ՀՀ Փաստաբանների Պալատ

Քրեական դատավարության նոր օրենսգիրքը կլուծի իրավակիրառ պրակտիկայում առկա խնդիրները

12.11.2012 08:05

 

“ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագիծը առաջարկում է ոչ միայն նոր իրավական լուծումներ, նոր ինստիտուտներ, այլ փորձում է նորովի լուծել այն խնդիրները, որ այսօր ունենք իրավակիրառ պրակտիկայում”,- ՀՀ արդարադատության նախարարությունում նոյեմբերի 1-ին տեղի ունեցած ասուլիսի ժամանակ նման կարծիք հայտնեց Նախագիծը մշակող աշխատանքային խմբի ղեկավար Հրայր Ղուկասյանը: Նրա խոսքով՝ դեռեւս երկու տարի առաջ կային ե՛ւ իրավական, ե՛ւ սոցիալական, ե՛ւ տնտեսական ու քաղաքական  օբյեկտիվ նախադրյալներ, որ պետք է ունենալ քրեական արդարադատության ոլորտը կարգավորող համապարփակ նոր օրենսդրական ակտ:

”Նախագիծը նոր է իր գաղափարախոսությամբ: Դրա հիմքում դրված գլխավոր նպատակներն են՝ քրեական գործերի քննության եւ լուծման ընթացքում հանրային եւ մասնավոր շահերի հավասարակշռված պաշտպանության ապահովումը, քրեական արդարադատության ոլորտում դատական իշխանության և դատարանի դերի ու նշանակության բարձրացումը: Այսինքն, փորձ է արվում ստեղծել դատարանակենտրոն քրեադատավարական համակարգ, ամրապնդվելու է քրեադատավարական ոլորտ ներգրավված անձի իրավունքների եւ ազատությունների պաշտպանությունը: Եվ գլխավոր խնդիրը, որ դրված է նախագծի առջեւ, քրեական գործի քննությունը վարող պաշտոնատար անձանց՝ քննիչ-դատախազ-դատարան, կարգավիճակին վերաբերող հարցերի կարգավորումն է՝ նրանց լիազորությունների տարանջատման եւ դրանց սահմանազատման միջոցով”,- ասաց Ղուկասյանը: Նրա խոսքով՝ արդյունքում կհստակեցվի գործի քննությունը վարող պաշտոնատար անձանց պատասխանատվության շրջանակը եւ կապահովվի նրանց հաշվետվողականությունը հանրության առջեւ:

Հրայր Ղուկասյանի տեղեկացմամբ, երկու օր առաջ աշխատանքային խումբը ՀՀ նախագահի աշխատակազմից ստացել է քրեական գործերով իրականացվող նախաքննության վիճակին վերաբերող վերլուծություն, որը, նրա գնահատմամբ, բավականին ուշագրավ տեղեկատվություն է պարունակում այս գործընթացում առաջացող գործնական խնդիրների վերաբերյալ:

“Վերլուծությունը հիմնված է պրակտիկ տվյալների ամփոփման վրա, բացահայտում է նախաքննությանը բնորոշ ընդհանուր կամ տիպիկ պրոբլեմները եւ ունի հակակոռուպցիոն բնույթ”,- նշեց աշխատանքային խմբի ղեկավարը:

Մասնավորապես, դրանում ներկայացված են քննիչների, քննչական բաժինների պետերի և հսկող դատախազների կողմից իրենց լիազորությունների իրականացման, քննչական գործողությունների կատարման, գործում առկա ապացույցների ստուգման և առանցքային որոշումների կայացման հետ կապված մի շարք հարցեր:

“Փաստաթուղթը մեզ հնարավորություն է տալիս շատ հարցերի նայել նորովի,  անհրաժեշտություն կա հետազոտել այդ նյութը ու համադրել նախագծով առաջարկված լուծումների հետ: Կարծում եմ՝ համադրման արդյունքում կառաջանան  առաջարկված լուծումների վերանայման եւ վերաիմաստավորման հարցեր: Բացի այդ, հնարավոր է՝ ներկայացված հարցերի համալիր վերանայման պարագայում անհրաժեշտություն լինի անդրադառնալ նախաքննության ամբողջականությունն ապահովող այնպիսի ինստիտուտների, ինչպիսին են նախաքննական և օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների փոխհարաբերակցությունը, փորձաքննությունների կատարումը և այլն”,- ընդգծեց Հրայր Ղուկասյանը:

Աշխատանքային խմբի ղեկավարի խոսքով՝ փաստաթղթի բովանդակությունից հետևում է նաև, որ քննչական պրակտիկայում օրենսդրությամբ նախատեսված անհրաժեշտ զսպիչների և հակակշիռների մեխանիզմները կամ չեն գործում կամ դրանք կրում են խիստ ձևական բնույթ: ”Իր հերթին դա բացասաբար է ազդում կատարվող նախաքննության համակողմանիության և անաչառության վրա”,- նշեց Ղուկասյանը:

Հիշեցնենք, որ 2012 թվականի հոկտեմբերին ՀՀ արդարադատության նախարարությունը ՀՀ ազգային ժողով է ներկայացրել ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագիծը:

 

Աղբյուրը՝ http://moj.am



Բեռնել

Վերադառնալ