ՀՀ Փաստաբանների պալատի խորհրդի 18 դեկտեմբերի 2012թ. N32/13-Ա Որոշմամբ Փաստաբաններ Հայկ Ալումյանը, Ստեփան Ոսկանյանը և Մնացական Սարգսյանը արժանացել են դրամական խրախուսման
27.12.2012 11:51ՀՀ Փաստաբանների պալատի փաստաբաններ Հայկ Ալումյանն և
Ստեփան Ոսկանյանը տարիներ շարունակ իրականացրել են հանրությանը որպես «Մատաղիսի» գործ հայտնի քրեական գործով մեղադրվող անձանց պաշտպանությունը:
Նրանք մասնակցել են 70-ից ավելի դատական նիստերի, որոնցում ներկայացրել են բազմաթիվ տարաբնույթ միջնորդություններ, կազմել են դատավարական այլ փաստաթղթեր: Դրանցից հիշատակման է, օրինակ, արժանի քաղաքացի Արայիկ Զալյանի կողմից ՀՀ սահմանադրական դատարան ներկայացված դիմումը, որն անմիջականորեն նախագծվել է փաստաբան Հայկ Ալումյանի կողմից: Նշված դիմումի հիման վրա էր, որ ՀՀ սահմանադրական դատարանը իր 2008թ. դեկտեմբերի 2-ի որոշմամբ ՀՀ դատական օրենսգրքի 14-րդ հոդվածի 3-րդ մասը՝ իրավակիրառական պրակտիկայի կողմից դրան տրված բովանդակության շրջանակներում, ճանաչեց ՀՀ Սահմանադրության 3-րդ հոդվածի 2-րդ մասի, 18-րդ հոդվածի 1-ին մասի, 55-րդ հոդվածի 11-րդ մասի և 95-րդ հոդվածի պահանջներին հակասող և անվավեր: ՀՀ սահմանադրական դատարանը այդ որոշմամբ նաև ՀՀ Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչեց ՀՀ դատական օրենսգրքի 14-րդ հոդվածի 5-րդ մասը:
Նշենք, որ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը` դատավոր Հարություն Մովսեսյանի նախագահությամբ, 2012թ.դեկտեմբերի 18-ին արդարացման դատավճիռ է կայացրել «Մատաղիսի» գործով մեղադրվող երեք երիտասարդների` Արայիկ Զալյանի, Ռազմիկ Սարգսյանի եւ Մուսա Սերոբյանի նկատմամբ:
Փաստաբաններ Հայկ Ալումյանն ու Ստեփան Ոսկանյանը «Մատաղիսի» գործով պաշտպանությունն իրականացնելիս ցուցաբերել են սկզբունքայնություն և հետևողականություն, մասնագիտական բացառիկ կարողություններ, ինչի համար արժանի են խրախուսման: Փաստաբան Հայկ Ալումյանին հատկացվել է 100.000 (հարյուր հազար) ՀՀ դրամ, իսկ Ստեփան Ոսկանյանին՝ 50.000 (հիսուն հազար) ՀՀ դրամ:
ՀՀ Փաստաբանների պալատի փաստաբան Մնացական Սարգսյանը 2010 թվականի մարտ ամսից մինչ օրս անվճար իրավաբանական օգնություն է ցուցաբերում քաղաքացի Վահրամ Անտոնյանին, որը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 266 հոդվածի 2-րդ մասով: Մասնակցել է մի քանի տասնյակ դատական նիստերի դատական բոլոր ատյաններում: Քրեական գործով կայացված չորս դատավճիռներից երեքի դեմ բերել է վերաքննիչ բողոքներ: Բոլոր վերաքննիչ բողոքները բավարարվել են և գործը հանձնվել է նոր քննության: Երրորդ վերաքննիչ բողոքը բավարարելիս փոխվել է նաև Վ.Անտոնյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը և նա 2 տարի 4 ամիս նախնական կալանքի տակ գտնվելուց հետո ազատ է արձակվել: Առաջին ատյանի դատարանում գործը հերթական չորրորդ անգամ քննվելուց հետո կայացվել է արդարացման դատավճիռ:
Վ.Անտոնյանի պաշտպանությունն իրականացնելիս Մնացական Սարգսյանը ցուցաբերել է ջանասիրություն, սկզբունքայնություն և հետևողականություն, մասնագիտական բացառիկ կարողություններ, ինչի համար արժանի է խրախուսման: Փաստաբան Մնացական Սարգսյանին հատկացվել է 100.000 (հարյուր հազար) ՀՀ դրամ:
ՀՀ Փաստաբանների պալատ
Բեռնել
Վերադառնալ