Դատավոր Արսեն Մկրտչյանը փորձում է հիմարեցնել քաղաքացիներին
08.11.2012 08:20
2012 թվականի հոկտեմբերի 26-ին Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Արսեն Մկրտչյանի նախագահությամբ կայացվել է իր նախադեպը չունեցող ակնհայտ անհիմն դատական ակտ, որը «Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպությունը հարկ է համարում ներկայացնել հանրության ուշադրությանը:Կայացված դատական ակտի էությունը հասկանալու նպատակով հարկ ենք համարում ներկայացնել քննված քաղաքացիական գործով էական փաստերը:
Այսպես, դեռևս 2010 թվականին Լյովա Նավասարդյանը հայց էր ներկայացրել ընդդեմ իր դստրեր Նաիրա և Վարդուհի Նավասարդյանների: Վեճի առարկա է հանդիսացել թվով երեք անշարժ գույք, որոնց վերաբերյալ Լյովա Նավասարդյանի կնոջ մահից հետո տրվել էր ժառանգության իրավունքի վկայականներ` Լյովա Նավասարդյանին և նրա դստրերին: Հայցով Լյովա Նավասարդյանը պնդել է, որ թեև ժամանակագրական առումով հիշյալ երեք անշարժ գույքերը ձեռք են բերվել իր հանգուցյալ կնոջ հետ համատեղ կյանքի ընթացքում, այնուամենայնիվ դրանք չեն կարող դիտվել համատեղ սեփականություն, հետևաբար և` ժառանգվել իր դստրերի կողմից:
Գույքերից առաջինը Լյովա Նավասարդյանի պնդմամբ ձեռք է բերվել իր անձնական միջոցներով, մնացյալ երկուսը` իր եղբոր անգործունակ զավակների միջոցներով` վերջիններիս համար, չնայած որ սեփականության իրավունքը գրանցված է հենց իր անունով:
Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը, ի դեմս դատավոր Դավիթ Բալայանի, ով իրականացրեց սույն գործով առաջին քննությունը, արդարացիորեն մերժեց Լյովա Նավասարդյանի հայցը` նկատի ունենալով այն հանգամանքը, որ Լյովա Նավասարդյանի պնդումները չեն հիմնավորվում որևէ ապացույցով: Լյովա Նավասարդյանը բողոքարկեց այդ վճիռը: Վերաքննիչ քաղաքացիական դատարանը գտավ, որ գործի քննությանը պետք է ներգրավվել խնամակալության և հոգաբարձության մարմնին, որպեսզի բազմակողմանի քննության միջոցով պարզվի, թե ում միջոցներով են ձեռք բերվել հիշյալ երեք անշարժ գույքերը և արդյունքում գործն ուղարկեց նոր ու բազմակողմանի քննության:
Վերաքննիչ դատարանի այդ որոշումը Նաիրա և Վարդուհի Նավասարդյանների կողմից բողոքարկվեց ՀՀ Վճռաբեկ դատարան այն հիմքով, որ ըստ էության որևէ ապացույցով չի հիմնավորվում տվյալ քաղաքացիական գործին անգործունակների շահերի առնչությունը, ուստի և գործի նոր քննությունը կխախտի ողջամիտ ժամկետներում գործի քննության իրենց իրավունքը:
ՀՀ վճռաբեկ դատարանը, հետ վերադարձրեց վճռաբեկ բողոքը, ինչի արդյունքում վերաքննիչ դատարանի որոշման հիման վրա գործն ուղարկվեց Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` նոր և բազմակողմանի քննության: Դատավոր Արթուր Սմբատյանի նախագահությամբ արդեն վճիռ է կայացվում հօգուտ Լյովա Նավասարդյանի` արձանագրելով, որ թեև հիշյալ երեք անշարժ գույքերը ժամանակագրական առումով ձեռք են բերվել իր հանգուցյալ կնոջ հետ համատեղ կյանքի ընթացքում, այսուամենայնիվ դրանք չեն դիտվում ամուսինների համատեղ սեփականությունը, հետևաբար և`չեն կարող ժառանգվել նրա դստրերի կողմից` վճռում չնշելով գեթ մի իրավական հիմնավորում:
Այսպիսով, Սմբատյանի կողմից կայացվեց մի վճիռ, որով խախտվեց ամուսինների համատեղ կյանքի ընթացքում ձեռք բերվածը ամուսինների համատեղ գույք համարելու ՀՀ քաղ. Օր 201-րդ հոդվածի պահանջը, այդ կերպ անտեսվելով նաև ՀՀ վճռաբեկ դատարանի ԲԱԶՄԱԹԻՎ նախադեպեր:
Գործի աննախադեպ զարգացումները հիմք հանդիսացան, որպեսզի «Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպությունը սույն քաղաքացիական գործով իրականացնի դիտորդական առաքելություն:
Գործի զարգացումը հատկապես ուշագրավ էր Վերաքննիչ քաղաքացիական դատարանում: Այսպես, Նաիրա և Վարդուհի Նավասարդյանների կողմից վերաքննիչ բողոք ներկայացվեց ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարան: Բողոքի քննությունը հանձնվեց ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Արսեն Մկրտչյանին և քանի որ դժվար էր Սմբատյանի կողմից կայացված անհեթեթ վճռի օգտին հիմնավորումներ բերելը և վերաքննիչ բողոքը անհիմն համարելը, դատավոր Մկրտչյանը փորձեց ուղղակիորեն հիմարեցնել բողոքաբերներին:
Այսպես, Մկրտչյանը ուղղակի չանդրադարձավ բողոքով ներկայացված և ոչ մի փաստարկի պատճառաբանելով, որ նախկինում Վերաքննիչ դատարանը գործը բեկանելով սահմանել է գործի քննության նեղ ծավալ: Եվ քանի որ այդ որոշման դեմ Նաիրա և Վարդուհի Նավասարդյանների վճռաբեկ բողոքը վերադարձվել է, ուստի դատական ակտը հիմնական մասով ստացել է օրինական ուժ: Եվ քանի որ ներկայիս վերաքննիչ բողոքով բարձրաձայնված բոլոր փաստարկները համարվում են օրինական ուժ ստացած դատական ակտով հաստատված, ուստի ըստ Մկրտչյանի վերաքննիչ դատարանը դրանց անդրադառնալ չի կարող:
Մինչդեռ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը նախկինում գործը բեկանելով ուղղակիորեն նշել էր` նման իրադրությունում Վերաքննիչ դատարանը, իրացնելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 221-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով ամրագրված իր լիազորությունը, գտնում է, որ գործի նոր քննության արդյունքում պետք է կատարվի սույն քաղաքացիական գործի բազմակողմանի քննություն, այդ թվում` պարզվի, թե վեճի առարկա գույքերն ինչ միջոցներով են ձեռք բերվել: Այլ կերպ ասած` գործը նախկինում բեկանվել էր նոր և բազմակողմանի քննություն իրականացվելու նպատակով` առանց քննության ծավալի սահմանափակման:
Այն ջանքերը, որոնք Դատավոր Արսեն Մկրտչյանը գործադրել էր տասնչորս էջից բաղկացած որոշմամբ բողոքը մերժելու հարցում քիչ հավանական է դարձնում այն վարկածը, որ վերջինիս աչքից պարզապես վրիպել է մի որոշմամբ ամրագրված «նոր և բազմակողմանի քննություն իրականացնելու անհրաժեշտություն» նախադասությունը, որին յուրաքանչյուր պարբերության մեջ հղում էր կատարել Մկրտչյանը:
Փաստորեն Արսեն Մկրտչյանի կողմից կայացված ակնհայտ անհեթեթ որոշմամբ խախտվել է Նաիրա և Վարդուհի Նավասարդյանների` Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով ամրագրված արդար դատաքննության իրավունքը, քանի որ դատավորի կողմից գործադրվել են բոլոր հնարավոր ջանքերը քաղաքացիներին մոլորեցնելու և բողոքով բարձրաձայնված հիմքերը քննարկման առարկա չդարձնելու ուղղությամբ:
«Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպությունը, որպես իրավապաշտպան և իրավական կամայականությունների դեմ պայքար մղող կազմակերպություն, ցանկանում է պետկան մարմինների ուշադրությունը հրավիրել թիվ ԵԱԴԴ/1229/02/10 քաղաքացիական գործով Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ա. Սմբատյանի և ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Ա. Մկրտչյանի կողմից կայացված դատական ակտերին և դրանցում առկա ակնհայտ կոպիտ խախտումների վրա:
Կազմակերպությունը հետևողական է լինելու ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից հիշյալ դատական ակտի դեմ բերված բողոքը վարույթ ընդունելու, ինչպես նաև դատավորներին կարգապահական տույժի ենթարկելու մասին ՀՀ ԱԽ կարգապահական հանձնաժողովին ներկայացված դիմումի քննարկման ընթացքը բարձրաձայնելու հարցում:
«Ընդդեմ իրավական կամայականության»
Հասարակական կազմակերպություն
Բեռնել
Վերադառնալ