ՀՀ Փաստաբանների Պալատ

«Եթե ինձ կամ իմ ազգականների հետ վատ բան պատահի, ապա Գյումրու ոստիկանության աշխատակիցների կազմակերպածն է»

01.05.2013 11:39

Գյումրիում հնչած կրակոցների օրը՝ ապրիլի 23-ին, այդ գործի վկաներից մեկի փաստաբան, փաստաբանների պալատի անդամ Թամարա Յայլոյանին Գյումրու ոստիկանության աշխատակիցները վիրավորել եւ սպառնալիքներ են հնչեցրել իր մասնագիտական գործունեությունը կատարելու ժամանակ: Այս մասին ԳԱԼԱ-ին ասաց փաստաբանը: Թամարյա Յայլոյանը Գյումրու կրակոցների գործի քննության ժամանակ ներկայացել է որպես վկա՝Վարդան Ղուկասյանի եղբորորդու՝ Կոլյա Ղուկասյանի փաստաբան:

«Ապրիլի 23-ին Գյումրու ոստիկանությունում մասնագիտական գործունեությունս կատարելու ժամանակ են սպառնացել ինձ՝ Գյումրու ոստիկանության աշխատակիցները, որի վերաբերյալ ես, իհարկե, դիմում եմ ներկայացրել փաստաբանների պալատ եւ մտադիր եմ նաեւ առանձին հայտարարություն կատարել այն կապակցությամբ, որ եթե որեւէ մեղադրանք առաջադրվի իմ նկատմամբ, կամ եթե որեւէ բան պատահի իմ կամ իմ ազգականների հետ, Գյումրու ոստիկանության աշխատակիցների կողմից է կազմակերպված»,-ԳԱԼԱ-ին փոխանցեց Թամարա Յայլոյանը:

Հարցին, թե ինչ սպառնալիքներ են հնչել եւ ինչու՞, Թամարա Յայլոյանը պատասխանեց. «Գլխիդ կսարքենք, վատ բան կլինի եւ այլն: Ես հանդիսացել եմ Կոլյա Ղուկասյանի փաստաբանը, այսինքն՝ ինքը վկայի կարգավիճակով էր, ես ներկայացրել եմ նրա շահերը: Այդ գործողությունները, որ քննիչն ավարտել է, փորձել եմ ճշտել՝ կարո՞ղ ենք գնալ, թե՞ ոչ: Ոստիկանությունը ինձ թույլ չտվեց տեսնել Կոլյա Ղուկասյանին, որպեսզի ճշտեմ՝ կարող եմ մնալ, թե գնալ, եւ իրենք սպառնացին, որ ես չմասնակցեմ այդ գործերին, այլապես ինձ հետ վատ բաներ կպատահեն: Ինձ ասում էին՝ որտեղ կրակոցներ լինում են, ես ներկայանում եմ եւ այլն»:

Քրիստինա Մկրտչյան

Աղբյուրը՝ http://www.galatv.am/news/view/tamara-yayloyan_0105.html



Բեռնել

Վերադառնալ