Դատավորները լավ չեն տիրապետում ոչ միայն օրենքներին, այլ նաև մաթեմատիկային
15.10.2012 00:00ՀՀ ԱՆ “Նուբարաշեն” ՔԿՀ-ի դատապարտյալ Հ.Կարապետյանը ազատազրկման ձևով պատիժը պետք է կրի նախատեսվածից 2 տարի 5 ամիս ավել, քանի որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր`Մ.Պետրոսյանը սխալ է գումարել մի քանի դատավճիռներով նշանակված ազատազրկման տարիները, իսկ ՀՀ վճռաբեկ դատարանն էլ անտեսելով այդ փաստը, վերադարձրել է այդ հիմքով բերված վճռաբեկ բողոքը:
Հակոբ Կարապետյանը 17.12.2008 թ-ին ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի կայացրած դատավճռով, դատապարտվել էր ազատազրկման 5 /հինգ/ տարի ժամանակով, ազատազրկման ձևով պատիժը կրել է ՀՀ ԱՆ “Նուբարաշեն” քրեակատարողական հիմնարկում, որտեղ 2010 թվականին` պատիժը կրելու ընթացքում, ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածով ևս երեք անգամ դատապարտվել է ազատազրկման, իր օգտագործման համար ցանականալով է ձեռք բերել թմրանյութ, իր խցակիցների մոտ այցելուների միջոցով խնդրել է իրեն ուղարկված հանձնուքները փոխանցել, որում հետագայում հայտնաբերվել են թմրանյութերը: Այդ դատավճիռներով նշանակված ազատազրկման տարիներին գումարվել է 17.12.2008 թ-ին Լոռու մարզի առաջին ատյանի դատարանի դատավճռով նշանակված պատժից 4 /չորս/ տարի 6 /վեց/ ամիսը և նշանակվել ազատազրկում` 7 /յոթ/ տարի 2 /երկու/ ամիս:
Հետագայում ՀՀ ԱԺ կողմից 23.05.2011 թ. ընդունված “ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին” ՀՀ օրենքին համապատասխան վերաորակելով Հ.Կարապետյանի արարքը` ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը 20.07.2011 թ-ի դրությամբ նշանակված պատիժը համարվել է կրած և վերջինիս անհապաղ ազատել է պատժի կրումից:
Սակայն Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը և ՀՀ վճռաբեկ դատարանը կամ միտումնավոր կամ անփութության հետևանքով դատավճիռները վերանայելուց անտեսել են այն, որ Հ.Կարապետյանի ազատազրկման տարիներից անհրաժեշտ է հանել ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավճռով նշանակված ազատազրկման տարիները, որի արդյունքում երկու տարի հինգ ամիս ավել են հաշվարկել և Հ.Կարապետյանին վերջնական պատիժ են նշանակել ազատազրկում 7 տարի 2 ամիս ` 4 տարի 9 ամսվա փոխարեն:
Փաստաբան
Գայանե Ալեքսանդրի Խաչատրյան
Բեռնել
Վերադառնալ