ՀՀ Փաստաբանների Պալատ

Վճռաբեկ-ՍԴ «հակամարտություն» է հասունանում. Առայժմ տուժում են քաղաքացիները

21.11.2012 10:55

Վճռաբեկ-ՍԴ «հակամարտություն» է հասունանում. Առայժմ տուժում են քաղաքացիները

 

Դատական իշխանության բարձրագույն մարմինը չի կատարում ՍԴ-ի որոշումները: Որևէ քաղաքացիական գործով չկա դեպք, որ նորմը հակասահմանադրական ճանաչված լինի ու դատական ակտը բեկանվի: Ձևական վարույթ են հարուցում, լինում են դեպքեր, որ ընդհանրապես վարույթ չեն էլ հարուցում ու դատական ակտը թողնում են նույնը: «Pastinfo.am»-ի թղթակցի հետ զրույցում նշեց փաստաբան Կարեն Մեժլումյանը:

2006 թ.-ից ի վեր, երբ սահմանադրական բարեփոխումների արդյունքում ՀՀ քաղաքացիները հնարավորություն ստացան Սահմանադրական դատարանում վիճարկելու իրենց նկատմամբ դատարանների կողմից կիրառված դրույթների սահմանադրականությունը, ՍԴ-ն այս առումով բազմաթիվ դիմումներ է ստանում: Սահմանադրական դատարանը անձանց նկատմամբ կիրառված բազում դրույթներ ճանաչել է Սահմանադրությանը հակասող և անվավեր:

Իրավական ակտերի դրույթների սահմանադրականության հարցերով ՀՀ սահմանադրական դատարանի 2011 թ. ընդունված որոշումների վերաբերյալ ՍԴ տարեկան հաղորդման համաձայն` Սահմանադրական դատարանի կողմից անհատական դիմումների հիման վրա քննության առնված 41 գործերով շուրջ 19 տոկոսի դեպքում օրենքների դրույթները ճանաչվել են Սահմանադրությանը հակասող և անվավեր:

«Այդ որոշումները մեծ նշանակություն ունեն օբյեկտիվ իրավունքների պաշտպանության և օրենսդրական անհրաժեշտ բարեփոխումների առումով»,- նշվում է ՍԴ տարեկան հաղորդման մեջ:

Բայց փաստերը ցույց են տալիս, որ ՍԴ որոշումները իրավունքների պաշտպանության առումով անարդյունավետ են լինում: «Մենք մի քանի անգամ դիմել ենք Վճռաբեկ դատարան, որպեսզի բեկանվեն այն դատական ակտերը, որոնք ընկած են եղել ՍԴ գործի հիմքում, սակայն Վճռաբեկ դատարանը դրանք չի վերանայել»,- նշեց փաստաբանը:

Ասվածը փաստաբանը հստակեցրեց Սիլվա Ասատրյանի քրեական գործի օրինակով:

«Անձը չորս անգամ դիմել է Սահմանադրական դատարան, չորս անգամ էլ ՍԴ-ն նրա նկատմամբ կիրառված նորմերը հակասահմանադրական է ճանաչել: Անգամ այդ հիմքով Քաղաքացիական դատավարության օրենսգրքի մի ամբողջ գլուխ է հակասահմանադրական ճանաչվել: Սակայն երբ ՍԴ-ի որոշման հիման վրա բերում է Վճռաբեկ բողոք՝ նոր հանգամանքի հիմքով, Վճռաբեկ դատարանն այդ բողոքը կա՛մ մերժում է, կա՛մ վերադարձնում»:

Թեև օրենքը ՍԴ-ի մասին հստակ նշում է, որ ՍԴ-ի որոշումը, որով Սահմանադրությանը հակասող է ճանաչվել կիրառված նորմը, դատական ակտի վերանայման հիմք է՝ նոր հանգամանքի հիմքով, բայց Վճռաբեկ դատարանը վարույթ չի ընդունում բերված բողոքները:

Կրկին դիմեցինք Սահմանադրական դատարան, նշեցինք, որ ստացվում է՝ ՍԴ-ի որոշումից հետո կարող է վարույթ չընդունվել: ՍԴ-ն նշել է՝ իրավական պետությունում չի կարող նման բան տեղի ունենալ: Չի կարող Սահմանադրությանը հակասող նորմը շարունակել գործել:

«ՍԴ-ն մեր բողոքները վերադարձրեց, ու վարույթ չընդունեց, մերժեց: Նաև պատասխանեց, որ բարձրացրած հարցին արդեն երկու անգամ տարբեր որոշումներով անդրադարձել է:

Մինչդեռ դատական պրակտիկան այլ ուղղությամբ է ընթանում»,- նշեց փաստաբանը:

Որն է պատճառը, որ ՍԴ որոշումները մնում են անկատար: «Pastinfo.am»-ի թղթակցի հարցին ի պատասխան Կ. Մեժլումյանը պատասխանեց. «Դատարաններն ուզում են այդկերպ ասել’ տեսեք, մեր դատական ակտերն անշրջելի են, կլինի Եվրոպական դատարանի որոշում, թե Սահմանադրական դատարանի` կապ չունի, մեր դատական ակտերը, մեր մոտեցումները անշրջելի են»:

Հեղինակ:  

«Փաստինֆո»

Աղբյուրը՝  http://www.pastinfo.am/node/3814



Բեռնել

Վերադառնալ