ՍԴ-ն քննության կառնի փաստաբանի և նախկին դատավորի դիմումների հիման վրա միավորված գործը
17.12.2012 18:13
Սահմանադրական դատարանը դեկտեմբերի 18-ին` ժամը 14-ին, գրավոր ընթացակարգով քննության կառնի քաղաքացիներ Սամվել Մնացականյանի և Գևորգ Գյոզալյանի դիմումների հիման վրա միավորված գործը:
Դիմումատուները վիճարկում են ՀՀ դատական օրենսգրքի 111-րդ հոդվածի 6-րդ մասի, 155-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետի և 158-րդ հոդվածի 1-ին մասի դրույթների սահմանադրականությունը:
Գործի դատաքննությունը պետք է կայանար դեռևս հոկտեմբերի 23-ին, սակայն գործով զեկուցող` ՍԴ անդամ Արևիկ Պետրոսյանի առաջարկությամբ, այն հետաձգվել էր, նկատի ունենալով այն հանգամանքը, որ գործերի միավորմամբ պայմանավորված` առաջացել է լրացուցիչ նյութերի ուսումնասիրման անհրաժեշտություն:
Դատավարությանը որպես պատասխանող կողմ ներգրավված է Ազգային ժողովը:
ՀՀ փաստաբանների պալատի փաստաբան Գևորգ Գյոզալյանը դիմել է ՍԴ` խնդրելով Սահմանադրության 27.1, 18 և 19 հոդվածներին հակասող և անվավեր ճանաչել դատավորի նկատմամբ կարգապահական վարույթի հարուցմանը և դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին առաջարկի քննությանը վերաբերող` ՀՀ դատական օրենսգրքի 155-րդ և 158-րդ հոդվածների դրույթները:
Ըստ դիմողի` վիճարկվող նորմերի բովանդակությունից երևում է, որ օրենսդիրը հնարավորություն է տվել Արդարադատության խորհրդին, առանց որևէ պատճառաբանության, վերադարձնել անձանց դիմումները: Արդարադատության խորհրդի որևէ գործողություն ենթակա չէ դատական վերահսկողության, անգամ այն դեպքում, երբ աշխատակիցը դիտավորյալ չի ընդունում դիմումը կամ ընդունելով դիմումները` միանձնյա որոշում է կայացնում վերադարձնել դրանք:
Գ. Գյոզալյանը գտնում է նաև, որ, համաձայն վիճարկվող նորմերի և իրավակիրառական պրակտիկայի, Արդարադատության խորհրդի գործողությունները ենթակա չեն բողոքարկման, քանի որ վերջինս հանդես է գալիս որպես դատարան, և որ դրանք ենթակա չեն վերահսկողության` ընդհանրապես և դատական վերահսկողության` մասնավորապես: Այս առումով, ըստ դիմողի, ՀՀ դատական օրենսգրքի 155-րդ հոդվածն այնքանով, որքանով չի սահմանում, որ Արդարադատության խորհրդի կողմից դիմումների պատասխանները պետք է լինեն պատճառաբանված, ինչպես նաև ՀՀ դատական օրենսգրքի 158-րդ հոդվածը, որն ընդհանրապես թույլ չի տալիս այդ մարմնի որևէ գործողություն կամ անգործություն դատական վերահսկողության առարկա դարձնել, հակասում է Սահմանադրության 27.1, 18 և 19 հոդվածներին:
ՍԴ-ի դատական կազմը սեպտեմբերի 3-ին, հաշվի առնելով դիմումի և կից փաստաթղթերի ուսումնասիրությունը, գտել է, որ դիմումն ենթակա է քննության ընդունելու միայն մասնակի` 155-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետի և 158-րդ հոդվածի 1-ին մասի դրույթների մասով:
Դատական կազմը նաև արձանագրել է, որ Սամվել Մնացականյանը, ի թիվս այլնի, բողոքարկել է 158-րդ հոդվածի 1-ին մասի դրույթների սահմանադրականությունը, ուստի այս երկու գործերը կարող են միավորվել:
Նշենք, որ Սամվել Մնացականյանը Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախկին դատավոր է, ում լիազորությունները 2011թ.-ի հուլիսի 11-ին դադարեցվել են Հանրապետության նախագահի հրամանագրով` Արդարադատության խորհրդի միջնորդությամբ:
Մինչև հրամանագրի ստորագրումը ՀՀ փաստաբանների պալատի հարյուրից ավելի անդամներ հանդես էին եկել հայտարարությամբ և բողոքի ցույց կազմակերպել` ՀՀ արդարադատության խորհրդից պահանջելով հետ վերցնել Սերժ Սարգսյանին ներկայացված առաջարկը` դատավորի լիազորությունները դադարեցնելու մասին:
ՀՀ դատական օրենսգրքի 111-րդ հոդվածի վիճարկվող 6-րդ մասով, մասնավորապես, սահմանված է. «Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին Արդարադատության խորհրդի որոշումները, ինչպես նաև դատավորին կալանավորելու, նրա լիազորությունները դադարեցնելու, նրան որպես մեղադրյալ ներգրավելու, դատական կարգով վարչական պատասխանատվության ենթարկելու համաձայնություն տալու մասին Հանրապետության նախագահին առաջարկ ներկայացնելու վերաբերյալ Արդարադատության խորհրդի որոշումները վերջնական են, ուժի մեջ են մտնում Արդարադատության խորհրդի նիստում հրապարակման պահից և բողոքարկման ենթակա չեն»:
Համաձայն 155-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետի` կարգապահական վարույթ հարուցելու առիթներից է անձի դիմումը:
158-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված է, որ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցերը քննելիս Արդարադատության խորհուրդը գործում է որպես դատարան: Որպես դատարան գործելիս Արդարադատության խորհրդում գործերի քննության կարգի նկատմամբ կիրառվում են ՀՀ վարչական դատավարական օրենսգրքի նորմերն այնքանով, որքանով դրանք իրենց էությամբ կիրառելի են Արդարադատության խորհրդում գործի քննության նկատմամբ և չեն հակասում դատական օրենսգրքի նորմերին:
Հեղինակ:
«Փաստինֆո»
Աղբյուրը՝ http://www.pastinfo.am
Բեռնել
Վերադառնալ