Երրորդ կողմի կարծիքը` Վարդան Օսկանյանի գործով
17.12.2012 00:00Վերջերս այս կայքում տեղեկություններ կային, որ անցկացվում է սեմինար դատավարությունների ընթացքում երրորդ կողմի կարծիքի մասին /amicus curiae/. Բոլորը երևէի տեղյակ են մամուլից ՀՀ նախկին արտգործնախարար, ՀՀ ԱԺ պատգամավոր Վ.Օսկանյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդման մասին: Ելնելով գործի բացահայտ քաղաքական բնույթից, նախաքննության մարմինը և ՀՀ գլխավոր դատախազությունը, ինչպես միշտ, առավել ևս այս դեպքում , մշտապես մերժում են պաշտպանության կողմի բոլոր միջնորդությունները` քրեական գործը կարճելու և Վ.Օսկանյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը դադարեցնելու մասին: Որպեսզի հանրությանը ի ցույց դնենք իրականացվող հետապնդման ողջ իրավաբանական դատարկությունը, դիմել ենք ռուսաստանյան մի շարք հեղինակավոր գիտական հաստատությունների, խնդրելով տալ իրենց կարծիքը գործի վերաբերյալ: Առաջինը ստացել ենք ՌԴ գիտությունների ակադեմիայի Պետության և իրավունքի ինստիտուտի կարծիքը, որը հեղինակել է նշված ինստիտուտի փոխտնօրեն, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՌԴ վաստակավոր իրավաբան Յու.Լ.Շուլժենկոն: Ըստ այդ եզրակացության, Վ.Օսկանյանի արարքում բացակայում է որևէ հանցակազմ: Եզրակացությունը համապատասխան միջնորդությամբ ուղարկվել է նախաքննության մարմնին:
Հետաքրքիր է, թե ինչպես են հիմա մեր իրավապահները ռուս առաջատար գիտնականին "սխալ" հանելու: Գոնե այս կերպ փորձենք ցույց տալ մեր իրավապահ համակարգի շատ գործերով ցուցաբերվող և նույնիսկ չթաքցվող իրավական անգրագիտությունը:
Ցավոք այս կայքը հնարավորություն չի տալիս ներբեռնելու եզրակացության ֆայլը, ես այն ուղարկում եմ պալատին, հույսով եմ, որ պալատի մասնագետները այն կտեղադրեն սույն հոդվածին կից: Եթե ոչ, ապա իմ մոտ արդեն վերջնական կարծիք կձևաորվի պալատի որոշ հարցերում դրսևորվող բացահայտ կողմնակալության մասին:
Տիգրան Աթանեսյան
Բեռնել
Վերադառնալ