ՀՀ Փաստաբանների Պալատ

Փաստաբանական դպրոցը կիրականացնի անվճար իրավաբանական օգնության ծրագիր

07.03.2013 19:47


Համաշխարհային բանկը հաստատել է բնակչության անապահով խավերին քաղաքացիական, վարչական, քրեական և սահմանադրական դատարան դիմելու գործերով անվճար իրավաբանական օգնություն ցույց տալու ՀՀ փաստաբանական դպրոցի ծրագիրը: Ծրագիրը նախատեսում է նաև iOS և Android ծրագրերի հիման վրա գործող հեռախոսներում և այլ շարժական սարքավորումներում տեղադրել ՀՀ փաստաբանական դպրոցի ծրագիրը, որի արդյունքում նման հեռախոս կամ այլ շարժական սարքավորում օգտագործողները կարող են բեռնել հայերեն լեզվով ուսումնական տեսանյութեր, աուդիոնյութեր և տիպային փաստաթղթեր' հայցադիմումներ, պայմանագրեր և այլն: ՀՀ փաստաբանական դպրոցը ԱՊՀ երկրներից առաջինն է, որը նման ծրագիր է ներդրում: Համաշխարհային բանկը ամբողջ ծրագրի իրականացման համար տրամադրելու է շուրջ 500 000 դոլարի դրամաշնորհ:

ՀՀ փաստաբանական դպրոցի տնօրեն Նիկոլայ Բաղդասարյանը «Փաստինֆո»-ի թղթակցին հայտնեց, որ իրենց կողմից մշակած անվճար իրավաբանական օգնության ծրագիրը, որը նախատեսում է առաջնային անվճար իրավաբանական օգնության մատուցում առաջին երկու տարիներին կֆինանսավորվի Համաշխարհային բանկի կողմից, իսկ հաջողվելու դեպքում կշարունակի գործել ինքնուրույն:

Մասնավորապես, ՀՀ փաստաբանական դպրոցն առաջարկում է առաջնային անվճար իրավաբանական օգնությունը, որը ներառում է խորհրդատվության տրամադրումը, հայցադիմումների, անհրաժեշտ փաստաթղթերի, տեղեկանքների կազմումը, օրենսդրության պարզաբանումը կազմակերպել ՀՀ փաստաբանական դպրոցի ունկնդիրների միջոցով՝ գործնական ուսուցման փուլում: Այդ նպատակով Երևան քաղաքում կբացվեն 4-5 գրասենյակներ, իսկ մարզերում ծառայությունները կմատուցվեն տեղական ինքնակառավարման մարմիններին պատկանող տարածքներում կամ հանրային պաշտպանի գրասենյակներում: Ծրագիրը նախատեսում է շուրջ վաթսուն փաստաբանի ներգրավում, որոնք նույնպես ֆինանսավորվելու են Համաշխարային բանկի միջոցների հաշվին:

Անվճար իրավաբանական օգնությունը տրամադրմամբ ՀՀ փաստաբանական դպրոցը լուծելու է և՛ ունկնդիրների պարտադիր փորձաշրջանի անցկացման հարցը, և՛ բնակչությանը անապահով խավին առաջնային անվճար իրավաբանական օգնության ապահովման հարցը, և՛ ծրագրով ներգրաված փաստաբանների վերապատրաստման հարցը, բացի այդ էլ տնտեսվելու են պետության կողմից անվճար իրավաբանական օգնության համար նախատեսված միջոցները:

ՀՀ փաստաբանական դպրոցը ակնկալում է ՀՀ արդարադատության նախարարության գործուն աջակցությունը, քանի որ ծրագիրը հաջող անցնելու դեպքում պետությունը կկատարի Եվրախորհրդի առջև ստանձնած ու «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքով ամրագրված իր պարտավորությունը' առանց լրացուցիչ պետական միջոցների ներգրավելու:

«Սա ամենալուրջ ձեռքբերումն է, որ ՀՀ փաստաբանական դպրոցն արել է հանրային ոլորտում, ի դեպ իր գործունեության առաջին տարում»,- ասաց Ն.Բաղդասարյանը՝ ընդգծելով, որ շուտով, մի քանի ամիս հետո ծրագիրը կտա իր արդյունքները:
Ծրագրով նախատեսվում է նաև լուծել մարզերում և արտասահմանում բնակվող իրավաբանների և փաստաբանների հեռահար ուսուցման խնդիրը: Դա հնարավորություն կտա փաստաբաններին առանց ՀՀ փաստաբանական դպրոց գալու համակարգչային' «վեբինար», «վեբքաստ» և «աուդի դիսքաշն» ծրագրերի օգնությամբ մասնակցել դասախոսի անցկացրած դասընթացներին: Այս մոդելը հնարավորություն է տալիս նաև, որ հայաստանյան փաստաբանները վերապատրաստում անցնեն եվրոպական երկրների, ԱՄՆ դասախոսների օգնությամբ, առանց վերջիններիս Հայաստան գալու: Ծրագրի իրականացման անհրաժեշտ համակարգչային ծրագրերը ձեռք են բերվելու Համաշխարային Բանկի ֆինանսավորմամբ:

ՀՀ փաստաբանական դպրոցը նաև ծրագիր է մշակել՝ ուղղված Հայաստանից Մարդու իրավունքների եվրոպական դատարան ներկայացվող գանգատների որակի բարձրացմանը: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ հաճախ ՄԻԵԴ-ը չի արձանագրում խախտում միայն այն պատճառով, որ իրավաբանի կամ փաստաբանի կողմից գրված գանգատը որակյալ չէ, ինչը քաղաքացու մոտ թյուր տպավորություն է ստեղծում, թե ՄԻԵԴ-ը նույնպես իր իրավունքների պաշտպանության արդյունավետ միջոց չէ:

ՀՀ փաստաբանական դպրոցի մշակած ծրագրի արդյունքում հեռահար վերապատրաստման եղանակով Եվրոպայում գտնվող մասնագետները կօգնեն Հայաստանի աշխատող փաստաբաններին Եվրոպական դատարան կոնկրետ գործերով գանգատներ կազմելու հարցում:

«Մենք արդեն ձեռք ենք բերել համաձայնություն Եվրոպայի խորհրդի հետ, որը կաջակցի իր ռեգիոնալ ծրագրի շրջանակներում փաստաբանների և ՀՀ փաստաբանական դպրոցի ունկնդիրներին վերապատրաստման հարցում», - ասաց ՀՀ փաստաբանական դպրոցի տնօրենը:

Անապահով խավի համար անվճար ՄԻԵԴ գանգատ կազմելու նպատակով նախատեսվում է ՀՀ փաստաբանական դպրոցին կից բացել փաստաբանական գրասենյակ, որտեղ ունկնդիրները կազմելու է ՄԻԵԴ ուղղված գանգատներ: Ունկնդիրների մասնագիտանալուց հետո նրանց կփոխարինեն նոր ունկնդիրները: «Մեր օրենսդրությունը չի նախատեսում անվճար իրավաբանական օգնություն տրամադրում ՄԻԵԴ գանգատ գրելու, այդ բացը մեր դպրոցը կլրացնի: ՄԻԵԴ-ի հետ նամակագրությունը կկատարվի բավականին լավ անգլերենով, և քաղաքացին ստիպված չի լինի սպասել, որպեսզի տեղում թարգմանություն կատարվի: Դա օգտակար կլինի նաև ունկնդրի համար, որն ավարտելով ՀՀ փաստաբանական դպրոցը կունենա Եվրոպական դատարանում գտնվող իր վարույթում գործ: Եվրոպական դատարանը փոխհատուցելու է ունկնդրին իր կատարած աշխատանքի համար, եթե ունկնդրի կողմից կազմած գանգատը ընդունվի վարույթ: «Այս մեխանիզմը ևս շահավետ է և՛ պետության, և՛ բնակչության ու և՛ ՀՀ փաստաբանական դպրոցի համար»,- ասաց Նիկոլայ Բաղդասարյանը:

Նիկոլայ Բաղդասարյանը հայտնեց նաև, որ այս պահին քննարկման փուլում է Counterpart-ին ներկայացված ծրագիրը: Ծրագրով նախատեսվում է անցկացնել համայնքների իրավաբանների վերապատրաստումը, որպեսզի ապահովվի համայնքի ու բնակիչների հետ կապը: «Սա էլ է լուրջ ձեռքբերում, որովհետև մեր ուսումնասիրությունը ցույց տվեց, որ օրենքը միատեսակ չի գործում մեր պետության տարբեր համայնքներում: Եթե մի համայնքում բնակիչը բախվում մեկ խնդրի հետ և այդ խնդիրը ստանում է լուծում, ապա մյուս համայնքներում ծրագրի իրականացման արդյունքում, նույնպես ի տարբերություն ներկա իրավիճակի, լուծում կստանան այդ իրավական հարցերը: Ծրագրի հաջողվելու դեպքում ողջ պետության տարածքում կստեղծվի ցանց, որը կենտրոնացված է լինելու ՀՀ փաստաբանական դպրոցում, որտեղ խորհրդատուները համայնքի իրավաբաններին խորհրդատվություն են տրամադրելու, նրանք էլ իրենց հերթին՝ համայնքների բնակիչներին: Բացի այդ, ՀՀ փաստաբանական դպրոցը ապահովելու է համայնքների իրավաբանների շարունակական կրթությունը: Այս պիլոտային ծրագրում սկզբնական շրջանում ներգրավված է լինելու մոտ 40 համայնք: ՀՀ փաստաբանական դպրոցի տնօրեն Նիկոլայ Բաղդասարյանն ընդգծեց, որ ծրագրի իրականացումը շատ կարևոր է ՏԻՄ ինստիտուտների զարգացման համար, քանի որ ծրագրի իրականացման արդյունքում հնարավորություն կստեղծվի նաև ձևավորել անհրաժեշտ իրավական բազա համայնքների զարգացման համար:

Հեղինակ:
«Փաստինֆո»

Աղբյուրը՝ http://www.pastinfo.am/hy/node/9721



Բեռնել

Վերադառնալ