ՀՀ Փաստաբանների Պալատ

Կապահովվի քննությունների թափանցիկությունը

29.11.2012 07:20

 

Փաստաբանական նորաստեղծ դպրոցում ուսուցում անցնելու համար արդեն թվով երկրորդ քննություններին մասնակցելու հայտ են ներկայացրել շուրջ 45 իրավաբաններ, հայտեր կընդունվեն ևս մեկ շաբաթ:

Ինչպես «Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում գնահատեց դպրոցի տնօրեն, փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը, հավակնորդների հոսքը նորմալ է, հավակնորդ իրավաբանները շահագրգիռ են ստանալ նաև փաստաբանի գործնական գիտելիքներ ու հմտություններ: Հիշեցնենք, որ «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասում հստակ ամրագրված է, որ «դատական ներկայացուցչությունը կամ դրա կազմակերպումը որպես պարբերաբար կամ վճարովի հիմունքներով մատուցվող ծառայություն կարող է իրականացնել միայն փաստաբանը»:

Դպրոցի տնօրենի հավաստիացմամբ, կապահովվի քննությունների թափանցիկությունը այդ թվում՝ դրանց ընթացքին օնլայն ռեժիմով հետևելու միջոցով: Բովանդակային առումով կբարելավվեն նաև քննական թեստերը, որոնք կառուցված կլինեն ոչ միայն հիշողության, այլև իմացության հիման վրա:

Դպրոցի առաջին ունկնդիրներից Լուսինե Գրիգորյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում նշեց, որ դպրոցի առաջին քննությունների ընթացքում էլ օբյեկտիվությունն ապահովված էր՝ ինչ գրում էին, այն էլ համակարգիչը ֆիքսում էր՝ բացառելով որևէ անձի միջամտությունը:

Նա գոհ է նաև ուսուցման ընթացքից՝ այն բուհում ուսման պարզ, մեխանիկական կրկնություն չէ: Փաստաբանական դպրոցում, ըստ նրա, ունկնդիրները ստանում են գործնական գիտելիքներ, սովորում են ճիշտ կառուցել փաստաբանական մարտավարությունը՝ դատարանում, վստահորդի հետ շփման ընթացքում, ճիշտ ղեկավարել սեփական փաստաբանական գրասենյակը, պահպանել փաստաբանի վարքագծի կանոնները:

Հեղինակ:  

«Փաստինֆո»

Աղբյուր՝ http://www.pastinfo.am 



Բեռնել

Վերադառնալ