՀ դատական պրակտիկայի զարգացման համար և որը արմատախիլ չանելու դեպքում, ՀՀ-ում կդադարի գործել սահմանադրությամբ ամրագրված ԿՐԿԻՆ ԱՆԳԱՄ ՉԴԱՏՎԵԼՈՒ սկզբունքը:

Այսպես սույն գործով մինչև քրեական գործ հարուցելը և եղբայրներին մեղադրանք առաջադրելը, երկու անգամ միևնույն արարքի վերաբերյալ մեղադրյալի նախկին կինը հայտարարություն է տվել, և երկու անգամ էլ քրեական հետապնդում իրականացնող մարմինները որոշում են կայացրել նյութերով քրեական գործի հարուցումը մերժելու մասին, այս երկու որոշումներն էլ չեն վերացվել և գործում են մինչ օրս:

Այսպես 25.02.2010թ. Շենգավիթ քննչական բաժնի քննիչ Հ.Հովհաննիսյանը և 19.11.2010թ. Քանաքեռ-Զեյթուն քննչական բաժնի ավագ քննիչ Կ.Մկրտչյանը համանման որոշումներ են կայացրել Արսեն և Գուրգեն Միրզոյանների դեմ ներկայացված հայտարարության հիման վրա նախապատրաստած նյութերով քրեական գործի հարուցումը մերժելու մասին: Երկու որոշումներում էլ մանրակրկիտ շարադրված են այն նույն փաստական հանգամանքները, որոնք դրաված են թիվ ԵԱՔԴ/0091/01/11 քրեական գործով մեղադրական դատավճռի հիմքում:

Պաշտպանական կողմը հանդես եկավ քրեական գործը կարճելու համապատասխան միջնորդությամբ՝ վկայակոչելով.

ՀՀ Սահմանադրության 22-րդ հոդվածը, համաձայն որի՝ «(...) Ոչ ոք չի կարող կրկին անգամ դատվել նույն արարքի համար»։

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» Եվրոպական Կոնվենցիայի 7-րդ արձանագրության 4-րդ հոդվածը, համաձայն որի՝ «Ոչ ոք չպետք է միևնույն պետության իրավազորության շրջանակներում երկրորդ անգամ դատվի կամ քրեական դատավարության կարգով պատժվի այն հանցագործության կապակցությամբ, որի համար նա արդեն վերջնականապես արդարացվել է կամ դատապարտվել այդ պետության օրենքին և քրեական դատավարությանը համապատասխան»։

«Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին» միջազգային դաշնագրի 14-րդ հոդվածի 7-րդ կետը, համաձայն որի' «Ոչ ոք չպետք է կրկին անգամ դատվի կամ պատժվի այն հանցագործության համար, որի համար նա արդեն վերջնականապես դատապարտվել է կամ արդարացվել յուրաքանչյուր երկրի օրենքին և քրեական դատավարության իրավունքին համապատասխան»։

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 21-րդ հոդվածը, համաձայն որի՝ «Ոչ ոք չի կարող կրկին անգամ դատվել նույն արարքի համար (...)»։

ՀՀ քրեական օրենսգրքի 10-րդ հոդվածը, համաձայն որի՝ «(...) Արգելվում է անձին երկրորդ անգամ դատապարտել նույն հանցագործության համար»։

ՀՀ քրեական դատավարության 35-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետը, համաձայն որի. «Քրեական գործ չի կարող հարուցվել և քրեական հետապնդում չի կարող իրականացվել, իսկ հարուցված քրեական գործի վարույթը ենթակա է կարճման, եթե անձի նկատմամբ կա նույն մեղադրանքով քրեական հետապնդում իրականացնելուց հրաժարվելու մասին հետաքննության մարմնի, քննիչի և դատախազի չվերացված որոշում»:

Սակայն դատարանը մերժեց այս միջնորդությունը՝ պատճառաբանելով, թե իբր ՀՀ քրեական դատավարության 35-րդ հոդվածով նախատեսված կարճման հիմքեր չի հայտնաբերվել:

Այսպիսով ՀՀ Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը(դատավոր Արմեն Խաչատրյանի նախագահությամբ), դատապարտելով Արսեն և Գուրգեն Միրզոյաններին, կոպտորեն խախտել է ՀՀ-ի կողմից վավերացված միջազգային կոնվենցիաներով, Սահմանադրությամբ և օրենքներով ամրագրված, ինչպես նաև ՀՀ վճռաբեկ դատարանի թիվ ԿԴ1/0043/01/11 գործով տված նախադեպային որոշմամբ ամրագրված՝ նույն արարքի համար ԿՐԿԻՆ ԱՆԳԱՄ ՉԴԱՏՎԵԼՈՒ կարևորագույն սկզբունքը:

 

Արսեն Սարդարյան

Փաստաբան



Բեռնել

Վերադառնալ