ՀՀ Փաստաբանների Պալատ

Քրեական գործերով պատշաճ դատախազական հսկողություն չի իրականացվում. փաստաբան Լուսինե Սահակյան

04.05.2013 13:48

Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի փեսայի' Կարեն Եսայանի սպանության գործով մեղադրյալ Հարություն Սարգսյանին խոշտանգած բարձրաստիճան ոստիկաններն առ այսօր չեն պատժվել: Այսօր «Ազատազրկվածների նկատմամբ վերաբերմունքը ոստիկանության բաժիններում» զեկույցի շնորհանդեսի ժամանակ հայտարարեց Հայաստանի Փաստաբանների պալատի փաստաբան Լուսինե Սահակյանը, ով նաև Հարություն Սարգսյանի պաշտպանն է:

Նրա խոսքով, Հարություն Սարգսյանի մարմնի վրա ծեծի հետևանքով առկա վնասվածքները նկատել են Ձերբակալված անձանց պահման վայրերի դիտորդական խումբը և Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները:

«Հարություն Սարգսյանը մանրամասն բացատրություն է տվել, նշել է նաև բարձրաստիճան անձանց անուններ, թե ովքեր են բռնություն գործադրել իր նկատմամբ, ինչպես որտեղ և ինչպիսի պայմաններում: Ինչպես գիտենք վատ վերաբերմունքի կանխարգելման և հետագա քննության համար պարտադիր պայման է, որ տվյալ անձը ներգրավված լինի այդ քրեական գործին: Սակայն Հարություն Սարգսյանը ընդհանրապես տեղեկություն չունի թե քրեական գործը հարուցվե՞լ է, հարուցվելը մերժվե՞լ է, թե ոչ և ՀՔԾ-ից որևէ տեղեկություն չկա այդ հարցով», -հայտարարեց փաստաբանը:

Փաստաբանը դժգոհեց, որ քրեական գործերով դատախազական հսկողությունն ըստ արժանվույն չի իրականացվում: «Պատշաճ դատախազական հսկողություն չի իրականացվում, քրեական դատավարության օրենսգրքի նորմերը չեն գործում, և միակ նպատակը հաղորդում ստանալու ուղղակիորեն ձևականորեն ցույց տալ, որ Հայաստանում քայլեր են ձեռնարկվում կանխարգելելու վատ վերաբերմունքը: Իրականում չենք տեսնում անձինք, ովքեր հետագայում դատապարտվում են համապատասխան գործերով վատ վերաբերմունքի համար», -հավելեց տիկին Սահակյանը:

Սկզբնաղբյուր' Panorama.am



Բեռնել

Վերադառնալ