ՀՀ Փաստաբանների Պալատ

Փաստաբանական գործունեության կազմակերպաիրավական ձևերը Հայաստանում

02.02.2013 18:30

«Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի համաձայն. «Փաստաբանն իր գործունեությունը կազմակերպելու համար կարող է ընտրել ՀՀ օրենսդրությամբ նախատեսված կազմակերպաիրավական ցանկացած ձև»:

«Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 86-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն. «Իրավական ակտը մեկնաբանվում է դրանում պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի նշանակությամբ` հաշվի առնելով օրենքի պահանջները»:

«Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածը մեկնաբանելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 86-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներին համապատասխան` պետք է արձանագրենք, որ «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքը որպես փաստաբանական գործունեության ձև ընդունելի է համարում ՀՀ օրենսդրությամբ նախատեսված ցանկացած կազմակերպաիրավական ձև, որի ընտրությամբ հնարավոր կլինի իրականացնել փաստաբանական գործունեություն:

Բացի այդ, մեկնաբանվող հոդվածում օրենսդիրը օգտագործելով «կարող է» եզրույթը պարտադիր չի դարձրել փաստաբանի համար իր գործունեության կազմակերպման համար կազմակերպաիրավական ձևի ընտրությունը:

Արդյունքում «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածը որևէ իրավական հարաբերություններ չի կարգավորում, քանի որ դրա բացակայության պայմաններում էլ ցանկացած ոք իր գործունեությունը կազմակերպելիս կարող է ընտրել ՀՀ օրենսդրությամբ նախատեսված կազմակերպակաիրավական ցանկացած ձև:

Վերոնշյալից կարելի է եզրահանգել, որ «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածը ինչպես օրենսդրական տեխնիկայի, այնպես էլ իրավական առումով միանշանակ վերախմբագրման կարիք ունի:

Օրենքով փաստաբանական գործունեության կազմակերպաիրավական ձև սահմանելու համար անհրաժեշտ է նախ` «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքով նախատեսել փաստաբանական գործունեության տեսակը` ձեռնարկատիրական կամ ոչ ձեռնարկատիրական, ապա` «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածով հստակ սահմանել, թե փաստաբանական գործունեությամբ զբաղվելու համար փաստաբանը ՀՀ օրենսդրությամբ նախատեսված ինչպիսի կազմակերպաիրավական ձև պետք է ընտրի:

Ձեռնարկատիրական գործունեության սահմանումը տրված է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 2-րդ հոդվածում, համաձայն որի. «Ձեռնարկատիրական է համարվում անձի ինքնուրույն, իր ռիսկով իրականացվող գործունեությունը, որի հիմնական նպատակը գույք օգտագործելուց, ապրանքներ վաճառելուց, աշխատանքներ կատարելուց կամ ծառայություններ մատուցելուց շահույթ ստանալն է»:

Այսինքն` վերը նշված հոդվածի վերլուծությունից բխում է, որ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող անձի, տվյալ դեպքում` փաստաբանի, հիմնական նպատակը պետք է լինի շահույթ ստանալը ծառայություն մատուցելու կամ աշխատանք կատարելու միջոցով:

«Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն. «Փաստաբանական գործունեությունն իրավապաշտպան գործունեության տեսակ է, որն իրականացնում է փաստաբանը և ուղղված է իրավաբանական օգնություն ստացող անձի իրավունքների, ազատությունների և շահերի իրականացմանն ու պաշտպանությանը՝ օրենքով չարգելված բոլոր միջոցներով և եղանակներով»:

Այսինքն` վերը նշված հոդվածի վերլուծությունից բխում է, որ փաստաբանի հիմնական նպատակն է իրավական օգնություն ստացող անձի իրավունքների, ազատությունների և շահերի պաշտպանությունն, այլ ոչ թե շահույթ ստանալը:

«Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 1-ին կետի պրակտիկ կիրառումն ամրագրված է նաև փաստաբանի վարքագծի կանոններում, որոնք ամրագրվել են փաստաբանական գործունեության արդյունքում ձևավորված ավանդույթների հիման վրա, համաձայն որի` փաստաբանը չպետք է արհեստական վեճեր ստեղծի (դատական գործեր հարուցի) վստահորդի համար` հոնորարի չափն ավելացնելու նպատակով (Փաստաբանի վարքագծի կանոնագիրք, հոդված 3.7.2):

Այսպիսով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 2-րդ հոդվածի և «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի պահանջների համակարգային վերլուծությունից հետևում է, որ փաստաբանական գործունեությունը չի կարող համարվել Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 2-րդ հոդվածի պահանջներին համապատասխանող ձեռնարկատիրական գործունեություն:

Վերը նշված իրավական ակտերի վերլուծության արդյունքում չեմ ցանկանում բացառել, որ փաստաբանական գործունեությունը չի կարող երբևիցէ համարվել որպես ձեռնարկատիրական գործունեություն, մինչդեռ այդ դեպքում անհրաժեշտ է վերախմբագրել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 2-րդ հոդվածում «ձեռնարկատիրական գործունեության» սահմանումը և համապատասխանեցնել ՀՀ օրենսդրությունը (իրավաբանական անձանց, հարկային օրենսդրությանը վերաբերվող, ինչպես նաև այլ` իրավական ակտերը), որը չեմ կարծում ներկայումս նպատակահարմար կլինի` հաշվի առնելով ձևավորված ավանդույթները:

Վերը նշված օրենսդրության հակասության վերացնելու լավագույն ճանապարհն է «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքում համապատասխան փոփոխություններ և լրացումներ կատարելը, որով կսահմանվի, որ փաստաբանական գործունեությունը չի համարվում ձեռնարկատիրական գործունեության տեսակ, իսկ «փաստաբանական ծառայության մատուցման» տերմինը, «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքին համաձայն, պետք է փոխարինվի «փաստաբանական օգնություն տրամադրման» տերմինով:

Ինչ վերաբերվում է ոչ ձեռնարկատիրական գործունեության տեսակի դեպքում փաստաբանական գործունեության բնորոշ կազմակերպաիրավական ձևին, ապա առաջարկվում է ընտրել «Փաստաբանական գործունեության և փաստաբանության մասին» ՌԴ օրենքի 4-րդ գլխով նախատեսված իրավակարգավորումը և «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքով նախատեսել փաստաբանական գործունեության կազմակերպաիրավական երկու ձև`

1. փաստաբանական գրասենյակ (գործընկերության պայմանագրի հիման վրա երկու և ավելի փաստաբանների կողմից փաստաբանական գործունեությամբ զբաղվելու դեպքում),

2. փաստաբանական կաբինետ (մեկ փաստաբանի կողմից փաստաբանական գործունեությամբ զբաղվելու դեպքում):

Նման մոտեցումը լիովին բխում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 51-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված պահանջից, համաձայն որի. «ոչ առևտրային կազմակերպություն համարվող իրավաբանական անձինք կարող են ստեղծվել … օրենքով նախատեսված այլ ձևերով»:

Ներկայացված առաջարկության ընդունման պայմաններում ոչ միայն կվերանան «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքում, այլ իրավական ակտերում տեղ գտած թերությունները, այլ նաև կձևավորվի որակապես նոր փաստաբանական գործունեություն ինստիտուտ, որի պայմաններում նախ` փաստաբանական օգնության մատուցող փաստաբանի համար հստակ կլինի իր կողմից մատուցվող օգնության տեսակը, ապա` մեր հասարակության մեջ փաստաբանը կդիտվի ոչ թե որպես գործարար, այլ իրավապաշտպան:

Նիկոլայ Բաղդասարյան
Փաստաբանների պալատի խորհրդի անդամ
Փաստաբանական դպրոցի տնօրեն

Աղբյուրը՝ http://www.pastinfo.am



Բեռնել

Վերադառնալ