ՀՀ Փաստաբանների Պալատ

Բերանը կարած վանաձորցին արդարացվել է

27.04.2013 07:25

Ավագ քննիչ Ռուդիկ Մինասյանը որոշում է կայացրել քրեական հետապնդումը դադարեցնելու մասին: Օրերս խուլիգանական դրդումներով դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու և ապօրինաբար հրազեն կրելու, պահելու մեջ մեղադրվող վանաձորցի Շալիկո Մանուչարյանի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը դադարեցվել է' հանցակազմի բացակայության հիմքով:

«8 ամիս Շալիկո Մանուչարյանը կալանքի տակ մնաց, կալանքի որոշումները միշտ բողոքարկվում էին, սակայն ապարդյուն: Շալիկոն ճարահատյալ հացադուլ հայտարարեց, կարեց բերանը, բողոքի ակցիաներ կազմակերպվեցին Վանաձոր քաղաքում' դատարանի առջև, դատախազության դիմաց: Հերթական անգամ, երբ դատարանը բավարարեց կալանքի ժամկետը երկարացնելու միջնորդությունը, Լոռու մարզի դատախազության որոշման համաձայն' Շալիկո Մանուչարյանի խափանման միջոց կալանավորումը փոփոխվեց ստորագրությամբ չհեռանալու մասին»,- Aravot.am-ի հետ զրույցում վերհիշում է Շալիկո Մանուչարյանի փաստաբան Ռուբեն Հակոբյանը (լուսանկարում):

Նա ասում է, որ դեռ այն ժամանակ պատկան մարմինները ընդունել էին, որ չեն կարողանում ապացուցել Շալիկո Մանուչարյանի մեղքը' փաստելով, որ այժմ էլ ավագ քննիչ Ռուդիկ Մինասյանի կայացրած որոշումը եկավ ապացուցելու իր պաշտպանյալի անմեղությունը:

«Քննիչը որոշում է կայացրել քրեական հետապնդումը դադարեցնելու մասին' հիմնավորելով, որ գործի օբյեկտիվ, լրիվ, բազմակողմանի քննությամբ բավարար ապացույցներ ձեռք չեն բերվել Շալիկո Մանուչարյանի կողմից նշված հանցանքը կատարելու վերաբերյալ' փաստելով, որ սպառվել են այդ ուղղությամբ նոր ապացույցներ ձեռք բերելու բոլոր հնարավորությունները: Դրանից ելնելով' որոշել են Մանուչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել' նրա արարքում հանցակազմի բացակայության հիմքով, և խափանման միջոցը' ստորագրություն չհեռանալու մասին, նույնպես վերացվել է»,-տեղեկացնում է փաստաբանը:

Նա բացատրում է, որ Շալիկո Մանուչարյանն այժմ քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ հոդվածի համաձայն ձեռք է բերել արդարացվածի դատավարական կարգավիճակ և ունի արդարացվածի բոլոր իրավունքները' հատուցում ստանալու, դիմելու գրավոր ներողության, մամուլում հոդվածները հերքելու պահանջով:

«Մենք կդիմենք այդ քայլին, թե ոչ, պետք է որոշի իմ պաշտպանյալը, ով դեռևս իր դիրքորոշումն այդ մասին չի հայտնել»,-փոխանցում է փաստաբանը' հավելելով, որ փաստի առթիվ հարուցված քրեական գործով վարույթը կասեցվել է, նախաքննությունը շարունակվում է:

«Իրական հանցագործի բացահայտման խնդիրն արդեն ոստիկանությանն է, թող պարզեն, թե ով է իրական հանցագործը»,-ասում է Ռուբեն Հակոբյանը:

Աղբյուրը' aravot.am



Բեռնել

Վերադառնալ