ՀՀ Փաստաբանների Պալատ

ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏԻ ՆԱԽԱԳԱՀ ՍԻՄՈՆ ԲԱԲԱՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻՆ

04.09.2024 20:25

ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏԻ ՆԱԽԱԳԱՀ ՍԻՄՈՆ ԲԱԲԱՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻՆ

Այսօր՝ 2024թ․ սեպտեմբերի 4-ին, ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանը հանդիպել է Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանին:

Հանդիպմանը ներկա են եղել Պալատի նախագահի առաջին տեղակալ Հարութ Ակլունցը, ներկայացուցիչներ Փաստաբանների պալատից և Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից:

Հանդիպման ընթացքում կարևորվել է երկու կառույցների միջև կնքված համագործակցության հուշագրի նշանակությունը և երկարամյա սերտ համագործակցության պատմությունը:

Քննարկվել են Արցախից բռնի տեղահանված փաստաբանների և քաղաքացիների իրավական խնդիրների լուծմանն աջակցելու, խոշտանգումների և այլ վատ վերաբերմունքի դրսևորումները կանխարգելելուն ուղղված գործողությունների համակարգման, փաստաբանների մասնագիտական գործունեությանը խոչընդոտումների դեմ գործակցելու, ինչպես նաև իրավաբանական օգնության նկատմամբ կիրառվող հարկային բեռի ավելացմանն առնչվող և ոլորտային մի շարք այլ կարևոր հարցեր:

 Փաստաբանական ոլորտին առնչվող հարկային բեռի ավելացման համատեքստում, ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանն ընդգծել է խնդրի սահմանադրականությունը ստուգելու անհրաժեշտությունը և դրա կարևորությունը փաստաբանական համայնքի համար:

Իր եզրափակիչ խոսքում ՀՀ փաստաբանների պալատի նախագահը շնորհակալություն է հայտնել Մարդու իրավունքների պաշտպանին՝ հյուրընկալության, երկու կառույցների երկարամյա համագործակցությունն ամրապնդելու և շարունակականությունն ապահովելու պատրաստակամության համար:

Հանդիպման ավարտին երկուստեք պայմանավորվածություն է ձեռք բերվել համատեղ ջանքերով նպաստել առկա խնդիրների լուծմանը:


01
01
01
01
01
01



Բեռնել

Վերադառնալ