ՀՀ Փաստաբանների Պալատ

Դատարանների նախագահների խորհուրդն ընդունել է Փաստաբանների պալատի առաջարկությունները

16.04.2013 14:47

Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհուրդը (այսուհետ՝ Խորհուրդ) 2013 թվականի հունվարի 29-ին մեկնաբանելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 40-րդ հոդվածի կիրառման դատական պրակտիկան, ներառյալ «Փաստաբանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածով նախատեսված դեպքերը, հրապարակեց թիվ 130-րդ որոշումը:

 Մասնավորապես, Որոշման 6-րդ կետով պարզաբանվել էր, որ իրավաբանական խորհրդատվություն և օգնություն մատուցող անձինք ֆիզիկական և իրավաբանական անձանց դատական պաշտպանությունն իրականացնում են փաստաբանի արտոնագիր ունեցող անձանց միջոցով, այդ թվում նաև՝ իրենց ընկերությունում աշխատողների: Այս հանգամանքը հաստատված համարելու նպատակով, Որոշմամբ սահմանվել էր, որ դատարան պետք է ներկայացնել.

ա) գործին մասնակցող անձի կողմից փաստաբանին տրված լիազորագիր, որում պետք է հստակ նշվի, թե որ դատական գործով է իրականացվելու դատական ներկայացուցչությունը.
բ) գործին մասնակցող անձի և վերջինիս ներկայացուցչի (փաստաբանի) միջև կնքված ծառայությունների վճարովի մատուցման պայմանագիր, որում պետք է հստակ նշվի, թե որ դատական գործով է իրականացվելու դատական ներկայացուցչությունը.
գ) փաստաբանի արտոնագրի պատճենը, որի վրա պարտադիր պետք է լինի փաստաբանի գրառումը՝ արտոնագիրը դատարան ներկայացնելու պահի դրությամբ կասեցված կամ դադարեցված չլինելու վերաբերյալ, փաստաբանի ստորագրությունը և ներկայացնելու ամսաթիվը.
դ) փաստաբանին գումար վճարված լինելու դեպքում՝ գումարի վճարված փաստը հաստատող ապացույց:

Խորհրդի վերոգրյալ որոշման վերաբերյալ Փաստաբանների պալատի կողմից գրությամբ ներկայացվել են
Որոշման 6-րդ կետի հետ կապված փաստաբանների մտահոգություններն ու առաջարկությունները:
Մասնավորապես, «ա» ենթակետի առնչությամբ փաստաբանները գտել են, որ կարող են առաջանալ բարդություններ, քանի որ շատ դեպքերում լիազորագիր տվող քաղաքացին օտարերկրյա պետությունում է լիազորագիրը կազմում՝ ընդհանուր ձևով, և լիազորագիր տալու ժամանակ միշտ չէ, որ հնարավոր է լինում կանխատեսել գործը, օրինակ' լիազորագիր տվող և հետագայում Հայաստանից բացակայող քաղաքացու դեպքում՝ այդ գործի հետ կապված այլ գործով, (որը կարող է ծագել այդ գործից), հնարավոր չի լինի ներկայացնել վստահորդի շահերը:


Բացի այդ, Փաստաբանների պալատը մտահոգություն է հայտնել, որ նշված Որոշման 6-րդ կետի «բ» և «դ» ենթակետերը նույնպես կարող են անհարկի ծանրաբեռնել փաստաբաններին՝ հաշվի առնելով այն, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 40-րդ հոդվածի կիրառման իմաստով այդ մեկնաբանությունը չի վերաբերվում դատական ներկայացուցչի լիազորություններին, հետևաբար առաջարկվել է հանել նշված ենթակետերը:


Պալատն անդրադառնալով «գ» ենթակետին, գտել է, որ դրանով ծանրաբեռնվում է փաստաբանի աշխատանքը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Փաստաբանների պալատը յուրաքանչյուր ամսվա կտրվածքով ՀՀ դատական դեպարտամենտին կարող է ներկայացնել կասեցված փաստաբանների ցուցակը:


Խորհուրդը, 2013 թվականի ապրիլի 11-ի նիստում քննարկելով Փաստաբանների պալատի կողմից ներկայացված մտահոգությունների պատճառաբանությունները, գտել է, որ դրանք օբյեկտիվ են, իսկ առաջարկությունները ողջամիտ:


Այսպիսով, ՀՀ դատարանների նախագահների խորհուրդը բավարարել է Փաստաբանների պալատի առաջարկությունները՝ ընդունելով նոր որոշում և նոր խմբագրությամբ շարադրելով Խորհրդի թիվ 130-րդ որոշման վիճահարույց 6-րդ կետը, այն է՝ «Իրավաբանական խորհրդատվություն և օգնություն մատուցող իրավաբանական անձինք ֆիզիկական և իրավաբանական անձանց դատական պաշտպանությունն իրականացնում են փաստաբանի արտոնագիր ունեցող անձանց միջոցով, այդ թվում նաև՝ իրենց ընկերությունում աշխատող: Այդ հանգամանքը հաստատված համարելու նպատակով՝ դատարան պետք է ներկայացնել գործին մասնակցող անձի կողմից փաստաբանին տրված լիազորագիրը և փաստաբանի արտոնագրի պատճենը»:

Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտը հայտարարում է, որ կարևորում և գնահատում է առողջ և փաստարկված ցանկացած քննադատություն, ինչպես նաև պատրաստ է մշտապես համագործակցել յուրաքանչյուր կառուցողական առաջարկի շուրջ:

 

Աղբյուրը՝ http://dataran.am/press/?p=861



Բեռնել

Վերադառնալ