Զանցավոր համագործակցություն
28.11.2012 09:52
«Առավոտի» 19.10.2012թ. համարում Հանրապետության նախագահին ուղղված բաց նամակ էր հրապարակվել, որը վերաբերում էր Թիվ ԵԷԴ/0155/02/09 քաղ. գործով դատավոր Վ. Ասլանյանի 16.02.2012թ.-ին կայացրած վճռին ու Վճռաբեկ դատարանի 08.08.2012թ. որոշմանը: Նշված դատական ակտերի արդյունքում մի քանի տարի առաջ Հայաստան ներգաղթած անչափահասներ, միակողմանի ծնողազուրկ Խորեն եւ Գեւորգ Խաչերյանները իրենց հորեղբոր ու հորաքրոջ բավարարված հայցի հիման վրա 21.11.2012թ-ին վտարվել են իրենց հանգուցյալ հոր տնից
Երեխաներին վտարելու մասին դատավոր Վ. Ասլանյանը վճռի մի քանի տարբերակ էր կայացրել, անչափահաս երեխաների օրինական ներկայացուցչին տալով մի տարբերակը, իսկ գործի մեջ պահելով դրանից էականորեն տարբերվող մեկ այլ տարբերակ: Բնականաբար, անչափահասների ներկայացուցիչը բողոքարկել է իր մոտ եղած վճիռը, չիմանալով, որ գործի մեջ առկա է այլ բովանդակությամբ տարբերակ, իսկ վերաքննիչ դատարանը ստուգել է գործի մեջ եղած վճռի օրինականությունը: Այդ հանգամանքը պարզվեց վերաքննիչ դատարանի որոշումից հետո, որտեղ առաջին ատյանի դատարանի վճռից այնպիսի մեջբերումներ են կատարվել, որպիսիք երեխաներին տրված վճռում նշված չեն: Վճիռների տարբերությունը կազմում է ավելի քան 2 էջ:
Նշված զեղծարարությունը հայտնաբերելուց հետո վճռաբեկ բողոքում բարձրացվեց այդ հարցը, սակայն վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը պարտակեց դա` բողոքը վերադարձնելով և որևէ բառ չհիշատակելով այդ հիմքի մասին, ավելին, փաստացի օրինականացրեց նման գործելաոճը:
Այդ ամենն, ի դեպ, արվել է դատարանների նկատմամբ հանրության վստահությունը բարձրացնելու և կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում:
Մինչև նշված վճիռի հիման վրա երեխաներին իրենց հայրական տնից վտարելը, նրանց մայրը մի քանի անգամ ԴԱՀԿ ծառայությանը դիմում է գրել, որպեսզի վտարելու դեպքում իրենց ապահովեն կացարանով, քանի որ նրանք որևէ այլ կացարան չունեն և մնալու են անօթևան: Հարկադիր կատարողները, սակայն, երեխաներին վտարեցին առանց կացարանով ապահովելու:
Երեխաներն այժմ դրսում են, նրանց հայրական տան դուռը փակ է, իսկ լույսերն` անջատված:
Կարեն Մեժլումյան
Փաստաբան
Բեռնել
Վերադառնալ