ՀՀ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏԻ ՆԱԽԱԳԱՀ ՍԻՄՈՆ ԲԱԲԱՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ԱՄԱՆՈՐԻ ԵՎ ՍՈՒՐԲ ԾՆՆԴՅԱՆ ՏՈՆԵՐԻ ԱՌԹԻՎ
30.12.2024 18:17Հարգելի՛ գործընկերներ,
Շնորհավորում եմ Ամանորի և Սուրբ ծննդյան տոների առթիվ:
Փաստաբանական ինստիտուտի համար անցնող տարին լի էր դժվարություններով և մարտահրավերներով, բայց նաև նոր նախաձեռնություններով ու գաղափարներով, որոնք կյանքի կոչվեցին և շարունակվելու են նաև գալիք տարում:
Չնայած մեր համառ ջանքերին, մեր քաղաքացիների և փաստաբանական համայնքի համար լրջագույն խնդիր դարձավ հարկային նոր քաղաքականությունը, որով սահմանափակվեց փաստաբաններին դիմող քաղաքացիներին անվճար իրավաբանական օգնություն տրամադրելու հնարավորությունը և ավելացավ մեր մասնագիտական գործունեության համար սահմանված հարկային բեռը, ինչի պատճառով անխուսափելի կլինի փաստաբանական ծառայությունների գնաճը: Այս իրողությունը մեծ հարված է առաջին հերթին քաղաքացիներին, որոնց իրավունքների պաշտպանության առաքելության կրողն ենք մենք՝ փաստաբաններս:
Փաստաբանական համայնքի համար ոչ միայն դժվար, այլև անհնար է համակերպվելը նման մոտեցման հետ: Քաղաքացիների իրավաբանական օգնություն ստանալու Սահմանադրական իրավունքը առաջնային է մեր համայնքի համար և այն շարունակելու է մնալ օրակարգային հարց ամեն օր և ամենուր թե՛ ներպետական, թե՛ միջազգային հարթակներում: Հետևաբար, մեր անելիքները դեռ ավարտված չեն:
Փաստաբանական համայնքը մշտապես եղել և մնում է ամուր իրավական ընտանիք՝ որակյալ, բանիմաց, պրոֆեսիոնալ իրավաբաններով, որոնք տարիներ ի վեր նպաստում են Հայաստանի Հանրապետությունում իրավունքի զարգացմանը: Ուստի, լիահույս եմ, որ գալիք տարում, մենք մեր միասնականության շնորհիվ կկարողանանք պատվով դիմակայել մարտահրավերներին՝ հանուն Հայաստանի Հանրապետության և փաստաբանական ինստիտուտի զարգացման, ի շահ մեզ դիմող քաղաքացիների իրավունքների պաշտպանության:
Թո՛ղ 2024 թվականը լինի միայն ձեռքբերումների, հաղթանակների ու նվաճումների տարի: Մաղթում եմ խաղաղություն, սեր և բարօրություն ձեր ընտանիքներին:
Հարգանքով`
Սիմոն Բաբայան
ՀՀ փաստաբանների պալատի նախագահ
Բեռնել
Վերադառնալ