Ազատը, Սերոբն ու իրավապահները
15.02.2013 09:56«Հետքի» հրապարակումներից հետո բացահայտվեցին Սերոբ Տեր-Պողոսյանի կողմից Ախթալայում իրականացված մանկապղծության դեպքերը, որոնց համար վերջինս դատապարտվեց 15 տարվա ազատազրկման:
Մանկապղծությունը հետևյալն էր. Սերոբ Տեր-Պողոսյանը գումար էր տալիս անչափահաս տղա երեխաներին և նրանց հետ սեռական բնույթի գործողություններ կատարում կամ արվամոլությամբ զբաղվում, որը որակվեց տուժողների անօգնական վիճակից օգտվել՝ համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի 139 հոդվածի, որը մինչև 10, նույնիսկ 15 տարի ազատազրկում է նախատեսում:
«Հետքի» մեկ այլ հրապարակումից հետո բացահայտվեց անչափահաս Կարինեի (անունը փոխված է) բռնաբարության գործով ամբաստանյալ, Հարթաշենի գյուղապետ Ազատ Ղուկասյանի իրականացրած մանկապղծության ևս մեկ դեպք, որը կատարվել է հետևյալ կերպ. Ազատ Ղուկասյանը ոստիկանություն տանելու պատրվակով իր մեքենան է նստեցրել հարևանների կողմից գողության մեջ մեղադրվող, այդ ժամանակ 9-րդ դասարանի 15-ամյա աշակերտուհի Ա.-ին, սակայն ճանապարհին կանգնեցրել է ավտոմեքենան և ոստիկանություն չտանելու պայմանով ստիպել վերջինիս սեռական հարաբերության մեջ մտնել իր հետ:
Այս գործով Ազատ Ղուկասյանի արարքը որակվել է ՀՀ քրեական օրենսգրքի 140 հոդվածով (սեռական հարաբերության հարկադրելը շանտաժի միջոցով), որը մինչև 3 տարի ազատազրկում է նախատեսում: Արդյունքում 21.01.2013թ. որոշմամբ համաներում է կիրառվել, ու գործի վարույթը կարճվել է:
Ի՞նչ է ստացվում, երբ 16 տարին չլրացած տղա երեխային գումար են տալիս և հետը սեռական բնույթի հարաբերություն ունենում կամ համասեռամոլությամբ զբաղվում, դա համարվում է անօգնական վիճակի օգտագործում, սակայն երբ նույն տարիքի աղջիկ երեխային ոստիկանություն տանելու սպառնալիքով բնակավայրից դուրս գիշերով ստիպում են սեռական հարաբերություն ունենալ, դա չի՞ համարվում անօգնական վիճակի օգտագործում:
Կարծում եմ՝ ինչ-որ բան այն չէ: Եվ ահա թե ինչը. Սերոբ Տեր-Պողոսյանի գործով մեղադրողներից մեկը, պատասխանելով լրագրողի հարցին, ասաց, որ եթե տուժողները երեխաներ չլինեին, այլ լինեին չափահաս, կասեինք՝ Սերոբը գալուբոյ է ու վերջ, այսինքն՝ գումար վճարելով համասեռամոլությունը քրեորեն պատժելի չէ, և այստեղ էական նշանակություն է ունեցել այն, որ տուժողները երեխաներ են եղել, ուստի նրանց նկատմամբ կատարվածը համարվել է անօգնական վիճակի օգտագործում:
Նմանապես, եթե չափահաս անձի հետ, ոստիկանություն տանելու սպառնալիքով, սեռական հարաբերության մեջ մտնելը կարող է համարվել շանտաժի միջոցով սեռական հարաբերության մեջ մտնել և ՀՀ քրեական օրենսգրքի 140 հոդվածով որակվել, որը մինչև 3 տարվա ազատազրկում է նախատեսում, ապա նույն արարքը երեխայի նկատմամբ կատարելու դեպքում առավել քան (համեմատած գումար վճարելու հետ) գործ ունենք այդ երեխայի անօգնական վիճակն օգտագործելու հետ:
Այսինքն՝ նույն երևույթը երեխաների համար մի իրավիճակ է առաջացնում, չափահասի համար՝ մեկ այլ իրավիճակ, հակառակ դեպքում գումար վճարելով համասեռամոլությամբ զբաղվող կամ սեռական բնույթի գործողություններ կատարող Սերոբ Տեր-Պողոսյանի արարքը պետք է որակվեր ՀՀ քրեական օրենսգրքի 141 հոդվածով, որում բացակայում է հարկադրանքի և անօգնական վիճակի տարրը, և պատասխանատվության հիմքը տուժողի 16 տարին լրացած չլինելն է և ընդամենը տուգանք կամ առավելագույնը 2 տարվա ազատազրկում է նախատեսում:
Ինչպես տեսնում ենք, Ազատ Ղուկասյանի և Սերոբ Տեր-Պողոսյանի նկատմամբ երկակի մոտեցում է ցուցաբերվել:
Բայց սա դեռ ամենը չէ:
Ազատ Ղուկասյանի նկատմամբ համաներում էլ է կիրառվել 26.05.2011թ. ուժի մեջ մտած, Համաներում հայտարարելու մասին ՀՀ ԱԺ որոշման 6-րդ կետի 2-րդ կենթակետին հղումով, որի համաձայն՝ պետք է կարճվեն այն գործերը, որոնցով անձինք մեղադրվում են այնպիսի հանցագործություններ կատարելու մեջ, որոնց համար նախատեսված է պատիժ՝ ոչ ավելի, քան երեք տարի ժամկետով ազատազրկում:
Սակայն համաներման մասին որոշումը մեկ այլ կետ ևս ունի: Այսպես, որոշման 9-րդ կետի 8-րդ ենթակետով հստակ սահմանված է. համաներումը չկիրառել մի քանի հանցագործություն կատարած անձանց նկատմամբ, եթե այդ հանցագործություններից թեկուզ մեկի համար սույն որոշմամբ համաներում չի կիրառվում:
Ազատ Ղուկասյանը մեղադրվում է նաև 16 տարին չլրացած Կարինեի (անունը փոխված է) բռնաբարության (ՀՀ քր. օր-ի 139 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետ) մեջ, որի վրա, Համաներման մասին որոշման 9-րդ կետի 7-րդ ենթակետի համաձայն, համաներում չի տարածվում, հետևաբար Ազատ Ղուկասյանի վրա ընդհանրապես չէր կարող համաներում տարածվել:
Հարց է ծագում՝ ո՞նց է լինում, որ սենց է լինում:
Հ.Գ. երբ 23.01.2013թ.-ին Հարթաշենում էի և դեռ չգիտեի Ազատ Ղուկասյանի վրա համաներում տարածելու և 21.01.2013թ.-ին քրեական գործը կարճելու մասին, բնակիչներն ինձ ասացին, որ մեկ շաբաթ առաջ՝ այսինքն հունվարի 16-18-ին, Ազատ Ղուկասյանի կինը և/կամ որդին բանկից 10.000 դոլար վարկ են վերցրել, անգամ ասացին, որ գրավ են դրել աներոջ տունը: Չգիտեմ, թե որքանով է հավաստի այս տեղեկությունը, սակայն հուսով եմ, որ դա չէ պատճառը, որ Ազատ Ղուկասյանի նկատմամբ նման տարբերակված մոտեցում է ցուցաբերվել:
Կարեն Մեժլումյան
փաստաբան
Աղբյուրը՝ http://hetq.am
Բեռնել
Վերադառնալ